Ցմահ դատապարտյալին վաղաժամկետ ազատ չեն արձակում (տեսանյութ)

Nov 12, 2017 Comments Off on Ցմահ դատապարտյալին վաղաժամկետ ազատ չեն արձակում (տեսանյութ)

Վաղաժամկետ ազատ արձակման  Անկախ  հանձնաժողովի նախագահն արդեն 3-րդ նիստն է՝ չի ներկայանում ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանի գործով դատական նիստին:

«Անպայման ներկայացուցիչը պետք է, որ գա: Եթե ինչ որ մեկը օրենքից վեր է եւ չի ցանկանում ենթարկվել դատարանի կարգադրությանը, կարծում եմ, որ այդ դեպքում դատարանը հարկադրանքի միջոցներ պետք է կիրառի»,- ասաց փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում բողոքարկվում էր  անկախ հանձնաժողովի որոշումը, ըստ որի մերժվել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը:   «Երբ տարիների ընթացքում նայեք իր բնութագրիչ տվյալները, հարգալից վարքը աշխատակիցների նկատմամբ, քրեական ենթամշակույթի նկատմամբ անտարբեր է, խրախուսանք էլ կար, արդյո՞ք դա են դիտում ոչ պատշաճ վարքագիծ»,- ասում է Ռոբերտ Ռեւազյանը:

Դատավոր   Արթուր Ադամյանը ընդամենը 2 րոպե թույլ տվեց տեսանկարահանում անցկացնել։  Արդեն 23 տարի անազատության մեջ գտնվող Ստեփան Գրիգորյանը անկախ հանձնաժողովի նախագահին մի քանի հարց ուներ՝ ի՞նչ է նշանակում ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորելը: « Անձամբ ես այդ արտահայտության տակ հասկանում եմ ոչ օրինապահ վարքագիծ, վիրավորանքներ տարբեր բնույթի , ոչ ճիշտ պահելաձեւ: Հարգարժան պարոն նախագահը թող տեղեկացնի, թե որն եմ դրսեւորել հանձնաժողովի ներկայանալու ժամանակ: Իսկ ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորողներին տանում են պատժախուց»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Դատավորն այնուամենայնիվ որոշեց առանց անկախ հանձնաժողովի նախագահի ներկայության շարունակել դատական նիստը: Փաստաբան  Ռոբերտ Ռեւազյանն առարկեց՝ քրեական դատավարությունը պարտադիր պայման է դիտում  դատարանում կալանավորի պատիժը կրելուց վաղաժամկետ ազատ արձակվելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննությանը  հանձնաժողովականի  ներկայությունը:

Պաշտպանը դատավորին փոխանցեց Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունները, ինչից հետո դատավոր Արթուր Ադամյանը ստիպված եղավ նիստը հետաձգել:

Ի դեպ, 25 ցմահ դատապարտյալ արդեն  բանտում են 20 տարի եւ ըստ օրենքի՝  կարող են դիմել վաղաժամկետ ազատ արձակման։ «Չի գործում այդ համակարգը մեզ  մոտ: ՄԻԵԴ որոշում կա, եթե դու ցմահ ես տալիս եւ վաղաժամկետ ազատ արձակվելու հնարավորություն չես տալիս, դա անմարդկային վերաբերմունքի դրսեւորում է»,-եզրափակեց Ռոբերտ Ռեւազյանը:

Մանրամասները՝ a1plus.am-ի տեսանյութում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: