Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործով մեղավորները դատապարտվեցին 24 և 22 տարի ազատազրկման. 1in.am

Nov 09, 2017 Comments Off on Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործով մեղավորները դատապարտվեցին 24 և 22 տարի ազատազրկման. 1in.am

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվեց փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործի դատական քննությունը: Սպանությունը հանրային մեծ հնչեղություն էր ստացել: Եվ ահա դեպքից 1 տարի 8 ամիս անց հրապարակվեց դատավճիռը:

Ամբաստանյալները 23-ամյա Գևորգ Զոհրաբյանը ու 43-ամյա Արթուր Միհրանյանն են:

Ըստ մեղադրանքի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի փորձագետ Կարեն Վարդանյանը դարձել է խաբեության եղանակով առևանգման ու շահադիտական դրդումներով սպանության զոհ:

Ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանը եղել է Կարենի հարևանը: «Գործով չպարզված հանգամանքներում» Կարեն Վարդանյանը իր՝ Երևանի Լենինգրադյան 31/8 շենքի 32 բնակարանը՝ 3 սենյականոց, նվիրատվությամբ հանձնել է երիտասարդ հարևան Գևորգ Զոհրաբյանին:

Բնակարանը «բիզնես-ծրագիր» իրականացնելու անվան տակ գրավադրվել է «Արդշինբանկում»:

Գևորգ Զոհրաբյանը վաճառել է գրավադրված բնակարանը: Ըստ մեղադրանքի՝ վաճառքի գումարից 19 հազար 500 դոլարը նա պետք է հանձներ Կարեն Վարդանյանին:

Գևորգ Զոհրաբյանը, ըստ մեղադրանքի, ծրագրել է Կարեն Վարդանյանի սպանությունը:

Նա իր «Օպել» մեքենան օրավարձով վարող Արթուր Միհրանյանին խոստացել է Կարեն Վարդանյանի սպանությունը կատարելու դեպքում գումար տալ:

Գևորգը Կարեն Վարդանյանին համոզել է ուղևորության մեկնել Դուբայ, Թբիլիսիից ԱՄԷ թռչող ինքնաթիռի երկու երկկողմանի տոմս են պատվիրել, բայց Կարենը գնել է միայն մեկ տոմս:

2016 թվականի մարտի 17-ին Գևորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը «Օպելով» Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտից վերցրել են Կարեն Վարդանյանին՝ ասելով, թե մեկնում են Թբիլիսի՝ Թբիլիսի-Շարժա ինքնաթիռով ԱՄԷ մեկնելու համար, բայց իրականում, ըստ մեղադրանքի, խաբեության միջոցով առևանգել են Կարեն Վարդանյանին:

Գևորգ Զոհրաբյանը, ըստ մեղադրանքի, նախապես գնած ջրի շշի մեջ «Դիմեդրոլի» 10 դեղահաբ էր լուծել՝ այն մտադրությամբ, որ ջուրը խմելով՝ Կարեն Վարդանյանը գիտակցությունը կկորցնի, իրենք հեշտությամբ կսպանեն նրան:

Ճանապարհին Կարեն Վարդանյանը խմել է ջուրը, սակայն դեղը նրա վրա չի ազդել:

Երբ հասել են Սևան-Ծովագյուղ ճանապարհին, մեքենան կանգնեցրել են, Գևորգն ու Արթուրը իջել են, վերցրել են քարեր, ապա երկու կողմից նստել են Կարենի կողքին ու քարերի հարվածներով սկսել են դաժանաբար սպանել նրան:

Բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա գլխին, դեմքին, պարանոցին, կրծքավանդակին՝ պատճառելով 15 սալջարդ վերքեր, 16 ջնջխված վերքեր, փակ կոտրվածքներ, նաև՝ կողոսկրերի կոտրվածքներ, գանգուղեղային բաց բութ վնասվածքներ… Այս ամենից բացի՝ դեռ ձեռքերով էլ սեղմել են Կարեն Վարդանյանի պարանոցը: Կարեն Վարդանյանը մահացել է կենսական կարևոր օրգանների համակցված սուր խանգարումից ու մեխանիկական շնչահեղձությունից:

Մարտի լույս 18-ի գիշերը Զոհրաբյանն ու Միհրանյանը նույն մեքենայով վերադարձել են Երևան՝ դիակը՝ մեքենայի հետևի նստատեղին: Մեքենան կանգնեցրել են Լենինգրադյան փողոցում, ծածկել են պոլիէթիլենային թաղանթով: Իրենք գնացել են Միհրանյանի՝ Սիսակյան փողոցում ապրող քեռու տուն, փոխել են իրենց արյունոտ հագուստը:

Հաջորդ օրը մեքենան տարել են Գևորգ Զոհրաբյանի՝ Սիսակյան 22 շենքին հարակից ավտոտնակ, ու Կարեն Վարդանյանի մարմինը թաղել են այնտեղ՝ նախապես ստուգելով նրա հագուստը, գտնելով ու հափշտակելով նաև զոհի գրպանում եղած 40 հազար դրամը:

Գևորգ Զոհրաբյանը «Ֆեյսբուքով» Կարեն Վարդանյանի անունից հաղորդագրություններ է գրել, իբր՝ Դուբայում է, այդպիսով փորձել է կատարված հանցագործության հետքերը թաքցնել:

Գևորգ Զոհրաբյանին ու Արթուր Միհրանյանին մեղադրանք է առաջադրված նախնական համաձայնությամբ խմբի կազմում խաբեությամբ մարդու առևանգման, շահադիտական դրդումներով սպանության ու գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 104 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ, 8-րդ և 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով:

Նախաքննության սկզբում խոստովանական ցուցմունք է տվել ու թաղված դիակի տեղը մատնացույց է արել Արթուր Միհրանյանը: Նա ներկայացրել է, որ սպանությունը կատարել է Գևորգ Զոհրաբյանի հետ՝ նախնական համաձայնությամբ: Նույնը նա պնդել է Գևորգի հետ առերես հարցաքննության ժամանակ:

Այնուհետև նախաքննության փուլում Արթուր Միհրանյանը հրաժարվել է սկզբնական ցուցմունքներից ու սկսել է պնդել, որ սպանությունը կատարել է մենակ, Գևորգ Զոհրաբյանն առնչություն չունի սպանության հետ:

Գևորգ Զոհրաբյանն իրեն մեղավոր չի ճանաչել ինչպես նախաքննական փուլում, այնպես էլ դատարանում:

Գործով մեղադրողն իր ճառում ապացուցված գնահատելով առաջադրված մեղադրանքները, միջնորդեց Գևորգ Զոհրաբյանին և Արթուր Միհրանյանին դատապարտել ցմահ ազատազրկման:

Արթուր Միհրանյանի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանն իր պաշտպանական ճառում ասաց. «Թվում է՝ պարզ, ապացուցված գործ է… Սակայն իրականում Արթուր Միհրանյանը նախաքննությունից սկսած՝ պնդում է, որ ինքը Գևորգի հետ նախնական համաձայնության չի եկել ու Կարեն Վարդանյանին սպանելու դիտավորություն չի ունեցել…»:

Փաստաբանը նշեց, որ ըստ Միհրանյանի՝ դեպի Թբիլիսի ընթանալիս մեքենայի մեջ ինքը Կարեն Վարդանյանի հետ վիճել է պարտքով գումար տալու-չտալու վերաբերյալ: Ինքն ու Կարեն Վարդանյանն իջել են մեքենայից, ինքը զայրացել, գետնից քար է վերցրել ու սկսել է հարվածել Կարենի գլխին: Գևորգը, դա տեսնելով, «հուզվել ու վախեցել է», նա թողել է իրեն ու հեռացել է՝ ոչ մի կապ չունենալով սպանության հետ:

Այնուհետև, ըստ Արթուր Միհրանյանի, տեսնելով, որ Կարեն Վարդանյանը սպանվել է, դիակը մեքենայի մեջ է դրել ու վերադարձել է Երևան, մեքենան կանգնեցրել է Գևորգ Զոհրաբյանի ավտոտնակում: Նրան հայտնել է, թե ինչ է արել: Ապա միայնակ դիակը թաղել է նույն ավտոտնակում…

Ըստ փաստաբան Մ. Ֆարմանյանի՝ ապացույցների բավարար համակցություն ձեռք չի բերվել՝ սպանությունը շահադիտական դրդումներով ու նախնական համաձայնությամբ կատարված լինելու վերաբերյալ: Գործի քննությամբ չի հաղթահարվել ամբաստանյալների անմեղության կանխավարկածը:

Մարինե Ֆարմանյանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողության կատարման տեսանկարահանված նյութը, քանի որ այդ գործողության, ինչպես նաև առաջին հարցաքննության ու Գևորգի հետ առերես հարցաքննության ժամանակ Միհրանյանը, ամենայն հավանականությամբ, եղել է ոչ սթափ: Իսկ երբ գնացել են տուժողի թաղման վայր հանդիսացող ավտոտնակ ու զննություն են կատարել, Միհրանյանի ինքնազգացողությունը վատացել է, նրա թևատակերից բռնած՝ դուրս են բերել ու նստեցրել են մեքենա:

Միհրանյանն ասել է, թե սպանությունից հետո՝ հետագա օրերին ամեն օր խմած է եղել…

Փաստաբանը վիճարկեց տուժողի առևանգման մեղադրանքը՝ նրա վստահությունը չարաշահելու եղանակով: Տուժողը իր կամքով է նստել Միհրանյանի վարած մեքենան, նրա կամքը ճնշելուն ուղղված ոչ մի գործողություն չի կատարվել: Նա եղել է լավ տրամադրությամբ: Միհրանյանը չէր կարող չարաշահել տուժողի վստահությունը, քանի որ նրա հետ շփում չի ունեցել, իսկ դեպքից առաջ խոսել է միայն պարտքով գումար տալու մասին:

Փաստաբանը վիճարկեց նաև սպանությունից հետո տուժողի հագուստի գրպաններից գումար գողանալու մեղադրանքը՝ նշելով, որ սպանությունը արդեն իսկ որակված է որպես շահադիտական դրդումներով սպանություն, այդ պարագայում արդեն մահացածի գրպանում եղած գումարը վերցնելը չի կարող գաղտնի հափշտակություն՝ գողություն որակվել:

Մարինե Ֆարմանյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել ճիշտ և արդարացի դատավճիռ:

Գևորգ Զոհրաբյանի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը նշեց, որ Գևորգ Զոհրաբյանը ոչ մի տրամաբանական պատճառ չուներ Կարեն Վարդանյանին կյանքից զրկելու համար: Կարեն Վարդանյանն արդեն իսկ նրան էր նվիրաբերել իր բնակարանը, էլ ի՞նչ շահադիտական դրդումների մասին կարող է խոսք լինել: Գևորգն ու տուժողը լավ հարաբերությունների մեջ են եղել, ըստ Գևորգի՝ փոխադարձաբար օգնել են միմյանց:

Գևորգի ասելով՝ իր համար էլ է անակնկալ եղել, որ Կարեն Վարդանյանը բնակարանը նվիրատվություն է արել՝ ասելով, թե ծննդյան օրվա նվեր է տալիս: Ինքը հայտարարություն է տվել, որ բնակարանը վաճառի՝ այդ մասին տեղյակ պահելով Կարենին, բայց Կարենն ասել է. «Քո բնակարանն է, ինչ ուզում ես՝ արա»: Բնակարանի վաճառքի հայտարարությանը արձագանքող չի եղել, այդ պատճառով ինքը որոշել է այն գրավադնել բանկում: Կարենը դարձյալ նույն բանն է ասել՝ քոնն է, ինչ ուզում ես արա…

Ըստ Գևորգի՝ Կարեն Վարդանյանը Դուբայ էր մեկնում… մշտական բնակության, նա Հայաստան չէր վերադառնալու, քանի որ մտածում էր՝ Դուբայում իր գիտելիքներով կարող է նորմալ աշխատանք ունենալ ու նորմալ ապրել…

Գևորգը պնդել է նաև, թե իր համար անակնկալ է եղել, որ ճանապարհին, մեքենայից իջնելով, Արթուրն ու Կարենը վիճել են պարտքով գումար տալու հարցով, Արթուրը քարով հարվածներ է հասցրել Կարենի գլխին, իսկ ինքը, չկարողանալով նրան խանգարել, հուզվել և վախեցել է: Վախից հեռացել է՝ մեքենայի մեջ թողնելով երկու հեռախոսները, պատահական մեքենայով վերադարձել է Երևան: Չի պատկերացրել, որ Կարենը կսպանվի:

Ավելի ուշ Արթուրն իրեն զանգել, ասել է, թե Կարենին սպանել է, դիակը մեքենայի մեջ է, մեքենան՝ ավտոտնակում: Դրանից հետո, ըստ Գևորգի, Արթուրն ավտոտնակում մենակ թաղել է սպանվածին: Իսկ իր մեղքն այն է, որ իմանալով Կարեն Վարդանյանի ֆեյսբուքյան գաղտնաբառը, նրա անունից նրա էջում գրառումներ է կատարել՝ իբր արդեն Դուբայում է: Այդպես է վարվել՝ չցանկանալով, որ ի հայտ գա Կարենի՝ սպանված լինելը:

Փաստաբանը նշեց, որ գործի նախաքննությունը թերի է կատարված, խախտվել են Սահմանադրության ու Եվրոպական Կոնվենցիայի մի շարք նորմեր: Գևորգ Զոհրաբյանի մեղադրանքները հիմնված են միայն ենթադրությունների վրա:

Արթուր Միհրանյանն ի պաշտպանություն իրեն՝ դատարանում ասաց. «Սպանությունը կատարել եմ միայն ես, Գևորգը ոչ մի մեղք չունի, ազատություն տվեք նրան»: Իսկ վերջին խոսքում նա ասաց. «Կուզենայի արդար վճիռ»:

Գևորգ Զոհրաբյանը պաշտպանական ճառ ու վերջին խոսք չասաց:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Երկու ժամ անց հրապարակվեց դատավճիռը:

Գևորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը մեղավոր ճանաչվեցին մեղսագրված ծանր արարքների համար:

Գևորգ Զոհրաբյանը դատապարտվեց 24 տարի ազատազրկման և 1 միլիոն դրամ տուգանքի:

Արթուր Միհրանյանը դատապարտվեց 22 տարի ազատազրկման և 1 միլիոն դրամ տուգանքի:

Լուսանկարը՝ Yerkir.am-ի

Գրում է 1in.am-ը

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: