Թուրքիայում կրթության հիմքում դրվել է կրոնը. Կարո Փայլանը «Բյուջե 2018» քննարկումներում

Nov 08, 2017 Comments Off on Թուրքիայում կրթության հիմքում դրվել է կրոնը. Կարո Փայլանը «Բյուջե 2018» քննարկումներում

Թուրքիայի խորհրդարանում ընթանում են 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: Ներկայացվել է Կրթության նախարարության համար նախատեսված բյուջեն: Քննարկման ժամանակ ելույթ է ունեցել մեջլիսի պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը, գրում է ermenihaber.am-ը:

Փայլանը քննադատել է կրթական համակարգի փոփոխությունները: Նա դժգոհել է, որ Կրթության նախարար Իսմեթ Յըլմազը ելույթում ընդհանրապես չի անդրադարձել այդ փոփոխություններին: Փայլանն անդրադարձել է նաև նախարարության թվիթերյան էջում արված գրառումներից մեկում «որակյալ կրթություն» արտահայտությանը՝ ընդգծելով, որ այդ կերպ Յըլմազն ինքնստինքյան թուրքական դպրոցների 90 տոկոսը անորակ է համարել:

Պոլսահայ պատգամավորը քննադատել է Թուրքիայի կրթական քաղաքականությունը՝ նշելով, որ կրթության հիմքում կրոնն է դրվել: «Կրոնական կրթությունը, հավատացյալ սերունդ դաստիարակելու նպատակը, որի մասին խոսել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դարձրել եք ձեր նախարարության գլխավոր առաքելությունը: Մինչդեռ սա ուղղվածություններից մեկը պետք է լիներ: Որտե՞ղ մնաց գիտական, ժողովրդրավարական և հավասար կրթությունը»:

Կրթության նախարարության Twitter-ում կրթական համակարգի փոփոխությունների մասին գրառում էր կատարվել՝ դպրոցների մի մասի հասցեին կիրառելով՝ «որակյալ կրթություն» արտահայտությունը: Քննադատաությունների տարափի պատճառով գրառումը ջնջել են: Յըլմազը բացատրել է, որ «որակյալ կրթություն» արտահայտությունը վերաբերում է դպրոցներին, որոնք աշակերտ են ընդունում միայն քննությամբ: Առանց քննություն հանձնելու երեխաները կարող են ընդունվել տան մոտակայքում գտնվող 5 դպրոցներից մեկը:

Քննադատություններին արձագանելով՝ Յըլմազը նշել է. «Մեկին լավը ասելով, մյուսները վատը չեն դառնում»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: