Ֆրանսիայի պաշտոնական վճիռը՝ Ալիևը բռնապետ է

Nov 11, 2017 Comments Off on Ֆրանսիայի պաշտոնական վճիռը՝ Ալիևը բռնապետ է

Ֆրանսիայում Ալիևին բռնապետ անվանելը զրպարտություն չէ, ահա այպիսի սենսացիոն, բայց ոչ անսպասելի որոշում է կայացրել Ֆրանսիայի դատարանը: Նախօրեին Փարիզի արվարձանային Նանտեր շրջանի դատարանը մերժեց Ադրբեջանի կառավարության հայցն ընդդեմ ֆրանսիացի երկու լրագրողների, ովքեր ֆրանսիական հեռուստաեթերում Ադրբեջանը անվանել էին բռնապետություն, նախագահ Ալիևին՝ բռնակալ:

Դժվար է ասել, թե ինչ «քամի» էր անցել Ալիևի գլխով, երբ նա որոշում էր կայացրել ֆրանսիացի լրագրողների դատի տալ այն բանի համար, որ իրեն բռնապետ էին անվանել: Հավանաբար, նրա հույսը Ֆրանիսայի դատավորներին «գնելն» է եղել և նրանցից իր պատկերացրած «արդարադատությունն» ակնկալելը: Սակայն ամեն տեղ չի «խավիարային դիվանագիտությունը» անցնում…

Պաշտոնական Բաքուն լրագրողներ Էլիզ Լյուսեին և Լորան Ռիշարին մեղադրում էր զրպարտության մեջ: Նանտերի դատարանը հայտարարել է, որ մամուլի ազատության մասին ֆրանսիական օրենքը նպատակ ունի ապահովել խոսքի ազատությունն ու թույլ չտալ պետությանը քրեական հետապնդման ենթարկել անհատին:

Բռնապետական ռեժիմ բառակապակցությունը, որն էլ դատարանում խնդրո առարկա է դարձել, հնչել է CASH Investigation հաղորդաշարի ընթացքում, որը եթեր է հեռարձակվել 2015 թվականի սեպտեմբերին France 2 հեռուստաալիքով: Ծրագրի շրջանակում ցուցադրված «Իմ նախագահը գործուղման մեջ է» 2-ժամանոց հետաքննությունը պատմում է ֆրանսիացի քաղաքական գործիչների և ադրբեջանական իշխանությունների միջև անդրկուլիսյան հարաբերությունների մասին, որոնք բնորոշում են «խավիարային դիվանագիտություն» հայտնի բառակապակցությամբ:

Ֆիլմի առաջին մասը սկսվում է նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի Բաքու կատարած այցին անդրադարձով: Հետաքննության հեղինակները՝ Ռիշարն ու Լյուսեն ֆիլմում մի քանի անգամ Ալիևի ռեժիմը անվանում են բռնապետական և նշում, որ ամերիկյան Պետդեպարտամենտի դիվանագիտական նամակագրության մեջ Ալիևը նկարագրվում է որպես «կնքահայր, ով երկիրը ղեկավարում է Կորլեոնեի ձևերով»:

«Կապե՛ք ձեր ամրագոտիները, մենք ձեզ տեղափոխում ենք նախագահական գործուղումների ետնաբեմ: Փուլ առաջին՝ Ադրբեջան: Իր նավթը, իր գազը և իր բռնապետությունը՝ աշխարհում ամենադաժաններից մեկը: Ի՞նչ կշիռ ունեն մարդու իրավունքները, երբ խոսքը 2 միլիարդ եվրո արժողությամբ պայմանագրի մասին է»․ – ֆիլմում հնչած այս խոսքերին Բաքվի պատասխանը չուշացավ՝ ընդամենը երկու օր անց Ալիևի վարչակազմի շահերը ներկայացնող փաստաբան Օլիվյե Պարդոն զրպարտության մեղադրանքով լրագրողների դեմ հայց ներկայացրեց:

Դատարանում լրագրողներին պաշտպանում էին Ադրբեջանի վարչակազմի կողմից հալածանքների ենթարկված «Ազադլիգ» թերթի թղթակից Ագիլ Խալիլը, իրավապաշտպան Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը, «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որը հայտարարել էր, թե «չբավարարվելով սեփական երկրում բազմակարծությունը արմատախիլ անելով՝ Ալիևի վարչակազմը հիմա էլ իր քննադատներին թիրախավորում է արտերկրում»:

Ի պաշտպանություն Ադրբեջանի դատարանում հանդես են եկել ֆրանսիացի մի խումբ քաղաքական գործիչներ «Ադրբեջանի բարեկամներ» միության շրջանակներից, որը, ի դեպ, ըստ ֆրանսիական մամուլի, հիմնականում ֆինանսավորվում է Ադրբեջանի նախագահական ընտանիքին պատկանող Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի կողմից: Ֆրանսիական մամուլը մեջբերում է նախկին պատգամավոր Ֆրանսիս Մանսելի խոսքերը, ով դատարանում հակադարձել է պնդումներին, որ Ադրբեջանը բռնապետություն է: «Ես լավ գիտեմ Ադրբեջանը և հատկապես ադրբեջանցիներին, ովքեր շատ երջանիկ են այնտեղ, որտեղ ապրում են», – ասել է նախկին պատգամավորը:

Մինչ դատարանում հնչում էր այս հայտարարությունը, եվրոպական մի շարք լրատվամիջոցներ հրապարակեցին Ադրբեջանի իշխող ընտանիքին վերաբերող հերթական կոռուպցիոն սկանդալը, որի համաձայն՝ Ալիևի վարչակազմը շուրջ 3 միլիարդ դոլարի գաղտնի հաշիվ է ունեցել երկու տարի, որից գումարներ են վճարվել լոբբիստներին, լրագրողներին, քաղաքական գործիչներին ու գործարարներին՝ ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար:

Հենց այդ գործարքների մասին է Ադրբեջանի իշխանությունների կողմից մեղադրվող լրագրողների հեղինակած ֆիլմը, որում հնչում են ֆրանսիացի պատգամավորների և պաշտոնյաների անուններ, ովքեր նույնպես օգտվել են Ալիևների «շռայլությունից», ինչպես, օրինակ, ֆրանսիական Կոնյակի քաղաքապետը, ով տեսախցիկների առաջ խոստովանում է, որ ադրբեջանցի պաշտոնյաներից խավիար և մի քանի հազար եվրո արժողությամբ գորգ է նվեր ստացել:

Այսպես, դատարանը, ամփոփելով լսումները, վճռել է, որ Ադրբեջանի հայցը անընդունելի է, քանի որ, ինչպես նշվում է, խոսքի ազատությունը «ժողովրդավարության հիմնաքարն է», իսկ մամուլի ազատության մասին օրենքում չկա զրպարտություն հասկացություն, և երկրորդ՝ «ֆրանսիական քրեական իրավունքը չի նախատեսում, որպեսզի պետությունը հայց ներկայացնի քաղաքացիական անձանց դեմ»: «Սա վերաբերում է նաև ֆրանսիական պետությանը», – տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է դատավորը:

Ահա, մի զավեշտալի իրավիճակ է ստեղծվեց: Ալիևն ընկավ իր իսկ լարած թակարդը: Այժմ, արտերկրում Ադրբեջանի վերաբերյալ տարբեր նյութերի հրապարակման դեպքում բոլորը կարող են հանգիստ հղում կատարել ֆրանսիական դատարանի վճռի վրա ու անկաշկանդ նշել, որ Ադրբեջանում բռնապետական ռեժիմ է գործում, քանի Ֆրանսիայի դատարանը Ալիևին բռնապետ անվանելը զրպարտություն չի համարել:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: