ՀՀ շուկայում հայտնաբերվել են գենետիկորեն մոդիֆիկացված մթերքներ

Nov 08, 2017 Comments Off on ՀՀ շուկայում հայտնաբերվել են գենետիկորեն մոդիֆիկացված մթերքներ

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Հայաստանը չի կարող դառնալ եգիպտացորեն կամ սոյա արտահանող երկիր:

Ինչպես ներկայացրեց՝ կամայական երկիր, որը որդեգրում է իր զարգացման ռազմավարությունը, պետք է ունենա 3 հիմնական խնդիր՝ բնապահպանական,  գյուղատնտեսական, առողջապահական խնդիր:

Պիպոյանը նշեց, որ բոլոր երկրներում ԳՄՕ-ի համապատասխան մակնշումը տրվում է, և սպառողը խնդիր չունի դա հայտնաբերելու: Նա նշեց, որ 2012թ. հետազոտություն է արվել և ՀՀ շուկայում հայտնաբերվել են գենետիկորեն մոդիֆիկացված մթերքներ՝ լոլիկ, կարմիր պղպեղ, եգիպտացորեն:

«ՀՀ-ն գենետիկորեն մոդիֆիկացված սերմի արտադրություն չունի, եթե կա բույս, ուրեմն սերմ է ներկրվել։ Մենք այդ ոլորտը կարգավորող օրենք չունենք։ Ունենք բաց վիճակ, և կամայական մի մարդ կարող է ՀՀ ներմուծել ու շրջակա միջավայրն աղտոտել ԳՄՕ սերմերով։ Սա նաև մարդկանց կայուն զարգացման սկզբունքի խախտում է, որովհետև, եթե մեկը վաղը որոշի զբաղվել օրգանիկ գյուղատնտեսությամբ, իսկ այդ հողակտորներն արդեն օգտագործվել են գենետիկորեն մոդիֆիկացված սերմերի կուլտիվացիայի նպատակով, հետագայում լինելու է խաչաձև աղտոտում, և այդ տարածքում հնարավոր չի լինելու արտադրել օրգանիկ մթերք»,- ասաց նա՝ նշելով, որ ԳՄՕ-ով գյուղատնտեսություն արգելված է Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: