ՀՖՖ-ն պարզաբանում է Հայաստան-Բելառուս հանդիպման շուրջ պտտվող լուրերը

Nov 12, 2017 Չի մեկնաբանվել

Հայկական տարբեր լրատվամիջոցներ լուրեր տարածեցին, թե, իբր, նոյեմբերի 9-ին կայացած Հայաստան-Բելառուս հանդիպումը կրել է պայմանավորված բնույթ, ինչի առթիվ ՀՖՖ-ն պարզաբանում է.

«ՀՖՖ Մամուլի քարտուղարությունը ստիպված է հերթական անգամ պարզաբանել որոշ շահագրգիռ, պատվիրված, անձնական շահն ամեն ինչից գերադասող և ծախու գրչակների զրպարտանքն ու պրովոկացիան:

ՀՖՖ Մամուլի քարտուղարությունը մասնագիտական պարզաբանման նպատակով նախ դիմեց ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանին, ով միևնույն ժամանակ ՈւԵՖԱ-ի «Պայմանավորված խաղերի և կասկածելի խաղադրույքների» Հայաստանի պատասխանատու համակարգողներից մեկն է.

«Նախ նշեմ, որ պայմանավորված խաղերը և կասկածելի խաղադրույքներն իսկապես լուրջ մարտահրավեր են ինչպես ֆուտբոլի, այնպես էլ գրեթե բոլոր այլ մարզաձևերի համար: Այդ իսկ պատճառով ՖԻՖԱ-ն, ՈւԵՖԱ-ն, միջազգային և ազգային գրեթե բոլոր իրավապահ մարմինները համագործակցաբար ամենախիստ մեթոդներով պայքար են մղում պայմանավորված խաղերի և կասկածելի խաղադրույքների կազմակերպիչների և մասնակիցների դեմ: Կարևոր է նշել նաև այս համագործակցության կարևոր մասնակիցների, բուքմեյքերական ընկերությունների դերը, ովքեր շահագրգիռ են նշված ապօրինի գործունեության արդյունքում խոշոր դրամական կորուստներից ապահովագրվելու համար:

Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համագործակցում է ՈՒԵՖԱ-ի «Պայմանավորված խաղերի և կասկածելի խաղադրույքների» վարչության և կասկածելի կամ պայմանավորված խաղերի բացահայտմամբ զբաղվող Sportradar միջազգային կազմակերպության հետ: Հայաստանում արդեն իսկ կան բացահայտումներ, որոնք գտնվում են դատավարական գործընթացում:

Պետք է նշել, որ ՀՖՖ-ն խնդրո առարկա խաղի վերաբերյալ չի ստացել որևէ զեկույց ոչ ՈՒԵՖԱ-ի, և ոչ էլ Sportradar-ի կողմից, և այդ պատճառով կարող ենք վստահաբար հայտարարել, որ խաղի կասկածելի կամ պայմանավորված լինելու վերաբերյալ հայտարարությունները ոչ այլ ինչ են՝ քան զզվելի և խայտառակ զրպարտանք։

Ինչ վերաբերում է Federbet ընկերությանը, ապա այն կատարել է ընդամենը հարցական նշանով ֆեյսբուքյան գրառում, որը շահագրգիռ և ակնհայտ պատվեր կատարող որոշ լրատվամիջոցներ փորձել են մատուցել որպես ցանկալի իրականություն: Ավելացնենք նաև, որ Federbet-ը բավականին երիտասարդ հասարակական կազմակերպություն է, ակնհայտորեն չունի բավարար ռեսուրսներ ծավալուն վերլուծության համար (համոզվել ենք նախկինում արված պաշտոնական հարցման արդյունքում) և, որ նրանց կողմից «որակված» բազմաթիվ խաղեր մանրակրկիտ ստուգվել և հերքվել են ՈւԵՖԱ-ի համապատասխան մարմնի կողմից»:

Վերադառնալով ՀՖՖ-ին, հայկական ֆուտբոլը և ազգային հավաքականին միգուցե բարձր գումարի դիմաց, սակայն էժանագին պատվերով վարկաբեկելու, զրպարտելու և սադրելու փորձերին՝ նշենք, որ հայտնի լրատվամիջոցն այն կատարում է ծիծաղելու աստիճան անորակ և տգիտության բացահայտ դրսևորմամբ, ինչի վառ ապացույցն են վերջին գրեթե մեկ տարվա «ֆուտբոլային» բոլոր հրապարակումները: Զրոյական գիտելիքներ քննադատվող ոլորտի մասին, տարրական տրամաբանությունից զուրկ եզրահանգումներ, փաստերի ակնհայտ խեղաթյուրում և այլն:

Անթույլատրելի ենք համարում անձնական, նեղ շահադիտական նկրտումներով մի ողջ ոլորտի և նրա հավաքական կերպարի էժանագին զրպարտումը, որի զարգացման և լավագույն արդյունքների համար քրտնաջան մարզվում և աշխատում են հազարավոր ազնիվ մարդիկ: Հայտարարում ենք, որ նման վարքագծի շարունակության պարագայում ստիպված կլինենք օրենքով սահմանված կարգով դիմել համապատասխան միջոցների:

Սպորտ
Անդրադարձներ չկան to “ՀՖՖ-ն պարզաբանում է Հայաստան-Բելառուս հանդիպման շուրջ պտտվող լուրերը”

Մեկնաբանել