Բանակից խուսափած 27 տարեկանների առաջ դռները փակվում են. ՊՆ-ն առաջարկում է շանս տալ

Nov 06, 2017 Comments Off on Բանակից խուսափած 27 տարեկանների առաջ դռները փակվում են. ՊՆ-ն առաջարկում է շանս տալ

Այսօր ԱԺ Պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց ուշագրավ նախագիծ՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու:

Այն հեղինակել են մի խումբ պատգամավորներ՝ Գալուստ Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Վահե Էնֆիաջյանը, Աղվան Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը:

Նրանք առաջարկում են պարտադիր զինծառայություն չանցած, արտերկրում գտնվող, 27 տարեկանը լրացած երիտասարդներին այս անգամ էլ հնարավորություն տալ վճարում կատարել եւ ազատվել հետախուզումից:

Բայց այս անգամ, ի տարբերություն օրենքում առկա ժամկետների երկարացման մյուս բոլոր նախագծերի, առաջարկվում է նախ ամեն զորակոչի համար վճարել մի քանի անգամ ավելի բարձր գին՝ 500 հազար դրամ, բացի այդ, առաջարկվում է օրենքով ամրագրել, որ այլեւս հնարավորություն չի տրվելու երկարացնել ժամկետ, այսինքն, սա վերջին հնարավորությունն է՝ բանակում ծառայությունից խուսափողների համար:

Ընդ որում, այս առաջարկը ՊՆ-ինն է:
Նախկինում բոլոր զորակոչերից խուսափածը վճարում էր 1 մլն, 800 հազար դրամ, քանի որ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով էր սահմանված վճարը՝ ամեն զորակոչի համար:

Հիմա ստացվում է, որ բոլոր զորակոչերից խուսափած քաղաքացին պետք  է վճարի 9 մլն դրամ:

Նախագծի հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանն ասաց, որ 2003-ի օրենքում արդեն 8 անգամ փոփոխություն է կատարվել, բազմաթիվ մեր հայրենակիցներ վերադարձել են, ու պետք է նորից արվի փոփոխություն, որ մեր երիտասարդները վերադառնան հայրենիք:

Գործող օրենքով, բոլոր այն երիտասարդները, որոնց 27 տարեկանը լրացել է մինչեւ 2015-ի մայիսի 1-ը, կարող էին գալ, վճարել եւ ծառայությունը համարվեր իրականացված, հիմա առաջարկվում է ժամկետը դարձնել մինչեւ 2017-ի դեկտեմբերի 1-ը: Աճեմյանի խոսքով՝ «Զինծառայությունից խուսափելը չի խրախուսվում, պարզապես կան դեպքեր, որի արդյունքում երիտասարդ հասակում կամ երեխա ժամանակի մարդիկ հայտնվել են օտար երկրներում եւ հիմա ինձ եւ շատ պատգամավորների մեծ քանակով զանգեր են լինում, նամակներ ենք ստանում, փաստվում է  այն հանգամանքը, որ այս մարդիկ սպասում են փոփոխության»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: