Իշխանության խայտառակ խոստովանությունը

Nov 17, 2017 Comments Off on Իշխանության խայտառակ խոստովանությունը

Այսօր Հայաստանի ԱԺ-ում քննարկվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն ենթադրում է, 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ միաժամանակ Հայաստանից հեռացած երիտասարդներին հնարավորություն տալ վճարել համապատասխան գումար, ազատվել քրեական հետապնդումից եւ վերադառնալ Հայաստան:

Օրենքը երկարացվում է արդեն 9-րդ անգամ: Օրենքի ժամկետները երկարացնելուն զուգահեռ նախատեսվում է նաեւ բարձրացնել պետբյուջե վճարվող գումարի չափը: Նախկինում այն կազմում էր 1,8 մլն դրամ՝ յուրաքանչյուր զորակոչի համար 100 հազար դրամ, իսկ հիմա առաջարկվում է դարձնել 3,6 մլն դրամ՝ յուրաքանչյուր զորակոչի համար 200 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունն առաջարկում էր ամեն բաց թողնված զորակոչի համար գանձել 500 հազար դրամ, այսինքն 9 մլն, սակայն պատգամավորները Պաշտպանության հանձնաժողովի նիստում մերժեցին առաջարկը, ասելով, որ պետք է ռեալ հնարավորություն տալ, որպեսզի Հայաստանից սոցիալական պատճառներով ժամանակին հեռացած երիտասարդները գան հայրենիք: Այսօր ԱԺ-ում քննարկման ժամանակ նախագծի վերաբերյալ զանազան կարծիքներ հնչեցին: Կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ական պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը նկատեց, որ ոչ միայն սոցիալական

պատճառներով են մարդիկ հեռացել, այլ կոնկրետ այս օրենքը հնարավորություն է տվել դասալքության, ուստի ճիշտ է, որ գումարի շեմը բարձրացնել եւ կանխել այդ գործընթացը: Նա ասաց, որ ճանաչում է շատերին, որոնք սոցիալական խնդիրների պատճառով հայտնվել են Սփյուռքում, սակայն իրենց երեխաների 18 տարին լրանալուց հետո ուղարկել են այստեղ ծառայելու .<<Այնպես չի, որ միայն սոցիալական խնդիրն է եղել» շեշտեց նա: Իսկ Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հիշեցրեց Վազգեն Սարգսյանին ժամանակին գրած նամակը չծառայածների մասին՝ «Պատժել կարող են բոլորը, իսկ ներել՝ միայն արքաները» :Արտակ Զեյնալյանն իր ելույթում ասաց, որ տարօրինակ է, երբ պարտքը հայրենիքի նկատմամբ նայում են միայն բանակում ծառայելով, բայց երիտասարդը միայն այդ երկու տարով չի, որ արժեք է մեզ համար. «Նրա ներկայությունը, Հայաստանում ապրելը, ուղղակի ոտքերով կանգնած մնալը այս հողի վրա արժեք է»: Ըստ Զեյնալյանի, եթե ՀՀ-ն իր պոզիտիվ պարտավորությունը կատարեր, 10 հազարից ավելի երիտասարդների նկատմամբ պետք է հետախուզում հայտարարեր, բռներ, բերեր, բանտերում փակեր: Բայց սա միայն իրավական խնդիր չի, սա բարոյական խնդիր է՝ մենք ի՞նչ ուղերձ ենք հղում այս մարդկանց>>: Ստացվում է, որ իշխանությունը խոստովանում է իր անկարողությունը արտագաղթը կասեցնելու հարցում եւ արդեն իներորդ անգամ երկարաձգում է այս օրենքը, որպեսզի երիտասարդները հետ գան ու բյուջե լցնեն:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: