«Հայաստանի Հանրապետություն» թերթը կմիացվի «Արմենպրեսին»

Nov 10, 2017 Comments Off on «Հայաստանի Հանրապետություն» թերթը կմիացվի «Արմենպրեսին»

Կառավարությունը մտադիր է օպտիմալացնել և խոշորացնել նաև պետական քարոզչություն իրականացնող միջոցները: Կառավարության նոյեմբերի 9-ի նիստի օրակարգում այդ նպատակին միտված 2 նախագիծ է ընդգրկված: 2 նախագիծն էլ ներկայացնում է կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը:
Այսպիսով`  կառավարության «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ը միացվելու է նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնին»: Ըստ այդմ՝ վերջինը լինելու է «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդը և գործելու է կառավարության ենթակայությամբ:

Հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկու ՊՈԱԿ-ների գործառույթները մասամբ համընկնում են: ««Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին միացման ձևով վերակազմակերպման արդյունքում հնարավոր կլինի կենտրոնացնել երկու կազմակերպությունների ռեսուրսները՝ աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով:
Բացի այդ, ՊՈԱԿ-ի միացումը հնարավորություն կտա տնտեսել պետական բյուջեի միջոցները, կհանգեցնի կրկնվող գործառույթների օպտիմալացմանն ու կրճատմանը, ինչպես նաև ոլորտի առավել արդյունավետ կազմակերպմանը»,- ասված է հիմնավորման մեջ:
Հաջորդ որոշմամբ կառավարությունը մտադիր է «ՀայաստանիՀանրապետություն-ՌեսպուբլիկաԱրմենիա» և«Հանրապետություն»փակ բաժնետիրական ընկերությունները միավորել «Արմենպրես»փակ բաժնետիրական ընկերությանը, այն վերանվանելով «Արմենպրես պետական լրատվական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության։ Հատկանշական է, որ նորաստեղծ գործակալության պետական բաժնեմասի տնօրինման լիոզորությունները ամբողջությոմբ տրվելու են կառավարությանը` իրավասությունները բաշխելով հետրյալ համամասնություններով՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (50 տոկոս բաժնեմաս), վարչապետի մամուլի քարտուղար և կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ՝ 25-ական տոկոս բաժնեմասերով:
Ըստ որոշման հիմնավորման՝ «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» և «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերությունները «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպելու արդյունքում հնարավոր կլինի կենտրոնացնել երեք կազմակերպությունների ռեսուրսները՝ աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով: Բացի այդ, ՓԲԸ-ների միացումը հնարավորություն կտա տնտեսել պետական բյուջեի միջոցները, կհանգեցնի կրկնվող գործառույթների օպտիմալացմանն ու կրճատմանը, ինչպես նաև ոլորտի առավել արդյունավետ կազմակերպմանը:

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիրը  Տիգրան Ֆարմանյանն է,  իսկ «Արմենպրես» գործակալությունը ղեկավարում է Արամ Անանյանը:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: