Փրփուրներից կախված հավաքական

Nov 11, 2017 Չի մեկնաբանվել

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները չէին հասցրել տոնել ընկերական խաղում Բելառուսի նկատմամբ տարած հաղթանակը, երբ միջազգային լրատվամիջոցները բացահայտեցին սկանդալը՝ խաղի պայմանավորված լինելու մասին: Բուքմերքերական հեղինակավոր ընկերություններում Հայաստան-Բելառուս հանդիպման ընթացքում գործակիցների անսովոր  շարժեր են եղել:Մասնավորապես, Federbet բուքմեյքերական ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կասկածի տակ դնելով Հայաստան-Բելառուս հանդիպման արդար ընթացքը: Ընկերությունը հայտարարել է, որ խաղի ընթացքում նկատվել է խաղադրույքների և գործակիցների ոչ սովորական ակտիվություն, ինչը չի եղել հանդիպումից առաջ: Federbet-ի համաձայն՝ չնայած նրան, որ 41-րդ րոպեին հաշիվը 0:0 էր, խաղում 3 գոլ լինելու գործակիցը բարձրանալու փոխարեն մնացել է 2.00: «Կասկածները հաստատվել են, երբ առաջին խաղակեսի վերջնամասում հայկական թիմը խփել է 2 գոլ, իսկ երկրորդ խաղակեսի սկզբնամասում հաշիվը դարձել է նաև 3:0:Ստացվում է, որ կասկածելի խաղադրույքը, որը արտահայտվում էր գործակցի ոչ սովորական փոփոխությամբ, աշխատեց» ,-հայտարարել է նշված ընկերության ներկայացուցիչը: Բուքմեյքերական ընկերություններում, ըստ էության, տեղյակ են եղել, որ հանդիպումը գոլառատ է լինելու և չեն փոփոխել գործակիցները՝ տույժ չկրելու համար: Միջազգային մամուլը հիշատակում է, որ Հայաստանի հավաքականը առաջին անգամ չէ մեղադրվում պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ հիշատակելով 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի հետ հայտնի հանդիպումը:

Երեկ ֆուտբոլի Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպումը, որն ավարտեց հօգուտ մեզ 4/0 հաշվով,  ինքնին անհավանական ու անիրական էր թվում: Հայկական ֆուտբոլի վերջին շրջանի խայտառակ պարտություններից կարճ ժամանակ անց եւ ահա մեր հավաքականը հանկարծ 4 գնդակ է ուղարկում մրցակցի դարպասը, որոնցից 2-ը՝ 11 մետրանոց տուգանային հարվածով: Նույն հավաքականն է, նույն կազմը, նույն մարզիչը, ոչինչ չի փոխվել ու բնական հարց է ծագում, եթե տղերքը կարողանում են խաղալ, ինչու միշտ չեն  խաղում:  Իրականում եթե նույնիսկ  Federbet-ը հանդես չգար նմանատիպ կասկածներով, Հայաստանում առանց դրա էլ շատերի համար հստակ էր, որ գործի էր դրվել Հայկական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի փրկության սցենարը, որի ակտիվ դերակատարները, ցավալիորեն, ազգային հավաքական անվան տակ հանդես եկող մեր տղաներն են: Վերջին ժամանակների խայտառակ պարտություններից հետո Հայրապետյանի վարկանիշի կտրուկ անկումն ու նրա հրաժարականի պահանջն ու ինքնապահանջը թերեւս այլ ելթ չեն թողել մեր ՀՖՖ ղեկավարին, քան բեմադրել նման մի ներկայացում՝ հայկական ֆուտբոլը վերածելով սեփական բիզնես շահերի, ինչպես նաեւ ամբիցիաների բավարարման միջոցի:

Աշխարհի առաջնության ընտրական ցիկլը  տապալած հավաքականն էլ խամաճիկ դարձած կատարել է նրա կամքը: Միթե սրանից հետո իմաստ ունի Հայաստանում ունենալ ազգային հավաքականը, իհարկե՝ ոչ: Չէ՞ որ այլեւս հնարավոր չէ վերադարձնել ամենակարեւորը՝ հանդիսատեսին: Եվ երեկ դրա վկայությունը դարձան դատարկ տրիբունաները: Հազարավոր ֆուտբոլասերներ պարզապես բոյկոտեցին խաղը, իսկ ներկա մոտ 100 երկրպագուներ մարզադաշտ էին եկել` ՀՖՖ նախագահի հրաժարականը պահանջող պաստառներով: Հիմա կարելի է գոնե փրկել հայկական ֆուտբոլը, որը 73-ի Արարատ է ունեցել:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Փրփուրներից կախված հավաքական”

Մեկնաբանել