Կարիերիստը` ԵՊՀ վերնախավում

Nov 13, 2017 Չի մեկնաբանվել

ԵՊՀ աշխատակազմի ղեկավար և գնումների հանձնաժողովի նախագահ Ալիկ Ղարիբյանը կրկին ակտիվացել է: Նա վերջին օրերին քննադատում է դասադուլ կազմակերպող ուսանողների գործունեությունը՝ նշելով, թե մենք ազգային անվտանգության խնդիր ունենք, և եթե վերադաս մարմինները նման որոշում են կայացրել, պետք է ընդունել: Բայց պարզվում է՝ ժամանակին նա ակտիվ պայքարել է  տարկետումը վերացնելու մասին օրենքի դեմ: Ավելին՝ նա ժամանակին օգտվել է այդ իրավունքից և, ինչպես արդեն հասկացաք, բանակում չի ծառայել:  Տարկետում ստանալով՝ դարձել է նախ ուսանող՝ բակալավրիատի, ապա մագիստրատուրա, հետո ասպիրանտուրա և պատմական գիտությունների թեկնածու: Զուգահեռաբար, շնորհիվ իր գիտական ղեկավար ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի, տաքուկ տեղավորվել է ԵՊՀ-ում և հրահանգում է փակել դռները, որպեսզի ուսանողները ցույցի չգնան: Ուսանողական տաիրներին դաշնակցական էր, նրան անգամ խմբապետ Ալիկ էին ասում, հետո արդեն սահուն կերպով մտավ ՀՀԿ: Առաջին անգամ այս  կարիերիստի կերպարը հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեց 2013 թվականի փետրվարին, երբ ԵՊՀ ուսանողները կրկին դասադուլ և ցույցեր էին անում: Այն ժամանակ այս տղան դասադուլավորներին ծեծի ենթարկելու հրաման էր տվել, ինչպես նաև իրեն թույլ էր տվել սպառնալ՝ նրանց վրա «ախալքալաքցիների զորք բերելով»:

Հետաքրքիր է, երբ մի ամիս առաջ Ախալքալաքի Գումբուրդո գյուղում տեղացիները կռիվ էին տալիս Վրաստանի իրավապահների հետ՝ հանուն ազգային ինքնության, նախնիների հիշատակի և հավատի, որտե՞ղ էր այս Քաջ Նազարը: Գոնե որպես պատմաբան մի կարծիք արտահայտեր կամ մի հոդաբաշխ ստատուս գրեր ֆեյսբուքում: Պարզ է, որ Գումբուրդո զորք տանելու քաջություն չէր ունենա, բայց գոնե բարոյական աջակցություն հայտներ՝ ասելով, որ հետևում է իրադարձություններին:

Թյուրիմացություններից զերծ մնալու համար նշենք, որ Ալիկ Ղարիբյանը ախալքալաքցի չէ, նա ծնունդով մարտունեցի է: Բայց սա խնդրի բուն էության հետ կապ չունի՝ ի վերջո եթե մարդու տեսակը սողուն է կամ քծնող, ծննդավայրը մեղավոր չէ:

Ալիկ Ղարիբյանի մասին Facebook-ի իր էջում համապարփակ գրառում է կատարել նրա համակուրեսցին՝  «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: Նրա գրառումը ներկայացնում ենք առանց մեկնաբանության.

«Սա Ալիկն է։ Նա ԵՊՀ աշխատակազմի ղեկավար եւ գնումների հանձնաժողովի նախագահ է։ Նա իմ համակուրսեցին է։

Նա մասնակցել է 2004-ի «Զինապարտության մասին օրենքի» դեմ ուսանողական շարժմանը, օգտվել է այդ շարժման շնորհիվ պահպանված տարկետման իրավունքից, եղել է Արամ Սիմոնյանի ասպիրանտը, բայց այսօր հասկացել է, որ մեծ սխալ է գործել եւ այժմ դեմ է տարկետման ինստիտուտին։ Նա հասկացել է, որ ուսանողներից ոչ մի լավ բան սպասել չի կարելի, փորձում է ճնշել տարկետման պահպանման համար մղվող ուսանողական շարժումը եւ սպառնում է «դիմել կտրուկ մեթոդների»։ Նա հավանաբար ուզում է կրկին գործի դնել ԵՊՀ «ախալքալակցիների գունդը», ինչպես երանելի 2013-ին։

Մի ժամանակ նա դաշնակցական էր: Ու կապ չունի, որ Հայոց պատմության ամբիոնում, որտեղ նա սովորում էր, լիքը դաշնակցական դասախոսներ կային, կրթության եւ գիտության նախարարը դաշնակցական Լեւոն Մկրտչյանն էր, իսկ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը, որը շատ էր սիրում դաշնակցականներին:

Հետո նա հասկացավ, որ չի ուզում դաշնակցական լինել եւ հարում է հանրապետականների գաղափարական արժեքների: Ու կապ չունի, որ էդ ժամանակ արդեն ԵՊՀ ռեկտոր եւ իր ասպիրանտական թեզի ղեկավար Արամ Սիմոնյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը հանրապետական էին: Հիմա ԿԳ նախարարը նորից դաշնակցական է, եւ Ալիկի համար դժվար է: Նա չի ուզում քաղաքանացվել եւ ուսանողներին եղբայրաբար խորհուրդ է տալիս չքաղաքանացվել:

Նա անձնվիրաբար աշխատում է ԵՊՀ-ում եւ ստանում 150-200.000 դրամ աշխատավարձ։ Նրան չեն պատկանում սուրճի ապարատներ եւ պատճենահանման կետեր ԵՊՀ տարածքում։ Նա գումարներ չի աշխատում քննությունների եւ մասնավորապես հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակ։ Այդ ամենը ստոր հերյուրանքներ են։ Նա կարողանում է գումար հետ գցել, ինչի շնորհիվ պաշտոնավարման դեռ առաջին տարում կառուցում է այս առանձնատունը։

Մի եղիր Ալիկի պես… Ուղղակի մի եղիր Ալիկի պես եւ վերջ։ Հավատա, պետք չի»:

Հիշեցնենք նաև, որ  2013 թվականին մամուլում բաց նամակ է հրապարակվել՝ ուղղված կրթության եւ գիտության այն ժամանակվա նախարար Արմեն Աշոտյանին եւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, որտեղ նշվում էր, որ Երեւանի պետական համալսարանի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը, ստանալով 150 000–200 000 դրամ աշխատավարձ, իր պաշտոնին նշանակվելուց հետո, մեկ տարվա ընթացքում շքեղ առանձնատուն է կառուցել Երեւանի Դավթաշեն թաղամասում եւ շքեղ 2 ավտոմեքենա գնել /տես նկարը/: Նշվում էր նաև, որ նա ԵՊՀ-ում մի շարք բիզնեսներ ունի:

 

Կարինե  Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Կարիերիստը` ԵՊՀ վերնախավում”

Մեկնաբանել