Նահանջ երգով

Nov 13, 2017 Comments Off on Նահանջ երգով

Սահմանադրական դատարանում գրավոր ընթացակարգով այսօր քննվել է ԱԺ Ելք և Ծառուկյան դաշինք խմբակցությունների պատգամավորների հայցը, որը վերաբերում է նախորդ տարի Վանաձորի ավագանու ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կարդացել է վճիռը առ այն, որ ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը հակասահմանադրական է։ Վանաձորի համայնքի ավագանու առաջին նիստի՝ 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները հակասահմանադրական են:Պարզ ասած՝ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ոչ թե նիստերը, այլ դրանց ընթացքում ընդունված որոշումները։ ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Վանաձորի ավագանու եւ նիստերը, և այդ նիստերի ընթացքում ընդունված որոշումները, վճռի հրապարակումից հետո ասել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Արտակ Զեյնալյանն էլ ավելացրել է, որ Ելքի պահանջն ամբողջությամբ բավարարված է, սակայն ուժի մեջ կմտնի 2018 թվականի մարտի 31-ից, ինչը պայմանավորված է իրավական անվտանգության ապահովման սկզբունքով:

Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և ավագանու հանրապետական անդամներն ու ՀՅԴ-ական գործընկերները ամիսներ շարունակ առանց քվորում ապահովելու նիստեր են գումարել:3 ընդդիմադիր խմբակցությունների՝ «Լուսավոր Հայաստանի», «Բարգավաճ Հայաստանի» և «Հայկական վերածնունդ»-ի 18 անդամները բոյկոտում են նիստերը՝ չներկայանալով դրանց: Մեկ տարի առաջ՝ հոկտեմբերին Վանաձորի 33 հոգանոց ավագանու նիստի ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ 19 ձայնով քաղաքապետ ընտրվեց իշխող ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը, թեև դրանից երկու օր առաջ ավագանու ընդդիմադիր երեք ուժերի միջև ստորագրված հուշագրի համաձայն, ավագանու 18 անդամները պարտավորվել էին քվեարկել «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին, այդուհանդերձ չորս դասալիքներ քվեարկեցին ՀՀԿ-ական թեկնածու Ասլանյանի համար: Մեկ տարի անց էլ դեռ հայտնի չէ, թե ովքե՞ր են ընդդիմադիր կուսակցությունների այն չորս անդամները, որոնք դեմ գնացին իրենց կուսակիցների ստորագրած հուշագրին ։Մարտ ամսից Վանաձորի ավագանու Հանրապետական և «Դաշնակցություն» խմբակցությունները 15 անդամներով նիստեր են գումարում և որոշումներ կայացնում: Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը պնդում է՝ ինքը օրենք չի խախտել և գործել է բացառապես օրենքի դրույթներին համապատասխան՝ հղում կատարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածին:«Օրենքի մի դրույթ է ընդամենը հակասահմանադրական ճանաչվել, և մինչև մարտի 31-ն ԱԺ-ն կհամապատասխանեցնի դրանք։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում», այսօր էլ արդեն հասցրել է հայտարարել նա։ Հիմա հարցն այն է՝ Աժ-ն մինչեւ մարտի 31-ը, երբ ուժի մեջ կմտնի ՍԴ այսօրվա որոշումը ու արդյունքում առաջ կգա արտահերթ ընտրության անհրաժեշտություն, օրենքում նշված փոփոխությունը կկատարի՞, թե թույլ կտա որպեսզի ՍԴ որոշման հիմքի վրա աննախադեպ իրադարձություն տեղի ունենա։

Չի բացառվում, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը որոշել է նշանավորել իր հրաժեշտը ՍԴ-ից ու կայացնել մի որոշում, որը չի սպասարկում իշխանությունների շահը։ Կամ էլ Ելք-ին ընդդիմության դաշտում առավել ամրապնդելու խնդիր կա, կամ մեծ հաշվով ընդդիմության դերակատարումը մեծացնելու իմիտացիա, որը նախանշվում է նաեւ նոր Սահմանադրությամբ։ ԵՄ-Հայաստան նոր փոխհարաբերությունների շեմին դա նաեւ դրական ընկալում կստանա։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: