Զգուշացեք բժիշկներից

Nov 10, 2017 Comments Off on Զգուշացեք բժիշկներից

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում   բուռն քննարկման առարկա դարձավ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը: Հեղինակները Հրայր Թովմասյանն ու Կարեն Ավագյանն են: Նրանք առաջարկում են Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը՝ պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Նաեւ նույն արարքը, որը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժել ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

«Բժշկի աշխատանքը խոչընդոտվում է, նույնիսկ ծեծելով մահ ենք ունեցել: Ամեն օր վերակենդանացման բաժանմունքների դիմաց նման դեպքեր ենք ունենում: Եթե բժիշկը իր գործունեություն արդյունքում սխալ է արել`հստակ քրեական պատասխանատվության թող ենթարկվի»,- հիմնավորեց մասնագիտությամբ բժիշկ Կարեն Ավագյանը։ Սակայն նախագիծը հարուցեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի վրդովմունքը, նա հասցրեց մինչեւ անգամ սուր երեւակայական մտքեր արտահայտել։ Պատգամավորը բառերի մեջ սկզբում խորացավ ու ուզում էր հասկանալ, թե խոչընդոտելն ի՞նչ գործողությամբ պետք է արտահայտվի, ՀՀ օրենսդրությունը ոչինչ չի սահմանում այդ վերաբերյալ․ «Մի՞թե սրանով չենք ծանրաբեռնում մեր օրենսդրությունը: Դե եկեք առանձնացնենք`մանկավարժի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, արհեստավորի եւ այդպես»: Պատգամավորը նկատեց, որ 3-7 տարի սանկցիա է նախատեսվում, ինչը բավական ծանր պատիժ է․« Ոչ ոք չի փառաբանում այն մարդկանց, որ ծեծում են, բայց ականջը ճմրթելը նյութական սանկցիա է: Էս հոդվածի տակ պիտի ընկնեն էն մարդիկ, ովքեր ոչ հավասարակշիռ վիճակում են, ասենք երեխուն ավտոյի տակ են քցել, վերցրել գնացել ա հիվանդանոց»,- իր անհամաձայնությունը շարունակեց Գեւորգ Պետրոսյանը:

«Բայց դրա համար բժիշկը մեղավոր չի»,-հակադարձեց Կարեն Ավագյանը: Գեւորգ Պետրոսյանը նկատեց. «Ինձնից սկսած ոչ ոք սուրբ չի, հատկապես բժիշկները»:

Կարեն Ավագյանը տեղը դրեց ընդդիմադիր գործընկերոջը․«Ձեզանից սկսած միգուցե, բայց …բժիշկները հաստատ ձեզանից սուրբ են»: Ելույթների ժամանակ նիստը նախագահող Հրայր Թովմասյանը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանին հորդորեց ելույթ ունենալ՝ որպես թե բժիշկ, թե իրավաբան։ Զեյնալյանը հիշեց, որ ժամանակին բժշկին ծեծելը սպորտաձեւ էր դարձել: Ունենալով նախագծի վերաբերյալ առարկություններ, պատգամավորն այդուհանդերձ անհրաժեշտ համարեց այդ նախագիծը։ Ընդդիմադիր գործընկերոջ ելույթից սթափված Գեւորգ Պետրոսյանը եզրափակիչ ելույթը գլխիվայր շուռ տվեց՝ ասելով, թե իրեն ճիշտ չհասկացան ու ստեղծվեց տպավորություն, թե ինքը կողմ է բժիշկներին ծեծելուն․«Այո, ես կողմ եմ, որ ծեծեն այն բժշկին, որը հիվանդին թողած`կողքի սենյակում բաժակ ա նայում, որ տեսնի թե ե՞րբ ա ամուսնանում»,- շարունակեց Գեւորգ Պետրոսյանը`հայտարարելով, որ իր ասածների մասով, որպեսզի թյուրըմբռնում չառաջանա, ինքը «կողմ» է քվեարկելու նախագծին: Նրա վերջին դիտողություն-հայտարարությունը բնավ դուր չեկավ քննարկմանը ներկա առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին. «Եթե նման մարդ կա, տվեք ազգանունը»: Նախագիծն ընդունվեց: Եւ ԲՀԿ-ն սովորության համաձայն դեմ ըլլալով կողմ քվեարկեց նախագծին։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: