Կուշտն ինչ իմանա՝ սովածի փորում ինչ քամի է վըզվըզում

Nov 17, 2017 Comments Off on Կուշտն ինչ իմանա՝ սովածի փորում ինչ քամի է վըզվըզում

Արդեն երկրորդ օրն է Հայաստանի Ազգային ժողովում քննարկվում է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը։ Շատերն այդ մասին թերեւս տեղյակ էլ չեն, որովհետեւ ընդդիմադիր հատվածը, մասնավորապես, Ծառուկյան խմբակցությունը այս երկու օրերին յոթ երգ գիտի, յոթն էլ Առինջ մոլի առեւտրականների բողոքի վերաբերյալ։

Հետեւաբար երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը կարելի է ասել մնաց առանց բովանդակային քննարկման։ Իհարկե, մյուս կողմից՝ իշխանությունը հերթական անգամ թվերի ու ձեւակերպումների մի գեղեցիկ բրոշուր է ներկայացրել ու փորձում է վստահեցնել, որ հաջորդ տարին ավելի լավ է լինելու, քան այս մեկն է, որ կառավարությունը առավելագույնն է անելու տնտեսական աճի ապահովման եւ բարեկեցիկ կյանք ստեղծելու համար։ Մի խոսքով՝ լրիվ իրար արժանի իշխանություն եւ ընդդիմություն։ Այս մթնոլորտում ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանին այլ բան չէր մնում, քան զավեշտի հասցնել կառավարության եւ ընդհանրապես իշխանության հասցեին քննադատությունները՝ ասելով, թե դրանք հիմնազուրկ են։Բանն այն է, որ պատգամավորը հաշվարկ է արել ու եկել այն կարծիքին, որ Հայաստանում աղքատությունն իսպառ վերացնելու համար տարեկան պետք է 200 մլրդ դրամ։

«Մեզ այսօր պետք է շուրջ 125 մլրդ դրամ փող, որ ուղիղ հասցնենք մեր աղքատ խավին, 30 տոկոսին, և նրանք բոլորն աղքատ չեն լինի, մենք կունենանք աղքատություն չունեցող երկիր: Պրակտիկան ասում է հետևյալը՝ որպեսզի 120 մլրդ փողը դու կարողանաս հասցնես հասարակությանը, պետք է այդքան էլ գումարես, ունենաս շուրջ 200 մլրդ փող, որպեսզի բոլոր օղակներից հասնի աղքատին: Մենք պետական բյուջեում նախատեսել ենք 40 մլրդ դրամ փող աղքատության վերացման համար», ասաց նա: Ըստ Հակոբյանի՝ տարեկան Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտները մինչդեռ կազմում են 1.2-1.4 մլրդ դոլար: Այսինքն՝ 500-600 մլրդ դրամ փող մենք ստանում ենք ոչ պետական ֆինանսավորումամբ: «Յուրաքանչյուր քաղաքացի այդ գումարն ստանում է իր հարազատից, եղբորից, քրոջից, բայց մեր աղատությունը 30 տոկոս է: Դուք ձեզ հարց տվեք՝ լավ, եթե մեզ պետք է 200 մլրդ դրամ փող, որ Հայաստանում աղքատությունը վերանա, մեր հասարակությունը ստանում է 500 մլրդ դրամ փող, էդ աղքատությունն ինչի՞ ա մնում: Պատճառը պետական կառուցվածքի ոչ ճիշտ ինֆորմացիոն համակարգն է, ոչ ճիշտ հսկողության մեխանիզմն է: Առաջինը՝ պետք է ունենալ ճիշտ պետություն, կառուցվածք բոլոր համակարգերով, սա համար մեկ խնդիրն է: Պետք է ունենալ ճիշտ պետական համակարգ, որը կլինի հասանելի և ընկալելի»,- ասաց Հակոբ Հակոբյանը:

Իսկապես , ՀՀԿ-ականի տրամաբանություն, այն, որ ՀՀ քաղաքացիները դրսից տրանսֆերտներ են ստանում, դա արդեն հուշում է, որ լավ օրի չեն ու այդ պատճառով էլ բարեկամները, ինչպես Հակոբ Հակոբյանը շեշտեց՝ քույր-եղբայրները օգնության ձեռք են մեկնում գոյությունը պահպանելու համար։ Հայաստանում գնաճն աճում է լույսի արագությամբ ու եթե այդ գումարները կրկնակի ավելանան, հաստատ Հայաստանում աղքատության ցուցանիշը չի նվազի, մարդիկ ստացած գումարներով ընդամենը գոյության խնդիր են լուծում։ Նույն տրամաբանությամբ էլ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ զարմանք հայտնում , թե ինչու ենք դժգոհու, որ այս բյուջեով թոշակների, աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում։

Նա ասում էր, որ վերջին 2-3 տարվա ընթացքում Հայաստանում նվազագույն աշխատավարձը 70 տոկոսով բարձրացել է՝ հասնելով 55 հազար դրամի, մինչդեռ այդ տարիների ընթացքում որեւէ պետական պաշտոնյայի աշխատավարձ չի բարձրացել։ Համեմատության համար ասենք, որ նախարարները Հայաստանում մոտ 800 հազար դրամ աշխատավարձ են ստանում, մնացածի մասին խոսելը թերեւս ավելորդ կլինի։Պարզապես Հայաստանում խիստ բեւեռացված է հասարակությունը, կան միայն հարուստներ եւ աղքատներ, իսկ ինչպես կասեն՝«կուշտն ինչ իմանա սովածի փորում ինչ քամի է վըզվըզում»:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: