Ինչ է ասելու Էրդողանը Պուտինին, կամ՝ հակառակը

Nov 07, 2017 Comments Off on Ինչ է ասելու Էրդողանը Պուտինին, կամ՝ հակառակը

«Ամենայն հավանականությամբ, Պուտինը մեղմորեն կմերժի Էրդողանին, ավելին, սա չի անդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա: Նույնիսկ Պուտինի համաձայնության դեպքում Հայաստանը չի համաձայնի ԼՂ խնդրում Թուրքիայի միջամտությանն ու մասնակցությանը: ՀՀ նախագահը բոլոր ամբիոններից խոսում է Թուրքիայի նախապայմանների մասին՝ պնդելով, որ դրանք չեն ընդունվում, և հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, ուստի չեմ կարծում, որ սա աշխատող տարբերակ է»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի Ղարաբաղյան առաջարկներին, որոնք նա պատրաստվում է ներկայացնել այս շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում:

Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը ևս անհեռանկարային է համարում թուրքական նախաձեռնությունը՝ գտնելով, որ Ռուսաստանին ձեռնտու չէ այս հարցում ընթանալ Վաշինգտոնի շահերի դեմ, քանի որ ԼՂ հակամարտությունը ներկայումս հանձնված է Մինսկի խմբին, իսկ Մինսկի խումբը մեծ առավելություն է տվել Ռուսաստանին: Հիշեցնենք, որ օրերս Էրդողանը հայտարարել էր, թե պատրաստվում է հանդես գալ նախաձեռնությամբ՝ «Ադրբեջանին աջակցելու և ադրբեջանական հողերի ազատագրման համար, որոնք զավթվել են հայերի կողմից»։

«Բանակցություններ տեղի կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բնականաբար, սա առաջ կբերի ոչ միայն հայկական լոբբիի, այլև Արևմուտքում որոշ ուժերի անհանգստությունը»,- ասել էր նա։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: