Լևոն Մկրտչյանի հույսը Սերժ Սարգսյանն է

Nov 08, 2017 Comments Off on Լևոն Մկրտչյանի հույսը Սերժ Սարգսյանն է

Կրթության ոլորտին 2018 թվականի պետական բյուջեի նախագծով տրամադրվելու է 127 միլիարդ դրամ, որը 0.6 միլիարդով կամ 600 մլն-ով պակաս է 2017 թվականի ցուցանիշից: Ազգային ժողովում 2018թ. բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է կթրության ոլորտին հատկացված ֆինանսավորման հիմնական առանձնահատկությունները: Լ. Մկրտչյանի բնորոշմամբ՝ բյուջետային քաղաքականությունը բնորոշում է պետության վերաբերմունքը կրթության նկատմամբ. «Բյուջետային քաղաքականության միջոցով որոշվում է կրթության ոլորտի հանդեպ երկրի մոտեցումը: Այս իմաստով փորձել ենք բյուջեն այնպես կազմել, որ պետական հատկացումները որևէ ծրագրի վրա բացասական ազդեցություն չունենան, և կարողանանք հիմքեր ստեղծել հետագայում ավելացման համար: Ուստի, 2018 թվականի բյուջեի հետ կապված առանձնապես մտահոգություններ չունենք: Մեզ առավել մտահոգում է ՀՆԱ-ի աճի պարագայում կրթության և գիտության ոլորտի հատկացումների տոկոսային հարաբերությունը՝ հետագա տարիների համար: Խնդիրը ներկայացվել է նախագահին, և նա ընդունելի է համարել մտահոգությունը: Մեր մոտեցումը հետևյալն է. 2019-20 թվականների համար պետք է այս խնդիրը կարգավորենք և փորձենք միջնաժամկետ ծախսային ծրագրերով այդ լուծումը տալ: Ի վերջո, կա մի կարմիր գիծ, եթե մեր տիպի երկրների համար սահմանվել է ՀՆԱ-ի 2 տոկոսը, ապա դրանից ներքև չի կարելի իջնել: Ինչ վերաբերվում է 600 մլն. դրամի տարբերությանը, որը 2017 թվականի բյուջեի հետ համեմատած 2018-ին ունենք. այս տարբերությունը չի անդրադառնում բովանդակային ծրագրերին,այդ նվազումը ընդամենը տեխնիկական խնդիրներով է պայմանավորված: Սա ես համարում եմ կարևոր սկզբունք»,- նշել է Լ. Մկրտչյանը:

Նախարարի խոսքով՝ հատկացումների  600 մլն դրամով նվազումը  ազդեցություն չի ունենա կրթության բնագավառի որակական ցուցանիշի վրա. «Խոսքը վերաբերում է այնպիսի փոփոխությունների, որոնք միտված են ծախսերի արդյունավետությունը բարձրացնելուն, և ոչ թե՝ ծառայությունների ծավալների կրճատմանը,- նշել է ԿԳ նախարարը և, որպես  մասնավոր օրինակ, նշել,- Հանրակրթության ոլորտում, օրինակ, ունենք 4 պահակ, եթե մենք կրճատենք մեկ ու կես հաստիք, կստանանք երկու միլիարդի չափով տնտեսում»:

Հատկանշական է, որ Լևոն Մկրտչյանը խոսել է կարմիր գծի մասին, որը, կրթության ոլորտին հատկացվող ֆինանսների պարագայում ՀՆԱ-ի 2 տոկոսն է: Եթե այս տարի 600 մլն-ի նվազաումը կոմպեսացվելու է դպրոցների պահակների զոհաբերմամբ, ապա գալիք տարի  կորուստներն ավելի լուրջ կլինեն, եթե իրագործվի միջնաժամկետ ծախսային ծրագրով նախանշված ֆինանսավորումը, ըստ որի՝ կրթության ոլորտի հատակացումների՝ ՀՆԱ-ում ունեցած մասնաբաժինը տարեցտարի նվազելու է՝ հասնելով 1,86 տոկոսի: Թերևս պատահական չէ, որ Լևոն Մկրտչյանը  ֆինանսավորման հարցը ներկայացրել է Սերժ Սարգսյանին, ով, ըստ նախարարի, « ընդունելի է համարել մտահոգությունը»:  Եթե այդ մտահոգությունը ընդունելի համարվեր նաև կառավարությունում՝ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից, ապա կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրում կրթության ֆինանսավորումը այսպիսի անկում չէր ապրի: Ի դեպ, կրթության ոլորտի փորձագետները արդեն արձանագրել են, որ նման խայտառակ վերաբերմունք կրթության ոլորտի նկատմամբ երբևէ չի եղել: Այսպես կոչված, կարմիր գիծը նախորդ միջնաժամկետ ծրագրում հասցված էր ՀՆԱ-ի 2,5 տոկոսին: Վերջին երկու-երեք տարիներին այդ ծավալը պետական բյուջեի ֆինանսավորմամբ ապահովվել է: 2018-ի համար հատկացված գումարները կազմում են ՀՆԱ-ի 2,2 տոկոսը, 2019-ին սկսած, սակայն, շեշտակի նվազում է գնում: Եվ սա այն դեպքում, երբ կառավարությունը անընդհատ բարձրագոչ ճառեր է արտասանում Հայաստանի միակ  իրական հարստության՝ մարդկային ռեսուրսի մասին: Մարդկային  կապիտալի զարգացումը առանց կրթության, մեղմ ասած, զավեշտ է: Ի վերջո, կրթությունը աշխարհի ոչ մի երկրում առանց փողի չի զարգանում:

 

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: