Վիգեն Սարգսյանի նոր գրոհը. ո՞ւմ կողքը կկանգնի Սերժ Սարգսյանը

Nov 11, 2017 Comments Off on Վիգեն Սարգսյանի նոր գրոհը. ո՞ւմ կողքը կկանգնի Սերժ Սարգսյանը

Վիգեն Սարգսյանը վերջնականապես որոշել է ՊՆ-ի պատմության մեջ մնալ որպես հեղափոխական նախարար: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծով առաջարկվող ակադեմիական տարկետման իրավունքը իսպառ վերացնելու աղմուկը դեռ չմարսած՝ ՊՆ-ն շրջանառության մեջ է դրել երկրորդ օրինագիծը՝ առաջարկելով փոփոխություններ կատարել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում: ՊՆ-ն առաջարկում է մինչեւ 2017-ի դեկտեմբերի 1-ը 27 տարին լրացած բանակում պարտադիր զինծառայություն չանցած անձանց ևս մեկ անգամ հնարավորություն տալ՝ խուսափած ամեն զորակոչի համար 500 հազար դրամ վճարելով՝ ազատվել քրեական հետապնդումից: Սակայն   դա կլինի վերջին անգամ՝ օրենքն այլևս երկարաձգման հնարավորություն չի նախատեսում: Նախկինում այս օրենքի ժամկետը ավելի քան 8 անգամ երկարաձգվել է, և արտերկրում գտնվող բազմաթիվ բանակից խուսափածներ վերադարձել են՝ վճարել համպատասխան գումար, և նրանց նկատմամբ հետապնդումը դադարեցվել է: Նախկինում բոլոր զորակոչերից խուսափածը վճարում էր 1 մլն, 800 հազար դրամ, քանի որ սահմանված տույժը ամեն զորակոչի համար նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով էր հաշվարկվում: Հիմա ստացվում է, որ բոլոր զորակոչերից խուսափած քաղաքացին ամեն զորակոիչ համար 500 հազար դրամ վճարելու դեպքում պետք է վճարի 9 մլն դրամ:
Բայց սա ամբողջ նորությունը չէ. ՊՆ-ն առաջարկում է օրենքում ամրագրել, որ այլևս ժամկետը չի երկարացվելու:

Պետք է նկատել, որ այս օրենքի փոփոխությունը շատ ուղիղ տրամաբանական կապ ունի տարկետման իրավունքի վերացման օրենսդրական նախաձեռնության հետ: Եթե տարկետման իրավունքի վերացման հարցում արդեն կայացվել է քաղաքական որոշում, և այդ հարցում այլևս հետդարձի ճանապարհ չկա, ապա բանակից խուսափածներին 27 տարին լրանալուց հետո տույժի դիմաց բանակից ազատելը ճիշտ և, որ կարևորն է, բարոյական մոտեցում է: Շատ ավելի խելամիտ կլիներ պահպանել ակադեմիական տարկետման իրավունքը, որի վերացումը հարվածելու է գիտության և կրթության համակարգին:   Եթե պետությունը որոշել է գնալ տոտալ քայլի՝ իսպառ վերացնելով տարկետումը, ապա 27 տարվանից հետո որոշակի գումարով բանակից ազատվելու հնարավորություն ընձեռելով որոշ մարդկանց՝ նա, ըստ էության, հատկապես փող ունեցողների համար թողնում է կարևոր սողանցք. փախչել արտասահման, թաքնվել մինչև 27 տարին լրանալը, հետո վերադառնալ և վճարել 9,5 մլն դրամ: Շատ ավելի ընդունելի կլինի չծառայելու համար սահմանել անհամեմատ ավելի մեծ գումար, օրինակ՝ 50 մլն դրամ, որը լիովին բավարար կլինի բանակ չծառայած մեկ անձի փոխարեն առնավազն 3 պրոֆեսիոնալ զինծառայող ունենալ բանակում: Ընդ որում, նման հնարավորություն կարելի է սահմանել ցանկացած քաղաքացու համար, ով պատրաստ է կատարել նման բարձր վճարում:  Ի վերջո, մեծահարուստների որդիները, եթե անգամ զորակոչվում էլ են բանակ, ծառայում են հատուկ զորամասերում կամ ավելի շատ իրենց տանը նստած, որով նրանք ո՛չ պետությանը, ո՛չ էլ բանակին օգուտ չեն տալիս: Իսկ այսպես գոնե պաշտպանության բյուջեն լցվի, և մեծահարուստ հայրիկների փողերը ՊՆ-ի որոշ գեներալների և պաշտոնյաների գրպանը հոսելու փոխարեն՝ օգուտ կտան բանակին: Վիգեն Սարգսյանի մոտեցումն այս առումով իսկապես արդարացված է, բայց խնդիրն այն է, որ այս նախաձեռնությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում արժանացել է լուրջ քննադատության: Դեմ են արտահայտվել և՛ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, և՛ անդամներ Ֆելիքս Ցոլակյանն ու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Զարգացումը հետաքրքիր է լինելու և որոշիչը կլինի, թե ո՞ւմ կողքը կկանգնի Սերժ Սարգսյանը:

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: