Սերժ Սարգսյանի հայտարարությունն ու ՌԴ–ում հայկական լոլիկի ոչնչացումը

Nov 11, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանի հայտարարությունն ու ՌԴ–ում հայկական լոլիկի ոչնչացումը

«Փաստ» օրաթերթը գրում է. ՌԴ Ռոստովի մարզում «Ռոսսելխոզնադզորի» տարածաշրջանային վարչությունն արգելել է Հայաստանից 21 տոննա լոլիկի ներմուծումը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Հայաստանից ներմուծված մթերքն ուղարկվել է հատուկ լաբորատորիա՝ փորձաքննության: Պարզվել է, որ լոլիկում առկա է վտանգավոր կարանտինային վնասատու՝ հարավամերիկյան լոլիկի ցեց: Նշվում է, որ 21 տոննա լոլիկը ոչնչացվել է: Հայկական կողմն այս մասին որևէ տեղեկություն չի ստացել: Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ՍԱՊԾ–ը գրություն է ուղարկել գործընկեր կառույցին՝ տվյալներ ստանալու նպատակով: «Մենք տեղեկություններ չունենք, թե շուրջ 21 տոննա հայկական արտադրության ոչնչացված լոլիկի ի՞նչ բեռի մասին է խոսքը, ո՞վ է արտահանել այն»,– փոխանցեց գերատեսչության ներկայացուցիչը: Հետաքրքրական է, որ օրեր առաջ Սերժ Սարգսյանը հայկական լոլիկի ռուսական շուկա մատակարարման հարցը մեկնաբանել էր և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է մրցակցել ռուսական շուկայի մատակարարների հետ և անգամ ճնշել նրանց: Փաստորեն, հայտարարությունից օրեր անց ռուսական կողմը հայկական արտադրության լոլիկներ է ոչնչացնում: Ի դեպ՝ պտուղբանջարեղենային արտադրանքի ամենախոշոր հայկական արտադրող «Սպայկա» ընկերության տվյալներով՝ 2016–2017 թվականներին Հայաստանից ՌԴ ջերմոցային լոլիկների արտահանումն ավելացել է՝ հասնելով տարեկան 30 հազար տոննայի:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: