Կառավարության հերթական «քցոցին»

Nov 16, 2017 Չի մեկնաբանվել

Տպավորություն է, թե Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է «շնից մազ պոկելու» սկզբունքով։ Եւ պատահական չէ, որ ցանկացած առաջին հայացքից լավ թվացող նախաձեռնության տակ թաքնված է միտքը, թե մի տեղ մեզ ուզում են քցել։ Այսպիսով՝ անցած շաբաթ հայտնի դարձավ, թե իբր պետությունն ուզում է օգնել աշխատող մայրերին, դայակի գումար է պատրաստ տալ, ավելի ճիշտ այն գումարի կեսը, որը նախատեսվելու է դայակի համար, սակայն ոչ ավել քան 55 հազար դրամ։ Աշխատող մայրերը, կամ աղջիկները, որոնք ապագայում պետք է մայրանան, ծափերով ընդունեցին կառավարության պատրաստակամությունը՝ համարելով ինչ-որ չափով հոգսի թեթեւացում։ Սակայն նախագծի քննարկումից այսօր պարզ դարձավ, որ ամեն ինչ այնքան էլ լավ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացնելով նախագիծն ասաց, որ 2018-ին կառավարությունը նախատեսում է իրականացնել 3 նոր ծրագիր, որոնք ուղղված են սոցիալական–ժողովրդագրական խնդիրների լուծմանը, դրանց թվում է աշխատող մայրերին երեխայի խնամքն աշխատանքի հետ համատեղելու դեպքում պետության կողﬕց աջակցություն ստանալու իրավունք տվող օրենքի նախագիծը: «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ օրենքի նախագծով առաջարկում են համապատասխան կարգ սահմանել, ըստ որի մինչև երեխայի երեք տարին լրանալը խնամքի արձակուրդում գտնվող մայրը մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքը աշխատանքի հետ զուգահեռ կազմակերպելիս կունենա կառավարությունից աջակցություն ստանալու իրավունք՝ կառավարության սահմանած կարգով:
«Ներկայացված նախագիծը պայմանավորելով ժողովրդագրական խնդիրներին որոշակի լուծումներ տալու հանգամանքվ՝ միջազգային փորձի ուսումնասիրություն ենք իրականացրել և պարզել, որ անգամ եվրոպական շատ երկրներում զբաղվածություն ունեցող մայրերի տոկոսը բավականին բարձր է՝ 75-80 տոկոս: Այսինքն՝ մենք կարող ենք ասել, որ ներկայումս ժողովրդագրական հաջող քաղաքականության բանալի է համարվում աշխատանքը և երեխայի խնամքը համատեղելու հնարավորությունը: Այսինքն՝ եթե մենք աշխատող մայրերին մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքի հարցում աջակցենք, դա նրանց թույլ կտա մտածել հաջորդ երեխան ունենալու մասին: Կարծում ենք, որ այս ծրագրի ներդրումը մեզ հնարավորություն կտա որոշակի առումով բարելավել ժողովրդագրական վիճակը»,- նշեց նախարարը:

Ներկայացված նախագծով մինչև երեխայի երեք տարին լրանալը խնամքի արձակուրդում գտնվող մայրերը մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում դայակ վարձելու հնարավորություն կստանան պետության աջակցությամբ: Պետությունը պատրաստ կլինի վճարել դայակի աշխատավարձի կեսը, սակայն ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի չափը՝ 55 հազար դրամ: Նախարարը մանրամասնեց, որ սա ժողովրդագրական խնդիրներին լուծում տալու ընդամենը մեկ ուղղություն է՝ նշելով, որ առաջիկայում հնարավորություն կունենան խորհրդարանում առավել համապարփակ քննարկել ժողովրդագրական խնդիրների լուծման բոլոր ուղղությունները:

Իրականում սա աջակցություն է մի քանի հազար դրամով։ Բանն այն է, որ չաշխատող մայրերը երկու տարի ամսեկան 18 հազար դրամ են ստանում երեխայի ծնվելուց հետո։Իսկ աշխատող մայրերը չեն ստանա այդ գումարը, նրանք կփոխանցեն դայակի համար նախատեսված գումարը։ Հիմա եթե դայակի աշխատավարձը 100 հազար է, ապա 50 հազարն է տալու պետությունը, սակայն դայակները կմտնեն հարկային դաշտ եւ ամսեկան իրենց աշխատավարձի 30 տոկոսը եկամտային հարկ կվճարեն, այսինքն 100 հազարից 30 հազար կվճարեն պետությանը, կստացվի, որ պետությունը ընդամենը ասենք 20 հազար դրամ է ամսեկան հատկացնելու աշխատող մայրերին 18 հազարի փոխարեն։ Դայակի եւ ծնողի միջեւ պետք է պարտադիր պայմանագիր կնքվի, որի առկայության դեպքում միայն պետությունը կվճարի իր հասանելիքը:

Հայաստանում դայակի ինստիտուտ ստեղծելու մասին խոսվել է դեռևս 2016-ի մարտին: Այն ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրական բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը հայտարարեց, որ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018-ի ազգային ծրագրի նախագծի նպատակն է խրախուսել դայակի ինստիտուտը:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Կառավարության հերթական «քցոցին»”

Մեկնաբանել