Կրակոցներ Գեղարքունիքի մարզում.դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմատի կրակված պարկուճներ, իսկ ավտոմեքենայի վրա կրակոցի հետքեր

Nov 13, 2017 Comments Off on Կրակոցներ Գեղարքունիքի մարզում.դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմատի կրակված պարկուճներ, իսկ ավտոմեքենայի վրա կրակոցի հետքեր

Երեկ՝ նոյեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում: Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել Աբովյան քաղաքի բնակիչ, 33-ամյա Ռուբեն Կարապետյանից, որ Կարճաղբյուր գյուղում ավտոմատից կրակել են իրեն պատկանող КрАЗ մակնիշի 06 ՕԼ 803 համարանիշի ավտոմեքենայի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 50-ամյա Արսեն Ավետիսյանին պատկանող մթերային խանութի մոտ կայանված է եղել КрАЗ մակնիշի ավտոմեքենան, որից 3 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է 6 հատ 7.62 տարմաչափի /ԱԿՄ/ ինքնաձիգի կրակված պարկուճ, 2 հատ դատարկ գնդակի միջուկ, իսկ ավտոմեքենայի հովացման համակարգի վրա հայտնաբերվել են 7 հատ գնդակի վնասած հետքեր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վարդենիսի ոստիկանները՝ Ոստիկանության պետ Ա. Հովհաննիսյանի գլխավորությամբ, պարզել են կրակոցներ արձակողի ինքնությունը, ով Կարճաղբյուր գյուղի բնակիչ է և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ նրան և հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Կարապետյանը աշխատում է «ԻՄՊԻԳՐԱ» ՓԲԸ-ի տնօրեն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննիչ Գրիգորյանի կողմից հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: