ԱՄՆ դեսպանատունը՝ հակադարձում է Թանկյանին

Nov 06, 2017 Comments Off on ԱՄՆ դեսպանատունը՝ հակադարձում է Թանկյանին

ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է տարածել Հայաստանում «Մոնսանտո» հայտնի ընկերության կողմից հնարավոր ներդրում կատարելու մասին տարածված տեղեկությունների կապակցությամբ:

«Որոշ մարդկանց հետաքրքրում է, թե որն է դեսպանատան դերը «Մոնսանտո»-ի արտադրանքի ներկայացման գործում: Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների ընդլայնումը Միացյալ Նահանգների համար առաջնահերթություն է։

Նոյեմբերի 1-ին Երևանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ կազմակերպվել էր գործարար համաժողով, որը միտված էր երկու երկրների միջև կոմերցիոն կապերի ամրապնդմանը՝ ագրոբիզնեսի ոլորտի ամերիկյան ու հայկական կառույցների միջև կապեր հաստատելու և ամերիկյան ընկերությունների կողմից ոլորտի վերջին տեխնոլոգիական զարգացումները ներկայացնելու միջոցով։

Համաժողովին ներկայացուցիչներ էին գործուղել երկու ամերիկյան ընկերություններ՝ «Վալմոնտը» և «Մոնսանտոն»: Վերջինիս արտադրանքը Հայաստանում վաճառվել է 2006 թվականից։

Չնայած ագրոբիզնեսի ոլորտի հայկական և ամերիկյան ընկերությունների հանդիպման այս հարթակն ապահովվել էր ԱՄՆ դեսպանատան կողմից, սակայն ամերիկյան ընկերությունների արտադրանքից ու ծառայություններից օգտվելու կամ չօգտվելու մասին որոշումներն ի վերջո կայացնելու են Հայաստանի ֆերմերները և ագրոբիզնեսի ոլորտի ընկերությունները», – նշված է ԱՄՆ դեսպանատան պարզաբանման մեջ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ աշխարհահռչակ հայազգի ռոքեր, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կոչ անելով Հայաստանին ու դրա բնակիչներին հեռու մնալ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների արտադրական ոլորտի «հսկա» հանդիսացող Monsanto ընկերության արտադրանքից:

Հայտնի է, որ ընկերությունը բույսերի բիոտեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային առաջատարն է: Այն արտադրում է գյուղատնտեսական նշանակության ապրանքներ՝ եգիպտացորենի, սոյայի, բամբակի՝ գենետիկորեն մոդիֆիկացված սերմեր, դուստ թունաքիմիկատներ, ինչպես նաև աշխարհում ամենատարածված հերբիցիդը՝ «Ռաունդափը»-ը:

Թանկյանի խոսքով՝ կան բազմաթիվ ապացույցներ առ այն, որ Monsanto-ի հեղուկացիրները թունավորում են շրջակա միջավայրը՝ ոչնչացնելով մեղուներին:«Նրանց՝ գենետիկորեն ձևափոխված արտադրանքը վերջ է տալիս մաքուր, օրգանական սննդին: Դրանք վնասակար են ձեր առողջության համար ու ահավոր համ ունեն: Թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայում Monsanto-ն իր գործելաոճի համար հայտնի է որպես «չարիքի կորպորացիա»: Երբ ես այստեղ եմ՝ Հայաստանում, կծում եմ խնձորն ու զգում, որ այն մաքուր է, խրթխրթան ու համեղ: Խնդրում եմ, թույլ տվեք, որպեսզի դա այդպես էլ մնա: Monsanto-ի պատճառով ես այսպիսի խնձորներ չեմ կարողանում գտնել ԱՄՆ-ում»,-գրել էր Թանկյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: