«Մի եղիր Ալիկի պես… Հավատա, պետք չի»

Nov 10, 2017 Comments Off on «Մի եղիր Ալիկի պես… Հավատա, պետք չի»

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել և կատարել հետևյալ գրառումը.
«Սա Ալիկն է։ Նա ԵՊՀ աշխատակազմի ղեկավար և գնումների հանձնաժողովի նախագահ է։ Նա իմ համակուրսեցին է։

Նա մասնակցել է 2004-ի “Զինապարտության մասին օրենքի” դեմ ուսանողական շարժմանը, օգտվել է այդ շարժման շնորհիվ պահպանված տարկետման իրավունքից, եղել է Արամ Սիմոնյանի ասպիրանտը, բայց այսօր հասկացել է, որ մեծ սխալ է գործել և այժմ դեմ է տարկետման ինստիտուտին։ Նա հասկացել է, որ ուսանողներից ոչ մի լավ բան սպասել չի կարելի, փորձում է ճնշել տարկետման պահպանման համար մղվող ուսանողական շարժումը և սպառնում է “դիմել կտրուկ մեթոդների”։ Նա հավանաբար ուզում է կրկին գործի դնել ԵՊՀ “ախալքալակցիների գունդը”, ինչպես երանելի 2013-ին։

Մի ժամանակ նա դաշնակցական էր: Ու կապ չունի, որ Հայոց պատմության ամբիոնում, որտեղ նա սովորում էր, լիքը դաշնակցական դասախոսներ կային, կրթության և գիտության նախարարը դաշնակցական Լևոն Մկրտչյանն էր, իսկ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը, որը շատ էր սիրում դաշնակցականներին: Հետո նա հասկացավ, որ չի ուզում դաշնակցական լինել և հարում է հանրապետականների գաղափարական արժեքների: Ու կապ չունի, որ էդ ժամանակ արդեն ԵՊՀ ռեկտոր և իր ասպիրանտական թեզի ղեկավար Արամ Սիմոնյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը հանրապետական էին: Հիմա ԿԳ նախարարը նորից դաշնակցական է, և Ալիկի համար դժվար է: Նա չի ուզում քաղաքանացվել և ուսանողներին եղբայրաբար խորհուրդ է տալիս չքաղաքանացվել:

Նա անձնվիրաբար աշխատում է ԵՊՀ-ում և ստանում 150-200.000 դրամ աշխատավարձ։ Նրան չեն պատկանում սուրճի ապարատներ և պատճենահանման կետեր ԵՊՀ տարածքում։ Նա գումարներ չի աշխատում քննությունների և մասնավորապես հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակ։ Այդ ամենը ստոր հերյուրանքներ են։ Նա կարողանում է գումար հետ գցել, ինչի շնորհիվ պաշտոնավարման դեռ առաջին տարում կառուցում է այս առանձնատունը։

Մի եղիր Ալիկի պես։ Ըըը․․․ Ուղղակի մի եղիր Ալիկի պես և վերջ։ Հավատա, պետք չի»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: