Գրոհ Մոնումենտի դղյակների ուղղությամբ

Nov 15, 2017 Չի մեկնաբանվել
«Ծառուկյան» խմբակցությունը   մարտական էր տրամադրված կառավարության եւ հատկապես ՊԵԿ ղեկավարության նկատմամբ: Ազգային ժողովի հերթական քառօրյան սպասվածից թեժ ստացվեց: Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունենալու համար հերթագրվեցին խմբակցության մի շարք պատգամավորներ, որոնք մեկը մեկը մյուսին հերթ չտալով քննադատեցին կառավարության եւ ՊԵԿ գործունեությունը:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ է Ծառուկյանին պատկանող Առինջ մոլի առեւտրականները բողոքի ակցիաներ են անում ՊԵԿ-ի դեմ՝ պահանջելով իրենց ձերբազատել ավելորդ փաստաղթաշրջանառությունից եւ հարկային նոր բեռ չսահմանել: ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ այսօր առավոտյան մի քանի հազար ստորագրություններով բոլոր խմբակցություններին են դիմել առեւտրականներ պահանջելով արձագանքել եւ լուծել այն խնդիրները: Ասաց, որ իրենք դիմել են ՊԵԿ նախագահին ու վարչապետին՝ հարկային կոշտ վարչարարության հետ կապված եւ հորդորել հրաժարվել այդ քաղաքականությունից.«Տոնավաճառներում մարդկանց խուզարկում են, վաճառքների ժամանակ ասում են՝ բացեք ձեր տոպրակները, այն դեպքում, երբ առեւտրականները սոցիալական բնույթ կրող գործունեությամբ են զբաղված: Բանը հասել է նրան, որ վրաերթի են ենթարկում օպերատիվ հետախուզական ծառայության աշխատակիցները տարբեր մարդկանց եւ տեղի են ունեցել բախումներ», -ասաց Մելքումյանը, ապա կառավարությանը ցույց տվեց փողի տեղը, թե որտեղից կարելի է հարկ հավաքել՝ գազամատակարարման եւ գազաբաշխման համակարգն է:
Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ այս պահին ուղղակի տեռորի են ենթարկում առեւտրականներին. «Մարդիկ ուզում եք մեկ կտոր հացից զրկվեն, այն , ինչ անում են պատկան մարմինները, մարդու իրավունքների կոպտագույն խախտում է՝ բացել մարդկանց պայուսակները, ստուգել, որեւէ կառույց դրա իրավունքը չունի: Բյուջե եք ուզում լցնե՞լ՝ տեղը ցույց ենք տալիս՝ գազի մոնոպոլիա, բենզինի մոնոպոլիա եւ այլ մոնոպոլիստներ: Գնացեք այդտեղ: Կառավարությունը, որ տապալել է իր ողջ գործունեությունը, պիտի ճիշտ տեղն իմանա, թե որտեղ գնա: Գազի հիման վրա Մոնումենտում ստեղծած դղյակները, այնտեղ գնացեք, այնտեղ տեսեք կոռուպցիա, չարաշահումներ, ոչ թե մի կտոր հացով իրենց ընտանիքը պահող փոքր ձեռներեցների պայուսակները մտեք»:
Նա ասաց, որ գազի վրա իրենց դղյակները սարքածները, որ նստած են Մոնումենտում, ճիշտ կանեն նման հարկային տեռոր սահմանելուց առաջ մտածեն դրա հետեւանքների մասին: Հետո խոսեցին նաեւ այլ պատգամավորներ՝ Իվետա Տոնոյանը, Սերգեյ Բագրատյանը, Գեւորգ Պետրոսյանը, որոնք բոլորն էլ կշտամբեցին կառավարությանը մանր ու միջին բիզնեսը ճնշելու համար:
Շարմազանովը հանձնարարում էր անջատել նրանց խոսափողները՝ նշելով, որ հարցն օրակարգի հետ կապ չունի: Աղմուկ-աղաղակ բարձրացավ, պատգամավորները առանց խոսափողի գոռգոռում էին: Դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանն առաջարկեց արտահերթ նիստ հրավիրել: Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց խմբակցությունն այսօր առավոտյան ստացել է առևտրականների նամակը, իրենք դեմ են ցանկացած տեսակի տեռորի: «Այստեղ հնչեցին առաջարկություններ՝ ստեղծել հանձնաժողովներ՝ գազի ու բենզինի ոլորտում իրավիճակն ուսումնասիրելու: Մենք միանշանակ կողմ ենք նման նախաձեռնություններին և համապատասխան նախաձեռնությունների դեպքում մենք կմիանանք այդ խնդիրների ուսումնասիրությանը: Ինչ վերաբերում է փոքր և միջին բիզնեսի շուրջ ստեղծված իրավիճակին, մենք այդ դիմումներին սահմանված կարգով ընթացք կտանք և խնդրով լրջորեն կզբաղվենք», -ասաց Փաշինյանը:
Անի Սահակյան

 

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Գրոհ Մոնումենտի դղյակների ուղղությամբ”

Մեկնաբանել