Ուսանողական շարժումն ու իշխանության վախերը

Nov 14, 2017 Comments Off on Ուսանողական շարժումն ու իշխանության վախերը

Տարկետման իրավունքի համար պայքարող ուսանողների գործունեությունը շարժման վերածվելու բոլոր նախադրյալներն ունի: Ուսանողությունն այն բացառիկ ուժն է, որից վախենում են աշխարհի բոլոր իշխանությունները, և Հայաստանի իշխանությունը չի կարող բացառություն լինել: Վարչապետի արագ արձագանքը դրա առաջին վկայությունն էր: Երկրորդ ծիծեռնակը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում օրինագծի երկրորդ ընթերցման համար նախատեսված քննարկման հետաձգումն էր: Հանձնաժողովի նիստը քվորում չլինելու պատճառով չի կայացել: Ենթադրաբար իշխանությունը պետք է փորձի անել ամեն ինչ, որպեսզի ուսանողական դասադուլները լուրջ շարժման չվերածվեն: Ուստի ենթադրելի է, որ իշխանությունն ամեն կերպ փորձելու է  փչացնել երիտասարդների շարժումը՝ ասելով, որ այն ուղղորդված է, հետևում ոմանց ականջներն են թաքնված, Բաղրամյան 26-ի, կառավարության կամ էլ ընդդիմադիր որոշ ուժերի մատն է խառը այս պատմության մեջ: Իրականում, սակայն, կա ներքին վախ. բա որ հանկարծ այս ջահելները իսկապես անեն այն, ինչ չկարողացան անել բազմաթիվ քաղաքական ուժեր, բա որ իսկապես երիտասարդներին հաջողվի դասադուլներով 5000 ուսանողի փողոց դուրս բերել: Դա իսկապես կվերածվի սոցիալական շարժման: Իսկ այսպիսի շարժման մոտիվացիա իրականում կա:

Տարկետման վերացման դեմ դուրս եկածներին քննադատողները ընդամենը մի հակափաստարկ են բերում՝ նրանք չեն ուզում ծառայել հայրենիքին: Նախ պայքարի դուրս եկած երիտասարդներից որևէ մեկը երբեք չի ասել, որ չի ուզում ծառայել կամ չի գնալու բանակ: Երկրորդ՝ պայքարողների մեջ կան նաև բանակում ծառայածներ, ավելին՝ անգամ ապրիլյան պատերազմի մասնակիցներ: Ուստի այս հարցը փակված է ի սկզբանե: Եթե ծառայությունը նպաստելու է մասնագիտության զարգացմանը, ապա սա կարող է լինել միանգամայն ընդունելի: Բայց ՊՆ-ի առաջարկած <<Պատիվ ունեմ>> ծրագիրը բոլորովին այլ բանի մասին է, նախ այս ծրագրով պարտադրվում է մարտական ծառայություն, որը չի կարող մասանագիտական լինել. բացի այդ՝ այս դեպքում խոսքը 3 տարվա ծառայության մասին է, ինչը նշանակում է, որ տարկետման դիմաց պետությունը ավելացնում է զինծառայության ժամկետը: Տարկետման խնդիրն իրականում շատ ավելի նուրբ է և ունի խորքային շերտեր: Իրականում հայտարարելով, թե բոլորն այսուհետ ծառայելու են, պետությունը փորձում է լեգիտիմացնել տարիներ շարունակ չծառայածների ներկայությունը իշխանության վերին էշելոններում: Այդ ո՞ւմ համար պարզ չէ, որ եթե տարկետումը իսկապես վերացվի, ապա պատգամավորների և բարձրաստիճան պաշտոնյաների որդիները անպայման ծառայելու են, բայց ոչ թե առաջին գծում, ինչպես սովորական մահկանացուների երեխաները, այլ ՊՆ-ի աշխատասենյակներում, այս կամ այն գնդի տաքուկ անկյունում, որտեղ երբեք ադրբեջանցի դիվերսանտը չի հայտնվում: Նրանք դա անելու են կա՛մ իրենց ունեցած հզոր և ազդեցիկ կապերով, կա՛մ էլ փողով ու այլ ճանապարհով:

Այսինքն՝ նրանք, ովքեր նախկինում տարկետում էին ստանում, ոչ թե գիտնական կամ բարձրակարգ մասնագետ դառնալու, այլ չծառայելու համար, նորից շարունակելու են չծառայել, բայց այս անգամ կեղծ ծառայության քողի տակ: Որևէ մեկը չի հավատում, որ ծառայություն ասվածը բոլորի համար հավասար է լինելու: Չեն հավատում, որովհետև մարդիկ, ովքեր խոսում են տարկետման իրավունքի վերացման և հայրենիքի նկատմամբ պարտք կատարելու մասին, դասական իմաստով չեն ծառայել բանակում՝ սկսած պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից, վերջացրած վարչապետի քաջարի օգնականով:

Հետևաբար տարկետում ստացած երիտասարդների այն հատվածը, որն իսկապես արժանիորեն վաստակել է այս իրավունքը, ներքին ըմբոստություն է ապրում: Նրանք իրավունք ունենք այդ հարցը տալու՝ ինչո՞ւ մենք չունենք նախ կրթություն ստանալու, ապա միայն բանակում ծառայելու իրավունք, չէ՞ որ այդ իրավունքը դուք ունեցել եք:

 

Հայկ  Դավթյան

 

 

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: