Ո՞ւմ ընտրի Էրդողանը՝ ՌԴ-ի՞ն, թե՞ ԱՄՆ-ին

Nov 11, 2017 Comments Off on Ո՞ւմ ընտրի Էրդողանը՝ ՌԴ-ի՞ն, թե՞ ԱՄՆ-ին

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը կոշտ քննադատության է ենթարկել երկրի իշխանություններին՝ կոչ անելով վերացնել արտակարգ դրությունը: «Ցավալի է, որ վերածվել ենք արտակարգ դրությամբ ղեկավարվող երկրի», – ասել է Գյուլը՝ նշելով, որ արտաքին քաղաքականության հզորացման համար Թուրքիան նախ պետք է ամուր լինի ներսից, իսկ պատերազմը միշտ պետք է ամենավերջին ընտրությունը լինի երկրի համար: Մանրամասնելով, թե ինչ նկատի ուներ Թուրքիայի՝ ներսից ամուր լինելու մասին խոսելիս՝ Գյուլը շեշտել է. «Ուժերի ճիշտ բաշխման վրա հիմնված ժողովրդավար համակարգ, ոչ խտրական արդարադատության համակարգ, որը վստահություն կտա մարդկանց»:

Արձագանքելով Գյուլի հայտարարությանը՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Մահիր Ունալը հայտարարել է, որ Թուրքիայի 11-րդ նախագահն իրավունք ունի հայտնելու իր կարծիքը, քանի որ Թուրքիան ժողովրդավար երկիր է:

ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, ինչպես նաև հարևանների հետ բազում խնդիրներ ունեցող Թուրքիայի համար, իհարկե, լավ ժամանակներ չեն: Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու ձգտող Էրդողանի քայլերը ոչ միայն ներսում, այլև առհասարակ, արտաքին քաղաքական տեսանկյունից ՝ խնդրահարույց են դարձել:

Ինչպես հայտնի է, երկուշաբթի՝ նոյեմբերի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կհանդիպեն: Նրանք կքննարկեն երկկողմ համագործակցությունն ու սիրիական կարգավորման հարցերը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դա կլինի հերթական բանակցությունը մեր նախագահի և Թուրքիայի նախագահի միջև»,-ասել է Ուշակովը։ Նա հավելել է, որ «նախագահները կանդրադառնան երկկողմ համագործակցության ողջ սպեկտրին։ Համագործակցությունը ներկայում թափ է հավաքում և արդեն հասել է նախաճգնաժամային մակարդակին, այդ թվում հանվել են առևտրա-տնտեսական հարաբերություններում գրեթե բոլոր սահմանափակումները, դրանք հաջողությամբ զարգանում են»։

Միաժամանակ, Թուրքիայի վարչապետը մեկնել է ԱՄՆ: Նա արդեն հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի Մայք Փենսի հետ։ Հանդիպումը կայացել է Սպիտակ տանը, տևել 1 ժամ 20 րոպե և անցկացվել մամուլի համար փակ ձևաչափով։ Հանդիպմանը նաև մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրակը, որը նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսան է, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը և այլ պաշտոնյաներ։

Թուրքիայի վարչապետը հանդիպել է ամերիկյան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերի հետ: «Մենք խնդիրների բավական լայն շրջանակի անդրադարձանք` այդ թվում երկկողմ հարաբերություններում առկա մի շարք առանձնահատուկ հարցերի: Ամերիկա-թուրքական հարաբերություններում բավական մեծ թվով խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն», – հայտարարում էր ամերիկացի սենատորը:

Թուրքական մամուլի տեղեկություններով՝ Յըլդըրըմի ամերիկյան այցի ընթացքում կողմերը քննարկում են Փենսիլվանիայում բնակվող իսլամիստ գործիչ Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնման հեռանկարները, մայիսին Վաշինգտոնում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Թուրքիայի նախագահի թիկնազորի անդամների դեմ հարուցված քրեական գործերի ընթացքը, ինչպես ամերիկյան հյուպատոսարանի երկու թուրք աշխատակիցների ձերբակալության և դրան հետևած՝ մուտքի վիզաների տրամադրման դադարեցման փաստերը:

Վերջին խնդրում, սակայն, որոշակի առաջընթաց նկատվում է: Երեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ Անկարան և Վաշինգտոնը մասամբ վերսկսել են վիզաների տրամադրումը: Անդրադառնալով այդ որոշմանը՝ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթն ասել է․«Այս փուլում մենք նախապատվություն ենք տալիս բուժման, մարդասիրական կամ ուսման նպատակներով Միացյալ Նահանգներ մեկնել ցանկացողներին: Սա քայլ է ճիշտ ուղղությամբ: Դրա հետ մեկտեղ, ամերիկյան հյուպատոսության երկու տեղացի աշխատակիցները շարունակում են կալանքի տակ մնալ: Բայց այդ մարդիկ պարզապես կատարել են իրենց աշխատանքային պարտականությունները: Թուրքիան սխալ է գործում, երբ իրենց աշխատանքն իրականացնող անձանց ձերբակալում է` պնդելով, որ նրանք օրենք են խախտել»:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի բանակցություններից առաջ Թուրքիայի վարչապետը խոստովանեց, որ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները ճգնաժամային վիճակում են, և իր այցի գլխավոր նպատակը երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների գոնե մի մասի հանգուցալուծումն է: «Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում առկա այդ վիճահարույց խնդիրների շուրջ որոշակի առաջընթաց ապահովելը` ահա այս այցի հիմնական նպատակը: Սխալ կլիներ, սակայն, Վաշինգտոնում ընթացող հանդիպումներից անհապաղ արդյունք ակնկալել: Մեր երկկողմ հարաբերությունները այսօր կատարյալ չեն, բայց մենք պետք է կենտրոնանանք ապագայի վրա: Ես վստահ եմ, որ մեր ամերիկացի գործընկերները ևս գոհ չեն ստեղծված կացությունից: ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամքն առկա է, և մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասնենք այդ նպատակին», ասել է Բինալի Յըլդըրըմը այցի շրջանակներում իրեն ուղեկցող թուրք լրագրողների հետ զրույցում: «Որևէ կասկած չկա, որ հենց Ֆեթուլահ Գյուլենն էր կանգնած 2016թ. հուլիսին ձեռնարկված անհաջող հեղաշրջման թիկունքում: Մենք ակնկալում ենք, որ ամերիկյան կողմը Գյուլենի դեմ իրավական քայլեր կձեռնարկի», ասել էր Թուրքիայի վարչապետը:

Ինչ վերաբերում է երկու երկրների միջև ծագած «վիզային ճգնաժամին», ապա այն, ըստ Թուրքիայի վարչապետի, հանգուցալուծվելու է մոտ ապագայում: Շաբաթասկզբին Անկարան և Վաշինգտոնը արդեն իսկ մասնակիորեն վերսկսել են մուտքի վիզաների տրամադրումը: Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը հայտարարում էր, որ այս փուլում Վաշինգտոնի առաջնահերթությունը բուժման, ուսման և մարդասիրական նպատակներով ԱՄՆ մեկնել ցանկացողներին վիզաներ տրամադրելն է:

Թուրքական կողմը հույս ունի, որ վաշինգտոնյան բանակցությունների ընթացքում հնարավոր կլինի համոզել ԱՄՆ իշխանություններին զերծ մնալ Սիրիայի քրդերի շահերը ներկայացնող «Ժողովրդական պաշտպանության ուժերի» հետ համագործակցությունից: Անկարայում համոզված են, որ Սիրիայում գործող այս խմբավորումը իրականում ահաբեկչական կառույց ճանաչված Քրդական բանվորական կուսակցության մասնաճյուղերից մեկն է:

Ի դեպ, թուրքական լրատվամիջոցների ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ ամերիկյան կողմը Բինալի Յըլդըրըմի ղեկավարած պատվիրակության անվտանգությունն այս օրերին ապահովում է ուժեղացված ռեժիմով: Մեկնաբանելով այդ հանգամանքը` թուրքական կառավարության ղեկավարը լրագրողներին ասել էր․ «Ենթադրում եմ, որ մեր նախագահի` մայիսին կայացած այցի ընթացքում արձանագրված միջադեպերն են ձեռնարկված խիստ միջոցների պատճառը: Ամեն դեպքում, թուրքական կողմը ամերիկյան հատուկ ծառայություններին այցի ընթացքում անվտանգության խստացված միջոցներ սահմանելու խնդրանքով չի դիմել»:

Մայիսին, հիշեցնենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնազորի անդամները ծեծի էին ենթարկել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի առջև հավաքված ցուցարարներին: Այդ միջադեպի առթիվ հարուցված քրեական գործում Էրդողանի թիկնապահներից մի քանիսը որպես կասկածյալներ են ներգրավված, և նրանց հանդեպ ամերիկյան ոստիկանությունը հետախուզում է հայտարարել:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: