Ի՞նչ պայման է դրել Թրամփը Պուտինի առջև

Nov 11, 2017 Comments Off on Ի՞նչ պայման է դրել Թրամփը Պուտինի առջև

Վիետնամում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև պաշտոնական հանդիպում չի կայանալու, ահա նման հայտարարությամբ է հանդես եկել Սպիտակ տան քարտուղար Սառա Սանդերսը:

Քարտուղարը նշել է, որ հանդիպումը չի կայանալու երկու կողմի աշխատանքային ժամանակացույցի անհամապատասխանության պատճառով: Սանդերսը չի բացառել, որ հնարավոր է երկու նախագահների միջև ոչ պաշտոնական շփում տեղի ունենա: «Ինչ վերաբերում է Պուտինի հետ հանդիպմանը, երբեք չի հաստատվել, որ հանդիպում է տեղի ունենալու, և հանդիպում չի լինելու՝ կողմերի աշխատանքային ժամանակացույցի անհամապատասխանության պատճառով: Պաշտոնական հանդիպում կամ որևէ այլ բան նրանց համար նախատեսված չէ»,- ասել է Սանդերսը:

Վաշինգտոնի կողմից նման հայտարարություն տարածվեց այն բանից հետո, երբ Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ Պուտին-Թրամփ հանդիպումը կայանալու է նոյեմբերի 10-ին, սակայն Սպիտակ տնից, փաստացի, տեղեկացնում են, որ հանդիպման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն չկա:

Ավելին՝ Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովն էր ավելի վաղ հայտարարել, թե Պուտին-Թրամփ հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա Վիետնամում նոյեմբերի 10-ին՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովի շրջանակում, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նշել է, թե չկա հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում:

Ի դեպ, հենց Թիլերսոնն էր, նկատել էր, թե խնդիրն այն է, թե արդյո՞ք նախագահների հանդիպումը արդյունք կտա: Այսինքն, ԱՄՆ պետքարտուղարը հասկացնել էր տվել, որ Թրամփ-Պուտին հանդիպմամբ շահագրգռված կողմը բացառապես Պուտինն է: Այսպես, հետաքրքրական է, թե ինչ ամերիկյան կողմը ինչ պայման է դրել Պուտինի առջև, որը չի իրագործվել, և հիմա Վաշինգտոնը բաց հայտարարում է, թե Պուտին-Թրամփ պաշտոնական հանդիպում չի կայանալու:

Իսկ մինչ այդ, նկատենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփը աննախադեպ ընդունելության է արժանացել Չինաստանում: Երկու գերտերությունների առաջնորդները առիթը բաց չեն թողել միմյանց մեծարելու ու գովեստի խոսքեր հնչեցնելու համար: Դոնալդ Թրամփը կոչ է արել Չինաստանին ավելի եռանդուն և արագ քայլեր ձեռնարկել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը հարթելու համար: «Ժամանակն արդեն սպառվում է», պնդել է Սպիտակ տան ղեկավարը Պեկինում՝ զուգահեռ գովեստի խոսքեր շռայլելով նախագահ Սի Ծինփինի հասցեին: – «ԱՄՆ-ը հավատարիմ է Հյուսիսային Կորեայի լիակատար և վերջնական ապամիջուկայնացմանը, դա շատ կարևոր է: Չինաստանը կարող է հեշտորեն և արագ լուծել այդ խնդիրը: Կոչ եմ անում Չինաստանին ու այդ երկրի հզոր նախագահին եռանդուն աշխատել այս ուղղությամբ: Ես միայն մեկ բան գիտեմ ձեր նախագահի մասին. եթե նա եռանդուն է աշխատում, գործը գլուխ է գալիս, դրանում կասկած չկա»:

Թեև պաշտոնական Պեկինը միացել է Փհենյանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցներին, այդուամենայնիվ Սպիտակ տունն ուզում է, որ Չինաստանը նաև հավելյալ քայլեր ձեռնարկի Հյուսիսային Կորեայի հետ սահմանին ապօրինի առևտուրը դադարեցնելու համար: Թրամփի՝ Չինաստան կատարած այցի առանցքային հարցը, սակայն, դարձել է երկկողմ առևտուրը: Նախընտրական շրջանում Միացյալ Նահանգների նախագահը շարունակ հայտարարում էր՝ Չինաստանը ԱՄՆ-ի հանդեպ շատ անարդար առևտրային քաղաքականություն է վարում: «Չինաստանը բռնաբարում է մեզ», – քարոզարշավից առաջ պնդում էր Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով` «գումարը, որ տանում են նրանք Նահանգներից, ամենամեծ թալանն է ԱՄՆ-ի պատմության մեջ»:

Ժամանելով Պեկին, սակայն, Սպիտակ տան ղեկավարը մեղմել է տոնը՝ քննադատության սլաքն ուղղելով իր նախորդների կողմը․ «Հենց հիմա, ցավոք, առևտուրը միակողմանի է և անարդար, բայց ես դրա համար Չինաստանին չե՛մ մեղադրում: Ի վերջո` նրանք մեղավոր չեն, որ կարողացել են մեկ այլ երկրից ավելի շատ առավելություններ ստանալ իրենց քաղաքացիների համար: Ես մեղադրում եմ մեր նախորդ վարչակազմերին, որ թույլ են տվել, որ առևտրի այսպիսի անվերահսկելի պակասուրդ առաջանա ու գնալով մեծանա»: Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ այս տարվա ինն ամիսների ընթացքում միայն Չինաստանը ԱՄՆ է արտահանել չորս անգամ ավելի շատ ապրանք, քան այնտեղից ներկրել՝ 270 միլիարդ դոլարի հասցնելով առևտրի պակասուրդը: Ընդ որում, Թրամփի՝ Պեկինում անցկացրած բանակցություններից հետո պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խոստովանել է՝ «առայժմ այս խնդիրը չի հաջողվել հարթել, առաջընթացը շատ փոքր է»:

Փոխարենը ամերիկացի և չինացի գործարարներն են խոշոր պայմանագրեր կնքել՝ ավելի քան 250 միլիարդ դոլար արժողությամբ, ինչը Չինաստանի առևտրի նախարարությունը իսկական հրաշք է որակել: «ԱՄՆ-ի ու Չինաստանի հարաբերություններն այժմ գտնվում են նոր, պատմական մակարդակի վրա», – իր հերթին հայտարարել է նախագահ Սի Ծինփինը՝ հավելելով՝ Պեկինն ուզում է ընդարձակել համագործակցությունը Նահանգների հետ փոխադարձ հարգանքի ու շահի հիման վրա: «Չինաստանի ու ԱՄՆ-ի համար համագործակցությունն է միակ ճիշտ ընտրությունը, համագործակցություն, որից կշահեն երկու կողմն էլ», – նշել է նա:

Ընդհանուր առմամբ, երկու գերտերությունների առաջնորդները առիթը բաց չեն թողել միմյանց մեծարելու ու գովեստի խոսքեր հնչեցնելու համար: Չինաստանի առաջնորդը կարմիր գորգ է փռել կենտրոնական Տյանանմեն հրապարակ տանող ճանապարհին, Թրամփի ընդունելությունն էլ ուղիղ հեռարձակվել է Չինաստանի պետական հեռուստաընկերությամբ, վերաբերմունք, որին մինչ օրս չէր արժանացել օտարերկրյա որևէ պաշտոնյա: Դոնալդ Թրամփն էլ ոչ միայն հզոր առաջնորդ է որակել կոմունիստ Սի Ծինփինին, այլև հատուկ ի ցույց դրել, թե ինչպես է թոռնուհին՝ Արաբելա Քուշները, երգում ու արտասանում մանդարինով:

Լրատվամիջոցներն, ի դեպ, հայտնում են, որ մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին ասիական շրջագայության շրջանակում փորձում է նոր քաղաքական նվաճումներ գրանցել, նրան ուղեկցող առաջին տիկին Մելանյա Թրամփը շարունակում է «ոճային արշավը»: Ինչպես նշում է The Daily Mail-ը, 47-ամյա նախկին մոդելն ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում ամեն մի հանդիպմանը՝ յուրաքանչյուր առիթի համար ընտրելով իրեն սազական և միևնույն ժամանակ տվյալ երկրի մշակույթին համապատասխանող հագուստ: Երեկ առաջին տիկինը Պեկինում մասնակցել է պաշտոնական ընթրիքին, որին ներկայացել է չինական ոճով Gucci զգեստով: Մորթյա թևերով ու հարուստ ասեղնագործությամբ զարդարված զգեստը Մելանյա Թրամփը լրացրել է բաց վարդագույն, էլեգանտ բարձրակրունկներով: Բրիտանական պարբերականը նկատում է, որ ընթրիքի ժամանակ համընդհանուր ուշադրության կենտրոնում Մելանյա Թրամփն է եղել:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: