Վահան Մարտիրոսյանի սկանդալային հայտարարությունը

Nov 13, 2017 Comments Off on Վահան Մարտիրոսյանի սկանդալային հայտարարությունը

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նախօրեին հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ: Կառավարությունը հաղորդադգրություն է տարածել, ըստ որի՝ նախարարությունը Հայաստանի Հարավային երկաթուղու Գավառ -Մեղրի հատվածի կառուցումը իրկանացնելու է «ՌԱՍԻԱ ՖԶԷ»- ընկերությունից անկախ։ «Հայաստանի կառավարությունը «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերության հետ 2012 թվականին կնքել է Հայաստանի հարավային երկաթուղու կոնցեսիոն պայմանագիր: Պայմանագրով նախատեսվում է 316 կմ երկարությամբ երկաթուղու կառուցում Գավառ քաղաքի մոտակայքից դեպի Հայաստանի հարավային սահման՝ Մեղրի քաղաքի մոտակայք, որը միանալու է Հայաստանի Հանրապետության առկա կենտրոնական երկաթուղային համակարգին: Կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ նախատեսվում են կոնկրետ ժամանակահատվածներ ծրագրի իրագործելիության ուսումնասիրություն իրականացնելու, ծրագրային ֆինանսավորման, շինարարության և շահագործման փուլերի համար: Հայաստանի կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն վերջինիս կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը: Հաշվի առնելով վերոնշյալը և ծրագրի ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար՝ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ», -մասնավորապես ասված է նախարարության հաղորդագրության մեջ:Նախարարությունը փոխանցում է, որ նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Հայաստանի Հարավային երկաթուղին, որի շահագործումը նախատեսվում էր 2022 թվականին,  ամենակարճ ճանապարհով կապելու էր Ասիան և Կենտրոնական Եվրոպան: Այդ մասին Երեւանում 2014 թվականի փետրվարի 21-ին կանացած ասւլիսի ժամանակ ասել էր «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկին: Նա տեղեկացրել է, որ իրենք նախատեսում են սկսել երկաթուղու շինարարությունը 2017թ. և աշխատանքներում արդեն ներգրավվել են «Չինաստանի հաղորդակցային ընկերությանը» (CCCC), որը հանդիսանում է նախագծի գլխավոր կապալառուն:

Ջոզեֆ Բորկովսկին նշել էր, որ ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվելու է «Ռասիա ՖԶԷ»-ի և «CCCC»-ի կողմից, ՀՀ կառավարությունը ներդրումներ չի կատարելու:Նա նաև տեղեկացրել է, որ 2014թ. ապրիլին կստորագրվի Հայաստան-Իրան-«Ռասիա ՖԶԷ» եռակողմ փոխըմբռնման հուշագիրը, որը սակայն տեղի չունեցավ:
Ասուլիսոց մեկ տարի առաջ՝ 2013 թվականի հունվարի 18-ին պաշտոնապես հայտարարվեց, որ փոխըմբռնման եռակողմ հուշագիր է ստորագրվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի, Հայաստանի տրանսպորտի նախարարության և Դուբայում գրանցված «Ռոսիա ՖԶԵ» ներդրումային ընկերության միջև: Ըստ այդմ՝ Հաայաստանի հարավային` 304.7 կմ երկարությամբ երկաթուղին պետք է ձգվեր Գագարինից մինչև Սյունիքի մարզի Ագարակ գյուղը` Իրանի հետ սահման` անցնելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերով: Նախագծի ընդհանուր նախնական արժեքը 3.2 մլրդ ԱՄՆ դոլար էր, իսկ շինարարական աշխատանքները պետք է տևեին 6 տարի:

Այսօր արդեն նախարարությունը փաստում է, որ -«Ռասիա ՖԶԷ» ընկերությունը ոչինչ չի արել, ավելին անհարկի ձգձգելով ծրագիրը, վտանգի տակ է դրել ռազմավարական նշանակության ճանապարհի կառուցումը: Այսքանով հանդերձ կառավարությունը չի համարաձկվել հայտարարել պայմանագրի խզման մասին, չնայած որ -«Ռասիա ՖԶԷ» ընկերությունը ըստ էության գոյություն չունեցող կամ ընդամենը թղթի վրա գոյություն ունեցող կառույց է: Հայտնի է, որ այն գրանցված է օֆշորում և անգամ գրասենյակ չունի Հայաստանում:
Մի առիթով «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը հայտարարել էր, թե Իրան-Հայաստան երկաթուղին որևէ հեռանկար չունի: «Դա նույնն է, որ պատի վրա անցք բացես դեպի ոչ մի տեղ` դեպի հարևան տան պատը»,- ասել էր նա: Այդ հայտարարությունը փաստացի նշանակում էր, որ Ռուսաստանը թույլ չի տալու երկաթգծի կառուցումը: Յակունինի այս հայտարարությանն արձագանքել էր տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, ասելով, թե հայ-իրանական երկաթգծի անհեռանկարային լինելու վերաբերյալ Յակունինի հայտարարությունը բխում է ռուսաստանյան այդ ընկերության շահերից, մինչդեռ երկաթգիծը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար: Կյանքը ցույց տվեց, որ մինչ այս պահը իրադարձությունները զարգացել են ըստ  Յակունինի  սցենարի:Ինչ տեղի կունենա ՏԿՏՏՆ-ի խրոխոտ հայտարարույունից հետո ցույց կտա ժամանակը:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: