«Ականջներդ կկտրեմ». միջադեպ զինված խմբի գործի ժամանակ

Nov 10, 2017 Comments Off on «Ականջներդ կկտրեմ». միջադեպ զինված խմբի գործի ժամանակ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է 2015 թ. նոյեմբերին ԱԱԾ-ի կողմից մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի գործով դատական հերթական նիստը:

Այս փուլում դատարանը հետազոտում է գործում եղած ապացույցները: Դրանք հրապարակելու ժամանակ, սակայն, միջադեպ է տեղի ունեցել զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի եւ գործով մեղադրող դատախազներից Սարգսյանի միջեւ: Վերջինս հրապարակեց լուսանկար, որում պատկերված էր Արթուր Վարդանյանը գերեզմանաքարի կողքին:

Երբ այն ներկայացվեց որպես «Շռամ Վալերիկ» անվամբ ինչ-որ անձնավորության գերեզմանի մոտ արված լուսանկար, Արթուր Վարդանյանը զայրացավ:

«Ինչ-որ անձնավորությունը դու ես, ամեն ինչ բացահայտեցիք, էդ մի բանը չկարեցաք: Եթե հայրանունը Վալերիկի է, ուրեմն ես հորս գերեզմանի մոտ եմ, իմ հայրը ինչ-որ անձնավորություն չէ»,- բղավեց Վարդանյանը:

Արթուր Վարդանյանը խոսքի ընթացքում ձեռքերը զարկեց իրար, նախագահողը, որ անընդհատ սաստում էր նրան, պահանջում էր տեղից առանց թույլտվության չխոսել, զայրացավ. «Մի՛ ծափ տուր դատարանի դահլիճում… Վերջին անգամ եմ նախազգուշացնում…»: Նախագահողը դիտողություն արեց, որ Վարդանյանն իրեն սխալ է պահում, իսկ Արթուր Վարդանյանը դատարանին հակադարձեց. «Դուք չեք ասելու՝ ես սխալ եմ, թե ոչ»:

Նախագահողը Վարդանյանի նկատմամբ սանկցիա կիրառեց անմիջապես՝ նրան մեկ ժամով հեռացրեց դատարանի դահլիճից:

Ի պատասխան էլ դատախազը բղավեց. «Ականջներդ կկտրեմ»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: