Նա մնաց մենակ

Nov 15, 2017 Չի մեկնաբանվել

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի թիմում հերթական անգամ մեկ գիշերվա ընթացքում 360 աստիճանի փոփոխություն է տեղի ունեցել,   Ծառուկյան խմբակցությունների դաշինքը խորհրդարանում առավոտից մինչ երեկո հանդես եկավ խիստ ընդդիմադիր կերպարով, թե ինչ կլինի վաղը, դժվար է ասել, այդ մասին գիտի միայն մեկ հոգի, ով էլ կորոշի՝ թիմը պահել նույն մարզավիճակում, թե <<թողնել>> հայտարարել:

ԱԺ նիստերի մեկնարկին խմբակցության մոտ մեկ տասնյակ պատգամավորներ հերթագրվեցին ու բարձրաձայնեցին Առինջ մոլի առեւտրականների խնդիրը, նրանք քննադատելով կառավարությանն ու ՊԵԿ-ին կոչ արեցին դադարեցնել առեւտրականների նկատմամբ հարկային ստուգումները: Սակայն խմբակցությունը չհանդարտվեց ողջ օրվա ընթացքում եւ ԱԺ-ում հայտարարությունների ժամին այլեւս լայնամասշտաբ գրոհ ձեռնարկեց կառավարության դեմ: Գեւորգ Պետրոսյանն օրինակ խորհուրդ տվեց ազատվել ոչ թե պետական աշխատողներից, այլ անպիտան աշխատուժից՝ նախարարներից, դեսպաններից.«Ֆինանսաբյուջետային քաղաքականության պատասխանատուների այն հայտարարությունները, որ մյուս տարի սպասվում է հանրային ծառայության ոլորտում 5560 աշխատակցի ազատում աշխատանքից, լուրջ մտահոգություն է առաջացրել»,- հայտարարեց Գեւորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ դա բացատրում են, թե անպիտան աշխատուժն են հիմնականում կրճատելու:

Պետրոսյանը հարց ուղղեց իշխանավորներին՝ բա ի՞նչ եք մտածել՝ պետական ապարատն այդքան ուռճացնելով եւ ո՞վ է հատուցելու՝ պետությանը հասցված այդքան վնասի համար: Նա ասաց, որ եթե իսկապես նման կրճատումների կարիք կա, բայց այդ 5560 աշխատողներին ո՞նց կարող է հիմա պետությունը մատնի սովի եւ ասի, որ ես կապիտալ ներդրումների քաղաքականություն եմ իրականացնում. «Ուզո՞ւմ եք ազատվել անպիտան աշխատողներից՝ ազատվեք իրենց գործին անտեղյակ նախարարներից, հարկային բռնարարներից, ազատվեք դիվանագիտական աշխատանքի հետ կապ չունեցող, դիվանագիտական հաստատությունները հանգստի գոտու վերածած դեսպաններից»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ վիճակագրություն ներկայացրեց, որ Հայաստանը Համաշխարհային բանկի Դուինգ բիզնես ցուցանիշով հետընթաց է ապրել 9 կետով, այս պահին 47-րդ տեղում ենք: Նա ասաց, որ կառավարությունը միայն խոշոր բիզնեսին է սատարում, նույնիսկ գազի հարցով արտոնություն է տալիս խոշորին. «Չեմ կարծում, որ խոշոր բիզնեսին պետք է զիջումներ անել կամ արտոնություն տալ»: Եթե այսպես շարունակվի, պատգամավորի կանխատեսումներով կառավարությունը մեր երկիրը բոլոր ոլորտներում 10 տոկոս նահանջ կապահովի:
Իսկ Նաիրա Զոհրաբյանը առանց անուն տալու անցավ ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանի վրայով: Մարգաիրտ Եսայանը առավոտյան ելույթ ունենալով ասել էր, որ ինքը նախորդ շաբաթ ԱԺ շենքի մոտ պատահաբար հանդիպել է ցուցարարներին և լսել նրանց բողոքները՝ հորդորելով նրանց գրավոր ներկայացնել այդ ամենը:
«Առավոտյան այս հատվածից մի դժգույն և անդեմ ձայն ներկայացրեց այս իշխանության ողջ մեխանիկան: Պատահականություն. մարդիկ պատահաբար գալիս են Ազգային ժողով, պատահաբար Ազգային ժողովի շենքի մոտ հանդիպում են ցուցարարների և պատահաբար իմանում են, որ մեր երկրում կան սոցիալական խավեր, որոնք ունեն դժգոհություն, որ մեր երկրում արդեն տևական ժամանակ է՝ ՓՄՁ-ների հանդեպ իրականացվում է հարկային տեռոր, և այս մարդիկ պատահաբար երևի իմանում են, որ մեր երկրում գործազրկությունը, արտագաղթը, աղքատությունը խփել են բոլոր օլիմպիական ռեկորդները: Խնդիրը, որի մասին այսօր «Ծառուկյան» դաշինքը բարձրաձայնում էր, իրոք հրատապ է, ու մենք թույլ չենք տալու այս հարկային տեռորը»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը:

Դե, ինչ եթե այսպես շարունակվի ՀՀԿ-Ծառուկյան դաշինքի կանանց հատվածում ուշագրավ տեսարանների ականատես կլինենք: Հարկ է նշել, որ ՀՀԿ-ի ներսում էլ առանձնապես համախմբվածություն չկար ոչ Կարեն Կարապետյանին պաշտպանելու ուղղությամբ, ոչ էլ Վիգեն Սարգսյանին, որն իր աղմկահարույց նախագծի առիթով արժանացավ քննադատությունների : Միայն Ռուզաննա Մուրադյանն էր, որ իր հայտարարությունը նվիրել էր այս օրենքին, իսկ Շարմազանովն, օրինակ, խոսեց նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններին՝ ՀՀԿ-ի գրանցած հաղթանակի եւ ՀՀԿ-ի մարզերում ունեցած հեղինակության մասին:

Կարեն Ավագյանն էլ իր արցախյան այցի տպավորություններով կիսվեց.<<Օրերս Արցախից վերադառնալիս ես ու իմ գործընկերները որոշեցինք կոչով դիմել բոլորին: Հարգելի գործարարներ, եթե նոր ու արդյունավետ բիզնես եք սկսում, դրա մի փոքր արտադրամասը Արցախում դրեք, եթե նույնիսկ կավելացնեք տրանսպորտային ծախսը: Հարգելի դասախոսներ, եթե ժամանակակից թեմատիկ կուրս եք մշակել, անպայման մեկ-երկու դասախոսություն Ստեփանակերտում կարդացեք: Հարգելի ֆերմերներ…>> եւ այսպես շարունակ:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Նա մնաց մենակ”

Մեկնաբանել