Դատապարտյալները եղել են Հայաստանից դուրս, բայց՝ իբրև կրել են պատիժը

Nov 07, 2017 Comments Off on Դատապարտյալները եղել են Հայաստանից դուրս, բայց՝ իբրև կրել են պատիժը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել պաշտոնատար անձանց, այդ թվում` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պրոբացիայի պետական ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու  դեպքերի  վերաբերյալ քրեական գործը:

ՀՔԾ-ից հայտնում են, որ ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում հանրային աշխատանքների ձեւով պատժատեսակի կատարման գործընթացի օրինականության ստուգման շրջանակներում դատապարտյալների անձնական գործերի ուսումնասիրության եւ դրա հիման վրա կատարված այլ ստուգողական գործողությունների արդյունքում  պարզվել է, որ չնայած դատապարտյալը գտնվել է ՀՀ սահմաններից դուրս եւ չի ներկայացել աշխատանքի, այդուհանդերձ, վերջինիս չաշխատած աշխատաժամանակը ներառվել է պատժաչափի հաշվարկի մեջ, եւ պատիժը համարվել է  կատարված:

Բացի այդ, պարզվել է, որ եւս երկու դատապարտյալներ որոշակի ժամանակահատվածներում բացակայել են հանրապետությունից, սակայն, չնայած այդ հանգամանքին, համապատասխան փաստաթղթերում նշվել է, որ դատապարտյալները փաստացի գտնվել են պատժի կրման մեջ եւ կատարել հանրային աշխատանքներ:

Պաշտոնեական դիրքի չարաշահման եւ նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ու միացվել մեկ վարույթում:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կատարված առերեւույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: