ՀՀ–ում նույնասեռական զույգերի օրինական ամուսնություն հնարավոր է՞

Nov 15, 2017 Չի մեկնաբանվել

«Առավոտ» թերթը գրում է.

«Հանուն ինքնիշխանության վերականգնման նախաձեռնության անդամները հայտարարում են, որ նոր Քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածը վտանգավոր է մեր հասարակության համար։ Օրերս այս նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանն ասել էր, որ նոր օրենսգրքի 197-րդ հոդվածով, որը վերաբերում է խտրականության դրսևորումներին, մարդիկ պատասխանատվության են ենթարկվելու Այվազյանի ձևակերպմամբ՝ սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն դրսևորելու համար։

Ըստ Այվազյանի՝ այս նոր օրենսգրքով ԼԳԲՏ համայնքին վերաբերող միջոցառումները՝ նույնասեռական ամուսնությունները, նրանց կողմից երեխաների որդեգրումը, գեյ-շքերթները խոչընդոտելու դեպքերը, եթե քաղաքացիները փորձեն խոչընդոտել, կդիտարկվեն խտրականություն և կենթարկվեն քրեական պատասխանատվության։

Երեկ էլ նույն նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանն է նմանատիպ կարծիք հայտնել` պնդելով, որ ԼԳԲՏ համայնքի անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի դեպքում քաղաքացին կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել։

Aravot.am-ը արդարադատության նախարարությունից խնդրեց պարզաբանել նշված նախաձեռնության անդամների հայտարարությունները և տեղեկացնել` արդյոք ՀՀ-ում օրենքով թույլատրելի են նույնասեռական ամուսնությունները։

Ըստ նախարարության. «ՀՀ քրեական օրենսգրքի նախագծով առաջարկվող 197-րդ հոդվածը արգելում է մարդու իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի ուղղակի կամ անուղղակի խախտելը, այդ թվում՝ կախված սեռական կողմնորոշումից։

Սակայն խոսք չի կարող լինել նույնասեռական ամուսնությունների և երեխաների որդեգրման մասին, քանի որ նույնասեռական ամուսնություններն արգելվում են ՀՀ Սահմանադրությամբ։

ՀՀ-ում նույնասեռականների զույգերի օրինական ամուսնությունը հնարավոր չէ։ ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածը հստակ նախատեսում է, որ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “ՀՀ–ում նույնասեռական զույգերի օրինական ամուսնություն հնարավոր է՞”

Մեկնաբանել