Ուշադրության կենտրոնում է գազալցակայանների գործունեության օրենսդրական փոփոխությունների փաթեթը

Nov 10, 2017 Comments Off on Ուշադրության կենտրոնում է գազալցակայանների գործունեության օրենսդրական փոփոխությունների փաթեթը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գազալցակայանների և գազաբալոնների շահագործման գործում առկա խնդիրների լուծման վերաբերյալ օրենսդրական մի շարք փոփոխություններ նախատեսող փաթեթն ու ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննում իրականացնելու կարգը:

Զեկուցվել է, որ վերը նշված փաթեթով առաջարկվում է ՀՀ-ում լիցենզավորել սեղմած բնական, հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալանների տեղադրումը և ըստ սահմանված ժամանակացույցի ճնշափորձարկումը, ինչի նպատակն է նախ և առաջ բարձրացնել քաղաքացիների անվտանգության մակարդակը: Օրենսդրական փոփոխություններով նախատեսվում են նաև վերահսկողության այլ միջոցառումներ: Վարչապետն անհրաժեշտ է համարել առավելագույնս պարզեցնել լիցենզավորման մեխանիզմը և անվտանգության բարձրացման գործում կարևորել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներգրավվածության ընդլայնումը: Կարեն Կարապետյանը, հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված առաջարկություններն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, հանձնարարել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը ևս մեկ անգամ լրամշակել և այն ներկայացնել կառավարության աշխատակազմ:

Զեկուցվել է նաև, որ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննում իրականացնելու կարգով նախատեսվում է շրջանառությունից հանել տեխնիկական զննման կտրոնները, բոլոր ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր ենթարկել տեխնիկական զննության: Նշվել է, որ այդ գործընթացը լինելու է էլեկտրոնային վերահսկողության ներքո, որն իրականացնելու են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ու Ոստիկանությունը:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: