«Իմ կողմից ևս մեկ անգամ վերահաստատվեց ԼՂ հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը». Սերժ Սարգսյան

Nov 09, 2017 Comments Off on «Իմ կողմից ևս մեկ անգամ վերահաստատվեց ԼՂ հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը». Սերժ Սարգսյան

Մոլդովայի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր կայացել են ընդլայնված կազմով հայ-մոլդովական բարձր մակարդակի բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Բանակցությունների արդյունքները Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի՝ երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի անունից կտրվի պաշտոնական ընդունելություն:

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների համար՝ Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ հանդիպումից հետո

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Մենք քիչ առաջ բանակցություններ անցկացրեցինք Մոլդովայի նախագահ Իգոր Նիկոլայի Դոդոնի հետ:

Պարոն Դոդոնն առաջին անգամ է պաշտոնական այցով գտնվում Հայաստանում: Եվ նա Մոլդովայի միակ ու առաջին նախագահն է, ով այցելել է Հայաստան: Այս այցը խորհրդանշական է նաև այն պատճառով, որ տեղի է ունենում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում: Մեր ժողովուրդների միջև կապերը գոյություն ունեն ոչ մեկ հարյուրամյակ, և դա ընդգծում է մեր հարաբերությունների խորությունն ու երկու ժողովուրդների փոխադարձ համակրանքը:

Հարցերի շրջանակը, որոնց անդրադարձել ենք, լայն էր: Քննարկումների ընթացքում փոխադարձ ցանկություն է արտահայտվել զարգացնելու համագործակցությունը, իրացնելու երկկողմ հարաբերությունների մեծ ներուժը: Անցած տարի Քիշնևում Հայաստանի դեսպանություն հիմնելու մասին որոշումը դիտարկում ենք որպես գործնական քայլ այդ ուղղությամբ:

Պարոն նախագահի հետ մենք հատուկ ուշադրություն ենք հատկացրել առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացմանը: Չնայած այն փաստին, որ Հայաստանի և Մոլդովայի միջև 2017 թվականի առաջին ինն ամիսների առևտրաշրջանառությունը նախորդ ժամանակահատվածի համեմատ աճել է 33 տոկոսով, ընդ որում՝ հայկական արտադրանքի արտահանումը՝ 2.1 անգամ, մենք չենք կարող բավարարվել դրանով, և անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել բիզնեսին, որպեսզի աճի այդ միտմանը հաղորդենք կայուն բնույթ: Կարծում եմ, որ տնտեսության մեջ համագործակցության ավանդական ուղղությունների հետ մեկտեղ, մեր երկրներին անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն հատկացնել բարձր տեխնոլոգիաներին, նորարարություններին:

Հուսով ենք, որ Միջկառավարական հանձնաժողովը առաջ կմղի երկկողմ տնտեսական օրակարգի հարցերի ողջ համալիրը, կաջակցի դրա դիվերսիֆիկացմանը, նոր հետաքրքիր ծրագրերի մեկնարկին: Ընդ որում, մենք պայմանավորվել ենք ոչ ավելի ուշ, քան հաջորդ տարի՝ գարնանը, անցկացնել Միջկառավարական հանձնաժողովի նիստ:
Անհրաժեշտ ուշադրություն է հատկացվել նաև համագործակցությանը մշակութային-հումանիտար ոլորտում:

Իհարկե, բանակցությունների ընթացքում ուշադրություն է հատկացվել նաև արտաքին քաղաքական թեմային: Համոզված եմ, որ փոխգործակցություն զարգացնելով մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության կապերի և փոխադարձ հարգանքի հունով, մենք կարող ենք հասնել ավելի արդյունավետ համագործակցության տարբեր բազմակողմ ձևաչափերում: Եվ մենք ողջունում ու աջակցում ենք Մոլդովայի Հանրապետության ձգտումը՝ ավելի սերտ համագործակցելու ինտեգրացիոն միավորումների հետ:

Բանակցությունների ընթացքում իմ կողմից ևս մեկ անգամ վերահաստատվեց ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների վրա, որոնք մասնավորապես վերաբերում են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:

Ընդգծվել է նաև Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում կայացած գագաթնաժողովներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված իրավիճակի սրացումը թույլ չտալուն, հրադադարի ռեժիմի պահպանմանը, հակամարտության գոտում լարվածության թուլացման ու բանակցային գործընթացի ակտիվացման նպատակով հավելյալ միջոցների ձեռնարկմանը:

Եվ մինչ Իգոր Դոդոնին խոսքը փոխանցելը, կցանկանայի հատկապես ընդգծել հետևյալը:

Մենք իրապես շահագրգռված ենք, որ մեր քաղաքացիները և տնտեսվարող սուբյեկտները ստանան նոր հնարավորություններ համատեղ գործարար, գիտական և մշակութային ծրագրերի կյանքի կոչման համար: Եվ հուսով ենք, որ այսօրվա բանակցությունների արդյունքներով մեր երկրների միջև կապերն ավելի ակտիվ կզարգանան: Հայաստանի և Մոլդովայի համագործակցության համար լավ հեռանկարներ կան: Դրա համար առկա են բոլոր պայմանները, իսկ ամենակարևորը՝ բարեկամությունը, վստահությունը, համագործակցությունը և, իհարկե, ստեղծարար գործընկերությունը ամրապնդելու մեր երկրների ժողովուրդների ցանկությունը:
Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն նախագահին այսօրվա հանդիպման կառուցողական, գործնական և վստահելի մթնոլորտի համար:

Հաճույքով խոսքը փոխանցում եմ Իգոր Դոդոնին: Խնդրեմ, պարո՛ն նախագահ:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: