Դադարեցնել դասադուլի կոչերը և վերադառնալ ուսումնական բնականոն գործընթացին. ԵՊՀ

Nov 09, 2017 Comments Off on Դադարեցնել դասադուլի կոչերը և վերադառնալ ուսումնական բնականոն գործընթացին. ԵՊՀ

Նոյեմբերի 7-ին ԵՊՀ մի քանի հարյուր ուսանողներ դասադուլ են հայտարարել՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որով վերացվում է տարկետումը:

Ակադեմիական տարկետման դեմ պայքարող ուսանողների դասադուլը շարունակվում էր նաև այսօր: ԵՊՀ-ի բակում առավոտվանից հավաքված ուսանողները շարունակում էին վանկարկել «տարկետում լինելու ա», «գիտություն լինելու ա», «հանուն գիտության» կարգախոսները: Վերջիններս հայտարարեցին, որ մտադիր չեն դադարեցնել դասադուլը:

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ԵՊՀ-ում հրավիրվել էր ռեկտորատի նիստ, որտեղ ռեկտորատի անդամները՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի ղեկավարությամբ, քննարկելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ զարգացումները, ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել են հայտարարություն:

« «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ ուսումնառության հիմքով զորակոչից տարկետում ստանալու իրավունքի մասին դրույթի կապակցությամբ այս օրերին շրջանառվում են մի շարք թեզեր ու պնդումներ, որոնք, մեր համոզմամբ, անհիմն են, ոչ օբյեկտիվ, հաճախ՝ չափազանցված:

Նախ՝ օրինագծում ամրագրված դրույթի իմաստը սխալ է մատուցվում. իրականում տարկետման իրավունքը չի վերացվում, այլ փոխվում է դրա իրացման ձևը. ուսումնառության մեկ մակարդակի ողջ տևողությամբ զորակոչից տարկետման հնարավորություն տրվում է նրանց, ովքեր պարտավորվում են ուսումնառության ավարտից հետո առնվազն եռամյա ժամկետով սպայի կարգավիճակով զինծառայություն անցնել ՀՀ զինված ուժերում:

Այնուհետ նշվում է՝ եթե ասպիրանտների համար տարկետման հնարավորություն չլինի, ապա գիտնականների վերարտադրությունը կընդհատվի: Իրականում երիտասարդ գիտնականները միայն նրանք չեն, ովքեր զորակոչից տարկետում են ստանում՝ ասպիրանտուրայում ուսանելու համար, այլ նաև՝ զինվորական ծառայություն անցած և ուսումնառությունը շարունակող տղաները, հայցորդները, իգական սեռի ներկայացուցիչները:

Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ ՊՆ-ի հետ պայմանագրային հարաբերությունների հիմքով տարկետումից հրաժարվող արական սեռի ներկայացուցիչները կզորակոչվեն 18 տարին լրանալուն պես: Մասնագիտական կրթաբլոկը 1-ին կուրսում մեծ տեսակարար կշիռ չունի։ Հետևապես ուսանողին, ով դեռ չի էլ կարող լրջորեն զբաղվել գիտությամբ, գիտական գործընթացի ընդհատման վտանգ չի սպառնում:

«Բանակը զրկվում է կրթված զինծառայողներից» թեզը ևս չափազանցված է, քանի որ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՊՆ-ի հետ պայմանագրային հիմունքով ուսումնառությունն ավարտածները զինծառայություն կանցնեն բանակում։

Թեզերից մեկն էլ առնչվում է դպրոցականների մոտիվացիային՝ իբր, արական սեռի ներկայացուցիչ դպրոցականները, իմանալով, որ անգամ ստանալով ընդունելության բարձր միավոր, միևնույնն է, զորակոչվելու են բանակ, չեն ձգտի լավ սովորել, բարձր բալերով ընդունվել բուհեր: Համոզված ենք, որ դպրոցում բարձր առաջադիմություն ցուցաբերող աշակերտների մեծ մասի շարժառիթը պայմանավորված է նրանց աշխարհընկալմամբ, ստացած դաստիարակությամբ և կրթությամբ և ոչ զինծառայությունից տարկետում ստանալու հեռանկարով: Լավ սովորող աշակերտը կշարունակի լավ սովորել և բարձր միավորներով բուհ ընդունվել՝ անկախ նրանից՝ ժամանակավորապես կընդհատվի՞ նրա ուսումնառությունը զինծառայությամբ, թե՞ կմիահյուսվի զինծառայությանը:

Համոզված ենք, որ սույն օրենքի պատշաճ կիրառումը կապահովի սոցիալական արդարության մակարդակի բարձրացում:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն, որ մեր երկիրը կանգնած է բազմաթիվ հիմնախնդիրների առաջ, որոնց լուծումը պահանջում է հասարակական փոխըմբռնում և միասնություն,

հորդորում ենք «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբին.

դադարեցնել դասադուլի կոչերը և վերադառնալ ուսումնական բնականոն գործընթացին,

ձեռնպահ մնալ իրավիճակը սրող ու ապակայունացման միտում ունեցող քայլերից, խնդրին քաղաքական երանգավորում տալուց, գիտակցաբար կամ անգիտակցաբար խնդիրը որոշ սուբյեկտների քաղաքական ու անձնական շահերին ծառայեցնելուց:

Միևնույն ժամանակ դիմում ենք ՀՀ պաշտպանության նախարարին՝ առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել բուհերում ուսումնառության տևական ընթացք անցած, բարձր առաջադիմություն ցուցաբերած զինակոչիկների, մասնավորապես դպրոցական և ուսանողական միջազգային օլիմպիադաների մեդալակիր զինակոչիկների նկատմամբ՝ հնարավորինս նպատակային օգտագործելով բուհերում նրանց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները և շարունակական դարձնելով նրանց մասնագիտական գործունեությունը»,-ասված է հայտարարությունում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: