Հայաստանում ոստիկանները հեծանիվ քշել գիտե՞ն. փոխոստիկանապետը՝ Տոյոտայի ճոխ գնումների մասին

Nov 08, 2017 Comments Off on Հայաստանում ոստիկանները հեծանիվ քշել գիտե՞ն. փոխոստիկանապետը՝ Տոյոտայի ճոխ գնումների մասին

«Հայկական ժամանակը» գրում է, որ ՀՀ ոստիկանությունը 2017 թվականին «Տոյոտա-Երեւան» ընկերությանից ձեռք է բերել 43 հատ 2017 թվականի արտադրության Toyota Corolla մակնիշի մեքենա:

Ոստիկանությունը «Տոյոտա-Երեւան» ընկերությանն այս 43 մեքենայի համար վճարել է 350 մլն ՀՀ դրամ:

ԱԺ-ում «ՀԺ»-ի լրագրողը փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունն այդքան մեքենա ձեռք բերել:

«Ծառայողական անհրաժեշտության համար՝ հիմնականում ճանապարհային ոստիկանության համար: Թարմացնում ենք մեր տրանսպորտը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Եղիազարյանը:

Ինչպե՞ս է ստացվում, որ վերջին տարիներին ոստիկանությունը մեքենաներ է ձեռք բերում Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող «Տոյոտա-Երեւան» ընկերությանից, իսկ բացի այդ նույն ընկերությունը կրկին վերջին տարիներից սկսած սպասարկում է այդ մեքենաներին՝ տեխնիկական խնդիրների դեպքում: Հարցին փոխոստիկանապետը պատասխանել է.

«Տոյոտան ամենալավ մեքենան է, ուստի մենք էդ բանի հետ ենք համագործակցում: Ես ինչքան գիտեմ՝ էտի ամենալավն է, իսկ թե ում է պատկանում, տեղյակ չեմ»:

Թղթակցի դիտարկմանը, թե ԱՄՆ-ի որոշ նահանգներում ոստիկանները ծառայությունն իրականացնում են հեծանիվներով, Եղիազարյանն ընդհատել է լրագրողի խսքը եւ ասել, որ որոշ երկրներում էլ ձիերով են ծառայություն իրականացնում: Հարցին, թե Հայաստանի ոստիկանները հեծանիվ վարել չգիտե՞ն, փոխոստիկանապետն ասել է.

«Չեմ կարող ասել՝ հնարավո՞ր է հեծանիվով ծառայություն իրականացնել, թե՝ ոչ: Դրան դեռ պատրաստ չենք»,- նշել է նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: