Արցախում պաշտոնյաների որդիները ծառայում են, պատերազմին էլ դիրքերում պատահական հանդիպել եմ Արցախի նախագահի որդուն. Վ. Բադասյան

Nov 10, 2017 Comments Off on Արցախում պաշտոնյաների որդիները ծառայում են, պատերազմին էլ դիրքերում պատահական հանդիպել եմ Արցախի նախագահի որդուն. Վ. Բադասյան

Արցախի Հանրապետությունում պաշտոնյաների որդիների չծառայելու մասին խոսք չկա: Արցախում ծառայել է անգամ նախագահի որդին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, ընդդիմադիր գործիչ Վահան Բադասյանը՝ անդրադառնալով այն թեմային, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի քննարկման ժամանակ օրակարգային հարց է դարձել նաև պաշտոնյաների որդիների՝ բանակում չծառայելու թեման:

«Օրինակ` ես տեղյակ չեմ, որ ինչ-որ պաշտոնյայի երեխա Պաշտպանության բանակում չծառայի: Եթե անգամ ծառայում են «փափուկ» տեղերում, ապա միևնույն է՝ այդ «փափուկ» տեղերում էլ ինչ-որ մեկը պետք է ծառայի: Այսինքն՝ ես դա նորմալ եմ դիտարկում: Համեմատած Հայաստանի հետ դա նորմալ է»,-ասաց Բադասյանը:

Վահան Բադասյանն ասաց, որ Արցախում ծառայել է նաև նախագահ Բակո Սահակյանի որդին, ինչի մասին, սակայն ոչ ոք չի իմացել:

«Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ դիրքերում էինք, այնտեղ պատահական տեսա մի տղայի, ում չէի ճանաչում: Հետո պարզվեց, որ նա Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի որդին էր: Ծառայում էր Հադրութի զորամասում, և ոչ ոք չգիտեր, որ նախագահի որդին ծառայում է: Ես ինքն էլ չգիտեի, որ ծառայում է և դրա մասին իմացա պատերազմի ժամանակ: Այստեղ արդեն հետևություն՝ եթե նախագահի որդին ծառայում է, կարծում եմ՝ մյուսները չեն կարող իրենց որդիներին թաքցնել»:

Բադասյանի խոսքով՝ պաշտոնյաների որդիների չծառայելու հարցն Արցախում չի կարող օրակարգային հարց լինել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: