Նոր մանրամասներ՝ զենքի գործադրմամբ Բալահովիտում տեղի ունեցած խուլիգանության դեպքից

Nov 14, 2017 Comments Off on Նոր մանրամասներ՝ զենքի գործադրմամբ Բալահովիտում տեղի ունեցած խուլիգանության դեպքից

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Բալահովիտ գյուղի կաթի գործարանի մոտ զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության հանգամանքները, բոլոր մասնակիցների ինքնությունը։ 2 անձի ձերբակալելու որոշում է կայացվել։

2017թ նոյեմբերի 12-ին՝ ժամը 01:15-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի կաթի գործարանի մոտ կրակոցներ են հնչել, ինչից մոտ մեկ ժամ անց Աբովյան ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ «ծնկան հոդի, ճակատի և ծոծորակի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, գանգուղեղի փակ վնասվածք, ցնցում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի 17-ամյա մի բնակիչ։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ անչափահասը մարմնական վնասվածքն ստացել է Բալահովիտ գյուղի կաթի գործարանի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 2 պարկուճ, մահակներ, մետաղյա ձողեր և արնանման հետքեր:

Դեպքի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, որը նոյեմբերի 12-ին ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում։

Նախնական քննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ երիտասարդների միջև վիճաբանությունն սկսվել է նոյեմբերի 11-ի երեկոյան «Գետափ» ռեստորանի մոտ, որտեղ երիտասարդները մասնակցել են հարսանյաց հանդեսի։ Երգիչներից մեկի համերգային համարի պատճառով առաջացել է վիճաբանություն, ինչը շարունակվել է Բալահովիտի կաթի գործարանի մոտ՝ վերաճելով խուլիգանության, որին մասնակցել են նաև այլ անձինք։

Բալահովիտի անչափահաս բնակիչը ճանաչվել է տուժող։

Քննությամբ պարզվել է խուլիգանությանը մասնակցություն ունեցած անձանցից երկուսի ինքնությունը, որոնցից մեկը՝ ծնված 1995թ., ձերբակալվել է, ևս մեկին՝ ծնված 1998թ., ձերբակալելու որոշում կայացվել, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության Կոտայքի բաժնի համապատասխան ծառայողներին:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ միջադեպի բոլոր մասնակիցներին պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: