Չավուշօղլուն Փայլանից հետաքրքրվել է, որտե՞ղ է Երևանի Սարդար պալատը

Nov 11, 2017 Comments Off on Չավուշօղլուն Փայլանից հետաքրքրվել է, որտե՞ղ է Երևանի Սարդար պալատը

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը 2018-ի բյուջեի քննարկումների ժամանակ բանավեճ է ունեցել Թուրքիայի վարչապետի օգնական Հաքան Չավուշօղլուի հետ:

«Ակոս»-ը մանրամասնում է, որ ամեն ինչ սկսել է ազգային փոքրամասնությունների վերաբերյալ քննարկումից:

«Մեր համոզմամբ, երկրի փոքրամասնությունները պետք է լիիրավ քաղաքացիներ համարվեն»,-ասել է կառավարության ներկայացուցիչն ու թվարկել այն հաստատությունները, որոնք պետությունը վերադարձրել է նախկին տերերին:

«2003-2014 տարիների ընթացքում 1029 կալվածներ են վերադարձվել իրենց նախկին տերերին։ Իսկ 21 կալվածների համար պետությունը հատուցում է կատարել»,-ասել է Չավուշօղլուն՝ անդրադառնալով նաև հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

Դիմելով Գարո Փայլանին՝ նա հետաքրքրվել է, արդյոք նա որևէ տեղեկությունի ունի Երևանի Սարդար պալատի մասին, որտե՞ղ է այդ պալատը հիմա, մնացորդները կա՞ն:

«Գիտե՞ք, ով է այն կառուցել: Երևանի խան Հուսեյն Ալին: Մի մամուլի ասուլիս հրավիրեք, այս հարցերին պատասխանելու համար կոչ ուղղեք Հայաստանի կառավարությանը: Եթե նրանք չեն կարող, թող կապ հաստատեն Թուրքիայի համագործակցության ու համակարգման գործակալության հետ, մենք կաջակցենք նրանց»,-ասել է վարչապետի օգնականը:

Ի պատասխան Գարո Փայլանը նախ ցավ է հայտնել, որ այս կառավարությունը որդեգրել է նախորդի մտածելակերպը, ապա մասնավորապես հայտարարել. «Հիմա մենք լսում ենք, այնպիսի խոսքեր, որոնք սովոր ենք լսել մանկուց: Մենք ոչ աղանդ ենք, ոչ՝ պատանդ: Մենք քաղաքացիներ ենք: Քաղաքացիներ, որոնք հազարավար տարիներ ապրում են այս հողում: Պետությունը ստիպված է մեզ հետ հարաբերություններում որդեգրել համաշխարհային սկզբունքերով որդեգրված կանոններ: Ես Թուրքիայի Հանրապետության պատգամավոր եմ: Ինձից չեք կարող պահանջել հաշիվ Հայաստանի կամ էլ օրինակ Հունաստանի մերժողական քաղաքականության համար: Թուրքիան պետք է իր քաղաքականությամբ արդար գործի, որպեսզի ես էլ ձեզ հետ միասին այլ երկրների բացասական գործողությունների դեմ պայքարեմ»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: