Խորհրդարանի ամենաները

Nov 11, 2017 Comments Off on Խորհրդարանի ամենաները

Parliamentmonitoring.am կայքը «Պատգամավորներ» խորագրի ներքո ներկայացրել է 6-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներին քվեարկությունների, բացակայությունների, հարցերի ու ելույթների վերաբերյալ ամփոփ վիճակագրություն՝ դրանք վերնագրելով «խորհրդարանի ամենա-ները»։

Ըստ կայքի ուսումնասիրությունների խորհրդարանից բացակայող պատգամավորների առաջամարտիկը Ծառուկյան դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն է, նա 137 բացակայություն ունի :Ամենաշատ բացակայող պատգամավորների առաջին հնգյակում երեքը այս խմբակցության պատգամավորներն են, երկրորդ ամենաշատ բացակայող պատգամավորը «Ծառուկյան» խմբակցությունից Նորա Առուստամյանն է՝ 79 բացակա, նրան հաջորդում է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ 76 անգամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը չորրորդ տեղում է՝ 71 բացակայությամբ, ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ 58: Իսկ ամենաշատ հարցեր, ելույթն ունեցել են «Ելք» խմբակցության պատգամավորները՝ Արտակ Զեյնալյանը 65 անգամ, Նիկոլ Փաշինյանը՝ 64, Մանե Թանդիլյանը՝ 34 անգամ:

Ամենաշատ ելույթ ունեցած պատգամավոների հնգյակում է նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ 43 անգամ եւ Սերգեյ Բագրատյանը՝ 38 անգամ: Ինչպես ակնկալվում էր խորհրդարանում ձեռնպահ քվեարկողների մենաշնորհն էլ Ծառուկյան խմբակցությանն է պատկանում,որը շատ դեպքերում որքան նրանք իրենց կաշկանդված է զգում կողմ քվեարկել իշխանության ներկայացրած նախագծին, նույնքան էլ կողմ, հետեւաբար նախընտրում են առավել չեզոք «ձեռնպահը»։ Առաջին հնգյակի բոլոր պատգամավորները Ծառուկյան դաշինքից են՝ Նաիրա Զոհրաբյան, Վարդան Բոստանջյան, Վահան Կարապետյան, Իվետա Տոնոյան եւ Վահե Էնֆիաջյան։

Իշխող ուժն էլ պատվով կատարել է իր պարտականությունները, ամենաշատը «կողմ» քվեարկածների առաջին հնգյակում բացառապես Հանրապետական պատգամավորներ են, որոնց մեծ մասի՝ ԱԺ-ում աշխատանքները սկսվում եւ ավարտվում է «կողմ» կոճակը սեղմելով։

Հնգյակում հավասար ցուցանիշներով՝ 134 կողմով տեղ են զբաղեցնում Սամվել Նիկոյանը, Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Մելիքյանը, Գրիգորի Ավալյանը՝ Գրանդ հոլդինիգի աշխատակից եւ Սիսիանի քաղաքապետի եղբայր Ավետ Սարգսյանը։ Ամենաշատը «Դեմ» քվեարկած պատգամավորներն էլ Ելք-ից են, Մանե Թանդիլյանը, Լենա Նազարյանը դեմ են եղել 30 օրինագծի, Արտակ Զեյնալյանը՝ 29, Նիկոլ Փաշինյանը՝28, Գեւորգ Գորգիսյանը՝27, Ծառուկյան դաշինքից էլ «դեմերի» առաջին հնգյակը բացում են Վահե Էնֆիաջյանն ու նախկին ՀՀԿ-ական, Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանը, նրանք 12 օրինագծի են դեմ քվեարկել, նույն ցուցանիշով հնգյակում է նաեւ նախկին ՀՀԿ-ական, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Միքայել Մելքումյանը, Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը։

Հիշեցնենք, որ 6-րդ գումարման Ազգային Ժողովն իր աշխատանքները սկսեց «ԱԺ կանոնակարգ» նոր օրենքով, որը բացակայությունների հարցը խիստ է դնում: Օրենքի 156-րդ հոդվածով ձեւակերպվել է պատգամավորի լիազորությունների դադարեցման կարգը: Ամենակոշտ կարգավորումը հետեւյալն է .«Յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում Խորհուրդը, ինչպես նաեւ կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը»:

Այսինքն, եթե պատգամավորները նկատեն, որ խորհրդարանի նիստերի ժամանակ կազմակերպված քվեարկություններից ինչ-որ մի պատգամավոր հաճախ է բացակայում, ապա կարող են ստուգել նրա բացակայությունները եւ եթե համոզվեն, որ կես տարվա կտրվածքով նա քվեարկությունների կեսից բացակայել է, ապա կարող են 21 պատգամավորով դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով տվյալ պատգամավորի լիազորությունների դադարեցում: Նոր Կանոնադրությամբ ստեղծված խորհուրդը նույնպես օժտված է ՍԴ դիմելու լիազորությամբ: Ազգային Ժողովի խորհուրդը նախագահում է ԱԺ խոսնակը, խորհրդում ներգրավված են բոլոր խմբակցություններից ներկայացուցիչները, ինչպես նաեւ ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովների նախագահները:

Պատգամավորի լիազորությունների դադարեցման պահանջով Սահմանադրական դատարան կարող են դիմել 105 պատգամավորից առնվազն 21-ը եւ Ազգային Ժողովի խորհուրդը: Պատգամավորի մասնակցությունը քվեարկություններին խորհրդարանի Աշխատակարգով սահմանված կարգով հաշվառում է ԱԺ աշխատակազմը: Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում, հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում այդ ամսվա ընթացքում հանձնաժողովի նիստերից կամ հրավիրած խորհրդարանական լսումներից հանձնաժողովի անդամների բացակայության մասին տեղեկանք, որը հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում: Այս դրույթը սակայն խաբուսիկ է, որովհետեւ վերջին օրերի հաշվետվությունները ցույց տվեցին, որ հանձնաժողովների ղեկավարները ճիշտ չեն ներկայացրել ներկա-բացակաների ցանկը։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: