Ով փող ունի, ինֆարկտը նրան չի խփի

Nov 08, 2017 Comments Off on Ով փող ունի, ինֆարկտը նրան չի խփի

 

 

Առողջապահության ոլորտին 2018թ. պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել 80.1 միլիարդ դրամ,որը 5.1 միլիարդ դրամով պակաս է, քան 2017-ի բյուջեով հաստատված մեծությունն էր:Հիվանդանոցային ծառայությունների համար կհատկացվի 30.1 միլիարդ դրամ, արտահիվանդանոցային ծառայությունների համար նախատեսված բյուջեն կազմում է 24.5 միլիարդ դրամ:

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ համոզված է՝ ֆինանսների կրճատումը բացասաբար չի անդրադառնա ծառայությունների մատուցման որակի վրա:

«Բժիշկը միշտ աշխատում է՝ մաքսիմալ իրեն տրամադրելով իր գործին: Եվ եթե նույնիսկ իրեն ոչինչ չեն վճարում կամ վճարում են ավելի մեծ գումար, նա անում է այնպես, ինչպես կարողանում է՝ ոչ ավելի վատ, ոչ էլ ավելի լավ»,- պատկերավոր ձևովով պարզաբանել է Ակթունյանը:

Նախարարի խոսքով՝ ոլորտի բյուջեի կրճատման թիվը թեև վախեցնող է, բայց պետք է հաշվի առնել այն, որ նախորդ և այս տարի 1.3 մլրդ դրամ հատկացվել էր Վանաձոր ԲԿ-ի կառուցման ու արդիակնացման նախագծին, որն ավարտվել է: Այսինքն՝ դա եղել կապիտալ ծախս, որը ոլորտային հատակցում չի դիտվում:

Մնացած 4.5 մլրդ դրամից մոտ 1.2 մլրդ դրամն այն գումարներն են, որոնք տնտեսվել են Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի կողմից կատարված օպտիմալացման հետևանքով: Տարածքային պոլիկլինիկաների մասով նույնպես կլինեն օպտիմալացումներ, գումարներ կտնտեսվեն: Սակայն հիմնական ծրագրերն, ըստ նախարարի, չեն տուժելու: Ընդհանուր առմամբ, Լևոն Ալթունյանի խոսքով, Հայաստանի առողջապահական իդեալական բյուջեն պետք է լինի 280 մլրդ դրամ, որպեսզի հնարավոր լինի ՀՀ բոլոր բնակիչներին  անվճար բուժսպասարկմամբ ապահովել:

«Այսօրվա 80 մլրդ դրամը դա կոմպրոմիս է մեր հնարավորությունների ու պահանջարկի միջև: Չեմ կարող ասել, որ իմ նախորդները շռայլում էին»,- անկեղծորեն խոստովանել է  նա:

Պատագամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչպես է հաշվարկվում ոլորտի  գնագոյացումը: «Եթե մի քիչ գրոտեսկի վերածենք, մարդը գնում է հիվանդանոց, ասում են՝ քեզ դեռ ինֆարկտ չի խփել, գնա, երբ կխփի, նոր կգաս»,- հարցրել է Փաշինյանը:

Ի պատասխան նախարարն ասել է,ո ր  պետությունը երբևէ  չի հայտարարել, որ ցանկացած ստենտավորում իրականացվելու է անվճար:

«Մեր առողջապահության բյուջեի ներքո պետպատվերի շրջանակներում երաշխավորված են սոցիալապես անապահով խավերի սրտի խնդիրների հոգածությունը, զինծառայողների և իրենց ընտանիքների սրտի խնդիրները հոգալը և ամբողջ բնակչության համար սուր ինֆարկտի զարգացման փուլում կյանքը փրկելու ծախսերն ենք հոգում: Այո, ճիշտ եք, եթե զարգանում է ինֆարկտ և կյանքին սպառնացող վտանգը կա, ծրագիրը հատուցում է: Բայց մենք ունենք տարեկան 1500 հիվանդի գումար, ստենտավորումների քանակը Հայաստանում շատ է: Ինչպե՞ս զտել այն 1500-ին, որոնց պետք է բյուջեից հատակացնենք այս գումարը: Պետք է ընտրվեն օբյեկտիվ պայմաններով, ոչ թե հերթականությամբ, -հռետորական հարց է հնչեվրել նախարարը և ինքն իր հարցին պատասխանել,- Զարգանում է ինֆարկտը, մարդու կյանքին սպառնալիք կա, կատարվում է վիրահատություն: Տրամաբանությունն այն է, որ եթե մարդը գումար ունենար, ավելի վաղ քայլեր կձեռնարկեր: Եթե թողել է, և ինֆարկտն սկսում է զարգանալ, ուրեմն այդ մարդն իրոք գումար չունի, և պետությունը հոգում է նրա ծախսերը»:

Փաստացի,  Ալթունյանը հաստատել է պատգամավորի ասածը, որը քաջ հայտնի է ՀՀ ցանկացած քաղաքացու՝ պետպատվեր ստենդավորում անում են նրանց, ովքեր արդեն ինֆարկտ են ստացել: Միայն այդ դեպքում է պետությունը հավատում, որ մարդը փող չունի, հետևաբար փող չունենանակն ու ինֆարկտը  հոմանիշներ են:

Գալիք տարվանից արդեն հոմանիշներ են դառնում նաև փող չունենալն  ու անպտղությունը: Պետական բյուջեից ամբողջությամբ հանվել է   անպտուղ զույգերին արհեստական բեղմնավորման հարցում աջակցություն ցույց տալու հոդվածը:

Այս հարցը ևս բարձրացրել է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ գումարը մեծ չէր՝ ընդամենը 78 միլիոն դրամ, որը կարելի էր ոչ միայն չկրճատել, այլեւ կրկնապատկել, ե և նույնիսկ քառապատկել: Իսկ ինչո՞ւ է վերացվել ծրագիրը: Նախարարի պատասխանը ուղղակի ապշեցնող է.  «Ծրագիրը վերացվել է, որովհետեւ անհնար է գտնել այն զույգին, որին պետք է օգնել: 78 միլիոն դրամը Հայաստանի պայմաններում շատ քիչ է եւ տեղիք է տալիս թե սուբյեկտիվիզմի, թե անարդյունավետության: Երբ որ կարողանանք երաշխավորված, օբյեկտիվ մոտեցման սկզբունքներ կիրառել, մենք կմտածենք այս ծրագրերի վերակենդանացման մասին»,- պատասխանել է Լևոն Ալթունյանը:

Այսինքն՝ մարդը առանց բարդույթի խոստավանում է, որ անկարող է դիմակայել կոռուպցիոն  ճնշումներին և արդարմիտ մոտեցում ցուցաբերել, ուստի որոշել է  առաջնորդվել  «չկա գլուխը, չկա նաև գլխացավը»,- սկզբունքով:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: