ԱՄՆ-ի առևտրի նախարարը ներդրումներ ունի Պուտինի դստեր ամուսնու ընկերությունում. բացահայտում

Nov 07, 2017 Comments Off on ԱՄՆ-ի առևտրի նախարարը ներդրումներ ունի Պուտինի դստեր ամուսնու ընկերությունում. բացահայտում

Կիրակի օրը արտահոսք ստացած փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի առևտրի նախարար, 79-ամյա միլիարդատեր Ուիլբուր Ռոսը 2 և 10 միլիոն դոլարների ներդրումներ ունի Ռուսաստանի հետ կապված Navigator Holdings ընկերությունում, որը զբաղված է առևտրային միջատլանյան փոխադրումներով: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ռոսը չի հրապարակել Ռուսաստանի հետ իր կապերի մասին տեղեկությունն այն ժամանակ, երբ Սենատը քննարկում էր իր թեկնածությունն այս պաշտոնին: Նրա կապերի մասին հայտնի դարձավ օրերս Բերմուդայում գտնվող Appleby օֆշորային իրավաբանական ընկերության փաստաթղթերի արտահոսքից, հայտնի որպես Paradise Papers: Ընկերությունը խորհրդատվական ծառայություններ էր մատուցում ֆինանսական վերնախավի ներկայացուցիչներին, երբ նրանք փորձում էին թաքցնել եկամուտը՝ հարկային պարտավորություններից խուսափելու համար:

Ռոսի վերաբերյալ բացահայտումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հատուկ հետաքննողն ու Կոնգրեսի երեք առանձին մարմինները հետաքննում են ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության խնդիրը:

Ամերիկյան հատուկ ծառայություններն եզրակացրել են, որ միջամտության գործընթացը ղեկավարել է անձամբ նախագահ Պուտինը, ով փորձել է հարվածել ամերիկյան ժողովրդավարությանը:

Ըստ հրապարակված նյութերի, Ռոսն իր Navigator Holdings-ի բաժնետոմսերը պահում էր օֆշորային գոտիներից մեկում, ուր գտնվում է նաև նրա շուրջ 2 միլիարդ դոլարի կարողությունը:

Առևտրի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Ռոսը դուրս է հանել իր ակտիվները միջօվկիանոսային փոխադրումներ իրականացնող ընկերությունից և խորհրդակցում է այժմ էթիկայի ոլորտի պաշտոնատար անձանց հետ՝ վստահ լինելու, որ բոլոր էթիկական խնդիրները վերացված են:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: