Արշակ Զաքարյան. «Սիգար մը քաշեք, ու մի թելադրեք մեզ ոնց մեր տանը ապրենք…»

Nov 17, 2017 Comments Off on Արշակ Զաքարյան. «Սիգար մը քաշեք, ու մի թելադրեք մեզ ոնց մեր տանը ապրենք…»

Ռեժիսոր Արշակ Զաքարյանի գրառումը Facebook-ի իր էջում:

Ես երբեք տարբերություն չեմ դրել սփյուռքահայերի և Հայաստանում բնակվող հայերի միջև` Հայրենիքը սիրելու, լավ կամ վատ հայ լինելու և այլ առումներով, բայց…

Արդեն սկսում են համը հանել այն սփյուռքահայերը, որ կարծում են, թե Հայաստանում ապրողներին պետք է ցուցում տան, թե ինչպես մենք էստեղ ապրենք, ինչ օրենք ընդունենք, ինչը չընդունենք, ում խփենք, ում կախենք և ում ոտքերը լվանք ջուրը խմենք` ինչ է թե ինքը մեզ մենձ պադիվ ըրաձ է հոս եգաձ Գառնի Գեղարդ գացաձ է ու հոն չուջուխներուն փարա դվաձ է անուշմը առնելուն համար…

Չգիտես ինչի, նմաններին թում է, թե մենք այստեղ բոլորս անգրագետ, բռի, անինքնասեր ու վախկոտ են, իրենք էլ մեզ վերևից են նայում, իբր մենք կոլբայի մեջ պահվող փորձարկման ենթարկվող տեսակ ենք: Հայաստանն էլ փորձարկման դաշտ է, որ տարբեր տեսակի հեղափոխություններ ու ընդվզումներ էստեղ փորձարկեն` իմիջայլոց ամեն մեկը իր ապրած երկրի օրինակներով…

Դրանցից հետ չեն մնում վերջերս երկրից փախածները, ովքեր առաջինների նման Հայրենիքը արդեն կոչում են «էդ երկիրը» կամ որոշ ոչխարներ նաև համարձակվում են մի ողջ ազգի ստրուկ կամ ծախված, անողնաշար կամ անինքնասեր կոչել, երկիրն էլ ինչ ասես կոչում են բացի Հայրենիքից:

Այդ ամենը միայն նրա համար, որ չնայած բոլոր դժվարություններին, անարդարության դրսևորումներին և պատերազմական իրավիճակին, մենք շարունակում ենք ապրել մեր երկրում, մեր հողի վրա, մեր երեխաները զենքները ձեռքին պաշտպանում են մեր Հայրենիքը, մենք էլ մեր հնարավորությունների չափով աշխատում ենք շտկել իրավիճակը չնայած մեկը մյուսին փոխարինող անարժան իշխանությունների:

Նույնը վերաբերվում է սփյուռքից Հայաստան եկած այս կամ այն պատերազմին մասնակցածներին, որ անպայման պահանջում են հերոսացնել հենց միայն նրա համար որ սփյուռքից է եկել… Ամենայն հարգանքով վերաբերվելով մեր եղբայրներին ովքեր պետք եղած պահին եկել են Հայրենիքի համար կռվելու ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում Հայաստանի ցանկացած գյուղից կամ քաղաքից պատերազմ մեկնածի և նրանց միջև ոչ ավել ոչ պակաս, ու հետո էլ աչքներս պետք չի կոխել թե սա կամ նա եկավ էս արեց էն արեց, թե չէ էնքան աչք կոխելու թվեր ունենք այստեղ որ կպլշեք:

Իրաքում, Աֆղանստանում և արաբական տարբեր երկրներում Հեզբոլահի կամ մեկ այլ կուսակցության շարժման և այլնի համար զոհված հայերի թիվը մի քանի անգամ, եթե ոչ հազարապատիկ գերազանցում է սփյուռքից Հայրենիք կռվելու եկածների թվին, զոհվածների մասին չեմ էլ խոսում:

Կամ երկու կոպեկ են ուղարկում էս կամ էն խեղճ ընտանիքին, որ հետո հատուկ նշեն, թե իրավունք ունեն վրաներս մատ թափ տալու, քանի որ «իրենց հաշվին ենք ապրում»` ուրեմն լավ իմացեք՝ էդ ձեր ուղարկած գումարները մի ժամ անգամ երկիրը չեն պահի Հայաստանն էլ քարտեզի վրա մի րոպե անգամ չի մնա, եթե նույնիսկ միլիարդներ ուղարկեք, բայց այստեղ հողի վրա կանգնած հայը չլինի հրացանն ուսին սահմանին կանգնած, գյուղացին չլինի՝ սովորական բահն ուսին իր դաշտում կանգնած, քաղաքացին չլինի՝ իր քաղաքում հովիվը սարերում կամ աշխակերտը մայրենի հողի վրա` թեկուզ ցուրտ, դպրոցում:

Էն սովորական գյուղացի տղային, որ սահմանին զոհվում է ու մի հատ ասում ենք «վախ ափսոս» և հաջորդ օրը անունը մոռանում, ես չեմ փոխի հազար հատ ուրիշի բանակում ծառայող հայազգի գեներալների հետ:

Իմ հերոսը էդ անանուն տղենա, էն հազարավոր մարտիկներն են տարբեր քաղաքներից ու շրջաններից ում անունները էդպես էլ չենք իմանա ու ոչ մի տեղ էլ չի գրվի: Հերոս բառը սարքել են բերանի ծամոն, ում որ երկրից քշում են՝ գալիս է ստիպված Հայաստան հերոս է, իսկ էն մարդիկ, որ տարիներ շարունակ առանց ջրի, հոսանքի, գազի, ուտելիքի տառապեցին, բայց չհեռացան հիմա դարձան անգրագետ ստրուկներ ռեժիմի, իսկ էն որ փախավ հերոս…

Հազարավոր սփյուռքահայեր իրոք օգնում են երկրին սուս ու փուս առանց աղմուկի կամ պահանջների, գոնե ես դրանից տեղյակ եմ, բայց ազգի պարծանքին բառիս բուն իմաստով սպանած, անտերության մատնած մեկը գալիս ստեղ-էնտեղ կոկորդի զոռով ճղում է սպանեք, խփեք, վառեք, մի երկու ջահելի խելք ուտում հանում փողոց հետո գցում բերդերը ու որպես «հերոս դերասանուհի» էլի փախնում իրա արտսահմանյան որջը ու այնտեղից թելադրում մեզ` «ստրուկներիս» ինչպես ապրենք…

Ողջ կյանքը հողի հետ կռիվ տված, քարից հաց քամած գյուղացուն 5 արու զավակ ու զինվոր երկրին տված մարդուն մի քառակուսի բնակ մակերես երկիրը տված չկա, դրսից գալիս են`ուրիշի պատերազմից փախած, տուն են տալիս, հող են տալիս, ասում են ապրեք ձերդ գերազանցություն. մեկ էլ Կանադայից վիզա են տալիս տեսնում ես՝ փըստ՝ փախավ, ու այնտեղից սկսեց գրել, որ էս երգիրը երգիր չի…

Արա՛, դե փախա՜ր, այ գաղթական քոչվոր, մնում էր ոտքերդ լվայինք ու սուրճը առավոտ բերեինք անկողնուդ մեջ, որ մնայիր երկրումդ մի քիչ չարչարվեիր թեկուզ և…

Մի խոսքով, եթե դրսի 10 միլիոնից ձեր ասած տաս մարդ է եկել երկիր պատերազմին մասնակցելու, ապա ներսի մեկ ու կես միլիոնից տասնյակ հազարավոր. նենց որ աչքներս մի կոխեք, եթե արտասահմանյան բանակներում հազարավոր հայորդինր են ծառայում, ապա մեզ մի թելադրեք դրսից ում տանենք բանակ ում ոչ, ես ծառայում եմ, որ իմ որդին անվտանգ ապրի, իմ որդին կծառայի, որ իմ թոռը անվտանգ ապրի ու էդպես շարունակ, նենց որ ղայֆե մը խմեք, սիգար մը քաշեք ու մի թելադրեք մեզ ոնց մեր տանը ապրենք…

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: