ՀՀԿ-ական պարտված թեկնածուի համակիրները գիշերել են դրսում

Nov 08, 2017 Comments Off on ՀՀԿ-ական պարտված թեկնածուի համակիրները գիշերել են դրսում

Նոյեմբերի 5-ի ընտրությունները աննախադեպ հանգուցալուծում ստացան Վայոց Ձորի Եղեգիս համայնքում։ Պարտվեց ՀՀԿ-ի կողմից առաջադրված Շատինի գյուղապետ Տիգրան Խուդոյանը եւ հաղթեց ինքնաառաջադրված ՀՀԿ-ական Քարագլուխ գյուղի գյուղապետ Արթուր Ստեփանյանը։ Երեկ գյուղացիները փակել էին ճանապարհը, ասում էին, որ համաձայն չեն այս արդյունքին և պահանջում են, որ խոշորացված համայնքը ղեկավարի Շատին համայնքի նախկին գյուղապետ Տիգրան Խուդոյանը։

«Ընտրությունների արդյունքում մեր ամենալավ գյուղապետը պարտվել է կաշառքի շնորհիվ, հիմա մենք հետ ենք պահանջում մեր գյուղապետին», երեկ ասում էին բողոքի ցույցի դուրս եկած բնակիչները։ Այսօր կապվեցինք պարտված ՀՀԿական Տիգրան Հակոբյանի հետ, նա մեզ տեղեկացրեց, որ Երեւանում է եւ տեղյակ չէ՝ բնակիչներն այսօր նորից բողոքի ցույց կանեն, թե կհամակերպվեն ընտրությունների արդյունքներին․«Երեկ էլ, երբ ճանապարհ էին փակել, ես Երեւանում եւ եւ որեւէ կապ չունեմ նրանց բողոքի հետ, այդ ամենը ինքնաբուխ է եղել», ասաց Խուդոյանը։

Հիշեցնենք, որ ընտրություններից մի քանի օր առաջ մենք զրուցել էինք այս համայնքում առաջադրված թե երկու մրցակից թեկնածուների հետ ու պարզել, որ նրանց պայքարը ավելի խորը հիմքեր ունի։ Խուդոյանը պատմել էր, որ Շատինի նախկին հիվանդանոցի պարապուրդի մատնված շինության վրա աչք է ունեցել Արթուր Ստեփանյանի կնոջ քույր՝ բժշկուհի Զոյան, որը շատինցի է, սակայն Խուդոյանը դեռեւս խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրությամբ դիմել է կառավարությանը՝ խնդրելով այդ տարածքը տրամադրել իրեն բացառապես կրթական հաստատության ծառայեցնելու նպատակով։

Հիմա այդ շինության տարածքում շինարարական աշխատանքներ են ընթանում, Խուդոյանը մանկապարտեզ է կառուցում։ Տիգրան Խուդոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը երեկ խնդրել ու հորդորել է իր համակիրներին, որպեսզի անօրինական գործողությունների չդիմեն, այլեւս չփակեն ճանապարհը։ Նա տեղեկացրեց նաեւ, որ թեպետ երեկ բացել են ճանապարհը, սական ամբողջ գիշեր նրանք անցկացրել են դրսում՝ Խուդոյանի շտաբի առաջ։

Մեր զրուցակիցն ասաց, որ իր ակնկալիքներն արդարացել են․«Ինչքան ակնկալիք ունեցել եմ, այնքան էլ քվե եմ հավաքել»։ Իր պարտության եւ մրցակցի հաղթանակի մասին մեր հարցին Խուդոյանը հարցով պատասխանեց․«Կհիշեցնեք՝ ով էր իմ մրցակիցը․․․Սերգեյ Բագրատյա՞նը․․․Հա, հա, ճիշտ եք Ստեփանյան Արթուրն էր », բազմանշանակ ասաց թեկնածուն, ապա պարզաբանեց, որ իրականում իր պայքարը եղել է ոչ թե ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանի հետ, այլ ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին մարզպետ Սերգո Բագրատյանի, որը հովանավորել է Արթուր Ստեփանյանին։ Թեկնածուն ասաց նաեւ, որ Ստեփանյանը նախկինում ԲՀԿ-ական է եղել, հիմա ՀՀԿ-ական է, բայց չի բացառվում նորից ԲՀԿ-ական դառնա։

Նա չհամաձայնեց մեր դիտարկմանը, թե Հայաստանում սովորույթի ուժով բոլոր համայնքապետերը համալրում են ՀՀԿ-ի շարքերը․«Ինքը ավելի շուտ ԲՀԿ-ական կդառնա», ասաց նա։ Տիգրան Խուդոյանն ասաց, որ իրեն ժողովուրդն է պաշտպանել, նա ընդունում է ընտրությունների արդյունքները եւ մեր հարցին ի պատասխան ասում, որ ինքը տեղյակ չէ, թե կեղծել են արդյունքները․«Ես չեմ բողոքարկելու։ Ընտրությունը կեղծված չի, իրականությունն է կեղծված։ Տեսեք դուք ասում եք՝ ձեր թեկնածուն Արթուր Ստեփանյանն է, իրականում այլ մարդիկ են»։ Նա տեղյակ չէ , թե ինչ են պատրաստվում անել իր համագյուղացիները՝ կշարունակեն բողոքի ակցիաները, թե ոչ, սակայն ինքը հորդորել է ճանապարհ չփակել։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: