Ո՞վ կշրջի Բրյուսելի գագաթնաժողովի սեղանը՝ Սարգսյա՞նը, թե՞ Ալիևը

Nov 22, 2017 Comments Off on Ո՞վ կշրջի Բրյուսելի գագաթնաժողովի սեղանը՝ Սարգսյա՞նը, թե՞ Ալիևը

Հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը կրկին հայտնվել է փակուղում՝ ղարաբաղյան խնդրի պատճառով: Մինչ այս պահը պաշտոնական Երևանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել հակամարտությանը վերաբերող ձևակերպումների շուրջ, այն դեպքում, երբ փաստաթղթի մնացյալ տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է, Բրյուսելից հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը:

«Եվրամիության անդամ բոլոր 28 երկրների դեսպանները համաձայնության են եկել հռչակագրի շուրջ՝ բացի մեկ պարբերությունից, որը վերաբերում է տարածաշրջանային հակամարտություններին: Եվրամիության անդամ երկրները բաց են թողել այս մասը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանն ուզում են տեքստում Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձևակերպումներ մտցնել, որոնք ակնհայտորեն հակասում են միմյանց: Ըստ էության, հռչակագիրը պատրաստ է, և միայն Հայաստանն ու Ադրբեջանն են դեռ պայքարում Ղարաբաղին վերաբերող ձևակերպումների շուրջ»,- ասում է Յոզվյակը:

Ըստ «Ազատության» թղթակցի՝ Բրյուսելում այժմ բավական մտահոգված են: Երկու տարի առաջ, կրկին ղարաբաղյան խնդրի շուրջ տարաձայնությունների պատճառով, հռչակագրի ընդունումը հայտնվել էր տապալման վտանգի տակ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, չկարողանալով առաջ տանել Բաքվի նախընտրած ձևակերպումները, հրաժարվել էր գագաթնաժողովին մասնակցելուց, արտգործնախարար Էլմար Մամեդյարովն էլ ժամեր շարունակ չէր ստորագրում հռչակագիրը և անգամ լքել էր նիստերի դահլիճը՝ Եվրամիության առաջնորդներին թողնելով անորոշության մեջ:

«Եվրամիությունը լուրջ մտավախություն ունի, քանի որ այստեղ լավ են հիշում 2015-ի գագաթնաժողովը, որտեղ այս հարցի շուրջ վեճը շարունակվեց հանդիպման սկզբից մինչև վերջ: Ալիևն անգամ հրահանգել էր չստորագրել վերջնական հռչակագիրը, ինչի արդյունքում փաստաթղթի ընդունումը մի քանի ժամ ուշացավ: Այս հարցը կարող է կրկին դրամայի վերածվել, Սարգսյանն ու Ալիևը միգուցե հրաժարվեն ստորագրել փաստաթուղթը՝ ղարաբաղյան խնդրի շուրջ ձևակերպումների կամ դրանց բացակայության պատճառով», – հաղորդում է «Ազատության» Բրյուսելի թղթակիցը:

Եվրոպացի դիվանագետները անանուն մնալու պայմանով «Ազատությանը» փոխանցել են՝ այս անգամ, իրադարձությունների նման սցենարից խուսափելու համար, Բրյուսելը որոշել էր անվանական չառանձնացնել առկա հակամարտություններն ու սահմանափակվել ընդհանուր ձևակերպմամբ: Կան տեղեկությունները, որ հռչակագրի նախնական տարբերակում, մասնավորապես, առանց այս կամ այն խնդիրը հասցեական նշելու, կոչ է արվում ակտիվացնել ջանքերը հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա: «Հակամարտությունների կարգավորումը, վստահության կառուցումը և բարիդրացիական հարաբերությունները առանցքային նշանակություն ունեն տնտեսական ու սոցիալական զարգացման համար», – ասված է փաստաթղթում:

«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը փոխանցեց, որ «այդ հարցի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, ուստի չի կարող մանրամասներ հաղորդել»:

Հիշեցնենք, որ 2015թ. Ռիգայում տեղի ունեցած ԱլԳ գագաթնաժողովից հետո, Հայաստանի արտգործնախարարը, սակայն, որոշ մանրամասներ էր փոխանցել՝ պնդելով՝ Բաքուն դեմ էր, որ Եվրամիությունը համատեղ հռչակագրում մատնանշի ղարաբաղյան խնդրի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի ղեկավարների հայտարարությունները, որտեղ ամրագրվում էր, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Ըստ ամենայնի՝ հայկական կողմը փորձում է Ռիգայի գագաթնաժողովի՝ հայկական կողմի համար նպաստավոր այդ ձևակերպումները կրկին մտցնել, ինչին հակազդում է պաշտոնական Բաքուն: Իհարկե, ԱլԳ գագաթնաժողովի հռչակագրերն իրավական որևէ ուժ չունեն, սակայն թե՛ Երևանը, թե՛ Բաքուն փորձելու են ավելին «պոկել»՝ ԼՂ հարցով ձևակերպումների առնչությամբ:

Իսկ Ալիևի ջղաձիգ վիճակը՝ լիովին հասկանալի է, նա փորձում երկու տարվա վաղեմության խայտառակությունից խուսափել՝ ամեն գնով, համաձայնագրում «տարածքային ամբողջականության» սկզբունքի գերակայության արձանագրմանը հասնել:

Մեկ շաբաթ մնաց հայ-ադրբեջանական «դիմակայությանը»՝ Բրյուսելյան գագաթնաժողովին ընդառաջ, որի ընթացքում Հայաստանի համար մեկ այլ կարևոր իրադարձության՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումն է ծրագրված:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: