Էրդողանի փեսայի ընտանիքը ևս Paradise Papers-ի օֆշորային սկանդալում

Nov 07, 2017 Comments Off on Էրդողանի փեսայի ընտանիքը ևս Paradise Papers-ի օֆշորային սկանդալում

«Ջումհուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, հետաքննական լրագրողների միջազգային կոնսորցիումի  կողմից հրապարակված և Paradise Papers անվանումը ստացած օֆշորային նոր բացահայտման մեջ շրջանառվում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի՝ երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի եղբոր անունը:

Բերաթ Ալբայրաքի եղբայրը՝ Սերհաթ Ալբայրաքը, Մալթայում հիմնված Frocks International Trading Ltd անունով կազմակերպության ղեկավար անձանցից է: Բացի նրանից, ընկերությունում գրանցված են նաև թուրքական Çalık Holding-ի աշխատակիցներ: Ուշագրավ է, որ 2003 թվականին հիմնված Çalık Holding-ը, որն ակտիվ գործունեություն է ծավալել մինչև 2009 թվականը, մինչև 2007 թվականը ղեկավարել է հենց Սերհաթ Ալբայրաքը, իսկ նրանից հետո ընկերության ղեկավարումը ստանձնել է Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը:

Paradise Papers-ի օֆշորային սկանդալում հայտնվել են նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիները՝ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: