Գողացված «Դևի և հրեշտակի» խորհուրդը՝ հայ-ռուսական հարաբերություններում

Nov 18, 2017 Comments Off on Գողացված «Դևի և հրեշտակի» խորհուրդը՝ հայ-ռուսական հարաբերություններում

Երեկ Մոսկվայում կայացել է Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «բանակցությունների ընթացքում ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր»: Նախագահներն անդրադարձել են տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցությանը քաղաքական, տնտեսական, անվտանգության, հումանիտար և մշակութային ոլորտներում: Սարգսյանը և Պուտինը բարձր են գնահատել փոխադարձ մշակույթի օրերի անցկացումը երկու երկրներում: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

Պուտինն ասել է. «Կցանկանայի նշել, որ մեր բոլոր թիմերը լարված աշխատում են մեր պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, որոնք ձեռք էին բերվել այս տարվա մարտին Ռուսաստան կատարած Ձեր այցի ընթացքում: Այդ աշխատանքը տալիս է դրական արդյունքներ: Ես նույնիսկ չեմ խոսում մեր համագործակցության մասին քաղաքական կապերի, անվտանգության բնագավառներում և տնտեսական ոլորտում, որտեղ անցած տարի սկսել էր աճը, իսկ այս տարի այն աճել է մեկ երրորդով, ինչն, անխոս, ուրախալի է: Ցանկալի կլիներ այդ միտումը պահպանել»:

Ապա` Պուտինն ու Սարգսյանը մեկնել են Տրետյակովյան պատկերասրահ, որտեղ Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցադրության ժամանակ Պուտինը Միխայիլ Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» վերականգնված կտավը հանձնել է Սերժ Սարգսյանին՝ ասելով. «Ուրախ եմ այս նկարը Հայաստանին փոխանցելու համար: Այն տարիներ առաջ գողացվել էր, սակայն նախորդ տարի գտնվեց: Ուրախ եմ ասել, որ Հայաստանում այսուհետ կրկին հնարավորություն կունենան տեսնել այս նկարը»: Սերժ Սարգսյանն էլ իր հերթին, վստահեցրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը տալիս է դրական արդյունքներ:

Հայ-ռուսական մշակութային ելևէջներով երեկվա հանդիպումն ուշագրավ պայմաններում է կայացել: Նախ՝ հաշվի առնենք, որ ընդամենը մեկ շաբաթից Հայաստանն ու ԵՄ-ն պատրաստվում են համաձայնագիր ստորագրել: Մինչ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր մեկնել Մոսկվա՝ շատերի գլխում մեկ հարց էր՝ արդյոք Մոսկվան չի խոչընդոտի՞ ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրմանը:

Այս ընթացքում Սերժ Սարգսյանը Մոսկվայի ուղղությամբ կարևոր ժեստեր արեց. նա ռուսական մի քանի լրատվամիջոցների հարցազրույց էր տալիս ու ներկայացնում Հայաստանի հավատարմությունը Ռուսաստանին և ԵԱՏՄ-ին: Այժմ էլ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից առաջ՝ Սերժ Սարգսյանը Մոսկվայում է, որտեղ Պուտինը նրան խորհրդանշական նվեր է մատուցում՝ Միխայիլ Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» գողացված ու վերականգնված կտավը:

«Դևի ու հրեշտակի» պատկերավոր խորհուրդն, այսպիսով, մտնում է հայ-ռուսական հարաբերությունների դաշտ՝ իր բոլոր նրբերանգներով:

Ի դեպ, ուշագրավ է, որ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Պուտինը խուսափել են խոսել և՛ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից, և՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացից: Մինչդեռ թուրքական մամուլը խոսուն տեղեկություններ է հայտնել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են նաև արցախյան հիմնախնդիրը, գրել է թուրքական dunyabulteni.net կայքը:

«Հանդիպման ժամանակ քննարկված ոչ բոլոր թեմաների մանրամասներն են ներկայացվել լրագրողների հետ ասուլիսի ժամանակ: Նախագահները հանդիպման ժամանակ ընդգծել են նաև ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը», – գրել էր կայքը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին:

Հիշեցնենք, որ Սոչի մեկնելու օրը լրագրողների հետ զրույցում Էրդողանը նշել էր, որ Պուտինի հետ քննարկելու է ԼՂ խնդիրը, քանի որ միայն Պուտինը կարող է այն լուծել: Էրդողանն անգամ ղարաբաղյան խնդիրն անվանել էր «արնահոսող վերք» ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: