Պուտինի նոր նվերը Էրդողանին. Հայկական լոլիկն էլի կմնա կես ճամփին

Nov 06, 2017 Comments Off on Պուտինի նոր նվերը Էրդողանին. Հայկական լոլիկն էլի կմնա կես ճամփին

Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ Սոչիում արձանագրել են, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները գրեթե ամբողջությամբ վերականգնվել են:

Ընդ որում, այս գնահատականը հնչեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը: Պուտինը նշել է, որ 2016թ. անկումից հետո երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է գրեթե մեկ երրորդով։ Նրա խոսքով` համագործակցությունը վերականգնվում է, ի թիվս այլ ոլորտների, նաև անվտանգության ուղղությամբ: Թուրքիայի նախագահն էլ իր հերթին ասել է, որ Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունները քաղաքական, ռազմական և առևտրային ոլորտներում օրեցօր ավելի են զարգանում։

Այսպես, Սոչիում արձանագրվեց, որ ռուս-թուրքական հարաբերությունները «վերականգվել են գրեթե լիովին»։ Պատմական նո՞ր դաշինք, թե՞ համագործակցության հետագա խորացում…

Համենայդպես, Թուրքիայի և Ռուսաստանի համերաշխությունը տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման հարցում էլ ավելի է ամրապնդում երկրների միջև հարաբերությունները, վստահեցրել է Էրդողանը։ Ապա՝ նա հրավիրել է Վլադիմիր Պուտինին «Ակկույու» ԱԷԿ-ի հիմնարկեքի պաշտոնական արարողությանը։ «Մենք ակնկալում ենք առաջիկա շաբաթներին անցկացնել «Ակկույու» ատոմային էլեկտրակայանի առաջին բետոնալցման արարողությունը։ Եվ եթե պարոն Պուտինի ծրագիրը թույլ տա, մենք կցանկանայինք միասին մասնակցել այդ արարողությանը»,-ասել է Էրդողանը Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով։

Սոչի թռիչքից առաջ՝ մինչև Պուտինի հետ բանակցությունները, Էրդողանը կոչ էր արել Ռուսաստանին ու ԱՄՆ-ին դուրս բերել զորքերը Սիրիայից: «Ասվում է, որ ճգնաժամը ռազմական լուծում չունի»,-ասել էր Էրդողանը և հավելել, որ սիրիական ճգնաժամի լուծումը պետք է լինի քաղաքական։ «Այդ դեպքում թող նրանք (ՌԴ-ն ու ԱՄՆ-ը) հետ կանչեն իրենց զինվորականներին, և ճգնաժամի լուծումը կլինի քաղաքական»,-ասել է նա։ Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան դեմ է եղել 2003թ. Իրաքում ԱՄՆ բանակի մուտքին, սակայն Սպիտակ տունը որոշում է ընդունել մտնել երկիր՝ հայտարարելով, որ ամերիկացի զինվորականներն այնտեղ չեն մնա։ «Սակայն նրանք մտան՝ ասելով, որ այնտեղ չեն մնա։ Գնացի՞ն։ Ո՛չ»,-փաստել է Թուրքիայի նախագահը։

Ուշագրավ է, որ Պուտինը պատմել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանին տեղեկացրել է Իրանում անցկացված բանակցությունների արդյունքների մասին. «Նախագահին պատմեցի նաև Թեհրան իմ վերջին ուղևորության արդյունքների, Իրանի ղեկավարության հետ հանդիպման մասին»:

Ըստ ամենայի՝ ռուս-թուրքական համագործակցությունը վերածվում է տարածաշրջանային ավելի խորքային համագործակցության՝ ներառելով տարբեր տարածաշրջանային հետաքրքրություններում եթե ոչ միասնական դիրքորոշումների ներկայացում, ապա գոնե երկկողմ շահերին չխանգարելու քաղաքականություն:

Պուտինն ու Էրդողանը քննարկել են մի շարք ապրանքների մատակարարումների մնացած սահմանափակումները վերացնելուն ուղղված համատեղ ջանքերը: Իսկ սա նշանակում է, որ ռուս-թուրքական հարաբերությունները, նախևառաջ կանդրադառնան տնտեսական հարաբերությունների վրա, ինչին ամեն գնով ձգտում էր Թուրքիան՝ ուղիղ երկու տարի, ռուս-թուրքական լարված հարաբերությունները հարթելու և տնտեսական սահմանափակումները Թուրքիայի նկատմամբ վերացնելու անհրաժեշտության մասին շարունակ բարձրաձայնելով:

Ի դեպ, թուրքական ապրանքների մուտքը ռուսական շուկա, կասկած չկա, թե ինչ ազդեցություն է ունենալու այլ երկրների տնտեսության հնարավորությունները խոչընդոտելու վրա, և նախևառաջ՝ Հայաստանի վրա, որը թույլ քայլերով փորձում էր «գրավել» ռուսական շուկան:

Այժմ, Պուտինը տվեց Էրդողանին տնտեսական ազատության «գործիքը»: Սա երկուստեք շահավետ գործարք էր, անշուշտ: Մնում է աշխարհաքաղաքական, արտաքին քաղաքական հարցերում համերաշխության ամրապնդումը, որը դրսևորվելու դեպքում տարածաշրջանում նոր գործընթացներ վստահաբար կընթանան՝ ի հակադրություն այլ խաղացողների շահերի ու ձգտումների:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: