Վանաձորի հարցում «Ելք»-ը ստանում է միավորներ, պայմանով, որ զուսպ լինի այլ հարցում

Nov 11, 2017 Comments Off on Վանաձորի հարցում «Ելք»-ը ստանում է միավորներ, պայմանով, որ զուսպ լինի այլ հարցում

«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Վանաձորի ավագանու նիստերն ու որոշումները, բայց դե ֆակտո, այսինքն՝ այսպես ասած ավանսով՝ մարտի 31-ից հետո: Բանն այն է, որ դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՏԻՄ այն օրենքը, որին հղում անելով, մինչ այժմ գործել է Վանաձորի քաղաքապետը եւ ավագանին: Բայց ստացվում է, որ քանի դեռ օրենքը հակասահմանադրական ճանաչված չէր Բարձր դատարանի որոշումով, դրանով գործելը հավասարազոր էր օրենքով գործելուն:

Վանաձորի ավագանու ընտրությունից հետո ստեղծվեց մի իրավիճակ, երբ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ ԲՀԿ կուսակցությունները սկսեցին բոյկոտել ՀՀԿ եւ ՀՅԴ մեծամասնությանը:

Դրա պատճառն այն էր, որ փակ քվեարկությամբ քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ թեկնածուն, այն դեպքում, երբ «Լուսավոր Հայաստան»-ը, ՀՎԿ-ն ու ԲՀԿ-ն պայմանավորվել էին առաջադրել իրենց թեկնածուին եւ կարողանում էին ապահովել նրա ընտրության համար մեծամասնություն: Սակայն այդ մեծամասնության 4 ներկայացուցիչ, հայտնի չէ, թե որ կուսակցությունից, փակ քվեարկությանը քվեարկեց ՀՀԿ թեկնածուի օգտին, որն էլ առ այսօր քաղաքապետ է: Երեք ուժերը «Լուսավոր Հայաստան»-ի կոչով սկսեցին բոյկոտել նիստերը քվորում չապահովելու համար: ՀՀԿ-ՀՅԴ փոքրամասնությունը սակայն նիստեր էր անցկացնում եւ կայացնում որոշումներ: Եվ ահա այժմ, ՍԴ որոշմամբ, այդ ամենը ճանաչվում է հակասահմանադրական, եւ որոշումն ուժի մեջ կմտնի 2018-ի մարտի 31-ից:

Ֆորմալ առումով իրավական այդ որոշումը անկասկած ունի բավականին լուրջ քաղաքական նշանակություն: Բանն այն է, որ իհարկե Վանաձորի մասշտաբով, սակայն Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել ՀՀԿ-ի դեմ: Դատարանը այսպես ասած իրավական կառույց է, սակայն կասկածից վեր է, որ այստեղ որոշումները, հատկապես քաղաքական ենթատեքստ պարունակող հարցերում, կայացվում են այսպես ասած քաղաքական տրամաբանությամբ, անգամ եթե իրավական հիմքերը ունենում են աղաղակող հակառակ բնույթ:

Ի վերջո ՍԴ-ում են կայացվել Հայաստանի բոլոր համապետական ընտրությունները՝ այսպես ասած սահմանադրական ճանաչելու որոշումները: Դա մի իրողություն է, որը երեւի թե չունի ավելորդ ապացույցների կարիք: Առավել եւս ներկայիս որոշման պարագայում, որը պարունակում է մի քանի տողատակ: Ստացվում է, որ մի կողմից եղել է Վանաձորի քաղաքային իշխանության հակասահմանադրական գործողության բազա, մյուս կողմից՝ ՍԴ-ն իր ներկայիս որոշումով ոչ միայն բաց է թողնում դրա համար պատասխանատվության հարցը, այլ ըստ էության նույնիսկ տալիս ժամանակ մինչեւ 2018-ի մարտի 31:

Իսկ կապ ունի՞ արդյոք այդ ժամկետը ներիշխանական վերադասավորումների եւ 2018-ի հայտնի խնդրի հետ: Չէ՞ որ ապրիլին է Սերժ Սարգսյանը վայր դնելու նախագահական լիազորությունը, եւ դրանից հետո ձեւավորվելու է արդեն ամբողջական խորհրդարանական կառավարման համակարգը՝ իր առանձնահատկություններով եւ ներիշխանական նոր հոգեբանությամբ, ու թերեւս նաեւ ինչ-որ իմաստով նոր ստատուս-քվոյով: Ի վերջո ակնհայտ է նաեւ, որ ՍԴ հերթական, այսպես ասած, ոչ տաք, ոչ սառը՝ գոլ որոշումից մի կողմից գոհ, մյուս կողմից դժգոհ են թերեւս բոլոր կողմերը: Այդպիսով ստացվում է, որ Վանաձորի ՀՀԿ մեծամասնությունը մի կողմից ստանում է այսպես ասած քարտ-բլանշ մինչեւ մարտի 31-ը, բայց մյուս կողմից նաեւ ստանում է այսպես ասած դեղին քարտ՝ առաջին դեղինը, որին կարող է հետեւել նաեւ կարմիրը: Միեւնույն ժամանակ այդ որոշումը որոշակի միավորներ է ավելացնում «Ելք» դաշինքին, որի մաս է կազմում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որն էլ մոտ մեկ տարի փորձում էր հասնել Վանաձորի վերաբերյալ նվազագույնն այդօրինակ որոշման:

Ի՞նչն էր սակայն ավելի անհրաժեշտ՝ հարված կամ դեղին քարտ ՀՀԿ այսպես ասած վանաձորյան թեւին, որը թերեւս արտահայտվում է այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանով, եւ որը թերեւս 2018-ի ապրիլից առաջ այսպես ասած կախվում է երկրորդ դեղինի ռիսկից, թե՞ «Ելք»-ին կամ «Լուսավոր Հայաստան»-ին միավոր տալը:

Իսկ արդյո՞ք ՍԴ որոշումը կարող է պարունակել այսպես ասած փոխանակման տրամաբանություն, կապակցված լինելով Զինապարտության մասին օրենքի հարցում ստեղծված իրավիճակի հետ, որտեղ «Ելք»-ը հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից եւ թերեւս փորձում է նաեւ նպաստել ուսանողական բողոքի ալիքին:

Այսինքն՝ Վանաձորի հարցում «Ելք»-ը ստանում է միավորներ, պայմանով, որ այսպես ասած զուսպ լինի Զինապարտության մասին օրենքի հարցում: Բայց արդյո՞ք դաշինքը իշխանության համար այդքան խնդրահարույց էր զինապարտության օրինագծի հարցում, որ առաջացել էր ՀՀԿ թեւերից մեկին հարվածի գնով միավորներ տալ «Ելք»-ին եւ բերել քաղաքական լռելյայն փոխզիջման: Թե՞ այդուհանդերձ բուն շարժառիթը հենց ՀՀԿ ներքին հարաբերություններում էր:

Մի բան հստակ է, որ Սահմանադրական դատարանի որոշումը, առաջին հայացքից հանգուցալուծելով իրավիճակը Վանաձորում, իրականում էլ ավելի է խճճել այն եւ բացել նոր շերտեր, կամ այլ կերպ ասած՝ ստեղծել է վանաձորյան քաոսը երկարաձգելու նոր լիցք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: