Դասեր Ջիգարխանյանի ու իր նմանների համար

Nov 14, 2017 Comments Off on Դասեր Ջիգարխանյանի ու իր նմանների համար

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի շուրջ ծավալված աղմուկը չի լռում։ Նրանց հարաբերությունների զարգացմանը ուշիուշով հետևում են լրատվամիջոցները։

Լուրերը սկզբում հակասական էին, իրարամերժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ գրեթե բոլոր պետական պարգևների ասպետ Արմեն Ջիգարխանյանի մասին սկզբում տեղեկացվեց, թե նա ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել իր կնոջդեմ և նրան մեղադրել է իրեն սպանելու փորձի մեջ՝ ունեցվածքին տիրանալու նպատակով։ Դրանից անմիջապես հետո ԶԼՄ-ները գրեցին, որ իբր այս անգամ Վիտալինան է ահազանգ հնչեցրել ամուսնու անհետացման մասին և նույնիսկ պնդել է, թե նրան կարող են առևանգած լինել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ջիգարխանյանին ոչ ոք առևանգելու մտադրություն չունի, և դերասանը գտնվում է Մոսկվայի կլինիկաներից մեկում: Սակայն սկանդալն այսքանով չեզրափակվեց, այլ նոր թափ հավաքեց: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Ջիգարխանյանը պնդեց, որ կինն իրեն ամեն ինչից զրկել է, որ նա Վիտալինային տեսնել չի ցանկանում: Հետո խոսեց նաեւ նրա կինը, որն, ի դեպ, դերասանի երրորդ կինն է ու երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում, նույնքան վատ մեղադրանքների ամուսնու մասին հնչեցրեց նա՝ ասելով, թե ամուսինը իր հետ վատ է վերաբերել, իրեն գողության մեջ մեղադրել եւ այլն։

Ընտանիքին ճանաչողները կփաստեն, որ Ջիգարխանյանին եւ իրենից մի քանի անգամ փոքր կնոջը կապող գրեթե ոչինչ չեն տեսել տարիներ շարունակ, բացառությամբ ունեցած կատվի, որը երկուսի թուլությունն է եղել ու նրան համատեղ նախասիրությունների միակ առհավատչյան։ Ու չնայած Վիտալինան իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ դեռեւս 17 տարեկանից է Ջիգարխանյանի հետ ինքը սիրային կապի մեջ, սակայն այդ հարաբերությունները օրինականացվել են միայն վերջին տարիներին, այդուհանդերձ կյանքը ցույց տվեց, որ այդ կապը աշխարհի այն եզակի բացառություններից չէ, որը հիմնված է սիրո վրա, այլ առավել հաշվարկային հեռանկարի հիմքի վրա է կայացել։ Մի կողմ թողնելով դերասանի անգնահատելի վաստակն ու տաղանդը, նրա մեծ դերը ԽՍՀՄ և Հայաստանի մշակութային կյանքում, բոլոր դեպքերում Ջիգարխանյանի անձնական կյանքը չի կարող օրինակելիների շարքում դասել։ Երբ 82 տարեկան տղամարդը սիրավեպ է սկսում 36-ամյա կնոջ հետ և իր քայլը բացատրում է այն համոզմունքով, թե սերը տարիք չի հարցնում, ապա դժվար չէ դիմացինի տեսանկյունից գոնե նայել՝ իրո՞ք 36-ամյա կնոջը հատկապես սերն է նետել ծերունու գիրկը:

Ո՞ւմ հայտնի չէ, թե նման կապերի հիմքում ինչն է ընկած, և սովորաբար ինչ ավարտ են ունենում դրանք: Արդյունքում Ջիգարխանյանը հայտնվեց իր գայթակղությունների և թուլությունների ծուղակում, կորցրեց ողջ ունեցվածքը, տները, դարձավ անտուն, անապաստան․ թեպետ կարող էր իրեն ապահովագրել նախապես՝ կնքելով ամուսնական պայմանագիր: Իսկ, ահա երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի հայերը նրան լավ կահավորված բնակարան են նվիրել, որպեսզի կյանքի մնացած տարիները հայտնի դերասանը անցկացնի արժանապատիվ պայմաններում։ Սա այն դեպքում, երբ իր հիմնած թատրոնում Ջիգարխանյանը բացահայտ մերժում էր հայերին, նա աշխատանքի չէր ընդունում հայրենակիցներին՝ հայտարարելով, թե ինքը զուտ ռուսական թատրոն է կայացնում։ Կյանքը Ջիգարխանյանին։ Նրա պատմությունը անձամբ իր դերասանի եւ առհասարակ հայրենիքից հեռու ու հայրենիքից կտրված մարդու համար պետք է դաս լինի առ այն, որ ցանկացած իրավիճակում վերջին ապավենը մնում է հայրենիքն ու հայրենակիցները։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: