Գնդակոծում հայ-ադրբեջանական սահմանին. ի՞նչ են թաքցնում Պուտինն ու Էրդողանը

Nov 16, 2017 Չի մեկնաբանվել

Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Տեղեկատվությունը երեկ տարածեց ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Անցած շաբաթավերջին Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հաստատել էր, որ ԵԱՀԿ միջնորդները պլանավորում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: «Ելնելով ղարաբաղյան կարգավորման հարցով ժնևյան գագաթնաժողովի արդյունքներից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։ Այդպիսի շփումներ պլանավորված են», – ասել էր Մարիա Զախարովան։

Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի հանդիպումը կայանում է Պուտին-Էրդողան բանակցություններից հետո: Իսկ ռուս-թուրքական բանակցություններում կնքվել է համերաշխություն՝ տարբեր տնտեսա-աշխարհաքաղաքական հարցերում:

Նոյեմբերի 2-ին՝ Բաքու կատարած այցից հետո Էրդողանն ասել էր, որ Պուտին հետ հանդիպմանը բարձրացնելու է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը. «Եթե Պուտինն իսկապես կենտրոնանա ղարաբաղյան խնդրի վրա, այն շատ արագ կկարգավորվի»։

ԼՂ խնդիրը եղե՞լ է ռուս-թուրքական բանակցությունների օրակարգում…

Այս մասին տեղեկատվություն չկա, գոնե պաշտոնական հայտարարությունների մակարդակով, իսկ դա նշանակում է, որ այդ թեման և՛ կարող էր քննարկվել լրջորեն, և՛ կամ էլ՝ հպանցիկ: Ըստ ամենայնի, եթե դրա մասին պաշտոնական մեկնաբանություն չկա՝ հպանցիկ է քննարկվել, բայց դա չի նշանակում, որ չեն կարող չլինել հետևանքներ:

Եվ, բնականաբար, առաջին հարցը, որը ծագում է բոլորի ուղեղներում՝ հետևյալն է ի՞նչ պատճառահետևանքային կապ կարող է լինել նախօրեին՝ ռուս-թուրքական բանակցությունների և ապագայում՝ ղարաբաղյան բանակցությունների միջև:

Ընդ որում, հաշվի առնենք, որ թե՛ Սոչիի ռուս-թուրքական բանակցություններից առաջ, թե՛ Նալբանդյանի՝ մոսկովյան բանակցություններից առաջ ադրբեջանական զինուժը գնդակոծում էր Հայաստանի սահմանները:

Ի՞նչ է սա, եթե ոչ «ճնշման» որոշակի քայլ…

Կարելի է ենթադրել, որ թուրք-ադրբեջանական ջանքերի շնորհիվ Ռուսաստանին ղարաբաղյան բանակցային գործընթացում «արբիտրի» դերն ամրապնդելու ուղղությամբ կոնկրետ ջանքեր են գործադրվում: Դրան են ամեն գնով ձգտում Բաքուն ու Անկարան:

Այդ միտումները, հավանաբար, զգում են նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող մյուս պետությունները՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան: Մինչև տարեվերջ կազմակերպվող հայ-ադրբեջանական նոր բանակցություններից առաջ, կարելի է ենթադրել, որ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում խաղացողների դիրքերի որոշակի շարժ կլինի:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Գնդակոծում հայ-ադրբեջանական սահմանին. ի՞նչ են թաքցնում Պուտինն ու Էրդողանը”

Մեկնաբանել